Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության առևտրի նախարարական առաջին հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մայիսի 7-ին Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն) տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության առևտրի նախարարական առաջին հանդիպումը, որն անցկացվել է Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության հովանու ներքո:

Հանդիպումը համանախագահել են ԵՄ Առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:  Հանդիպմանը մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուսիա) և ԵՄ անդամ երկրների պաշտոնական պատվիրակությունները:

Հանդիպմանը մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Արևելյան Գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ և Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացի շրջանակներում նախարարական հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ԵՄ և Արևելյան գործընկերության (ԱԳ) երկրների ընթացիկ առևտրային հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև  քննարկել են ապագա համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով ԱԳ մասնակից երկրների նախընտրությունները ԵՄ հետ առևտրային հարաբերություններում:

Ներկայացվել և քննարկվել են երկրներում ընթացող տնտեսական բարեփոխումների իրականացման և արդիականացման գործում հնարավոր հետագա աջակցության և փոխհամագործակցության հարցեր:

ԵՄ նախագահությունը և Եվրոպական հանձնաժողովը վերահաստատել են ԵՄ պատրաստակամությունը՝ խորացնելու և ամրապնդելու տարբերակված առևտրային հարաբերություններ ԱԳ երկրների հետ:




Լրահոս