«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն որոշել է, թե գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երբ պետք է ներկայացնի դատախազության հաշվետվությունը: Դա թերեւս տեղի կունենա հաջորդ քառօրյայում՝ մայիսի 18-21-ին: Դատախազությունում ակտիվորեն պատրաստվում են ԱԺ գնալուն, կանխատեսում են բոլոր հնարավոր խայթոցները, լրագրողների «հարձակումները» եւ պատասխաններ են պատրաստում:
Գուցե Հիմնադիր խորհրդարանի անդամների ազատ արձակմամբ, Գոհար Ենոքյանի խափանման միջոցի փոփոխությամբ Կոստանյանի «հոգսերը» մի քիչ թեթեւանան, թեեւ բուռն քննարկումների եւ սուր հարցադրումների պակաս չի զգացվի, դեռ արդիական են Շանթ Հարությունյանի, Ավետիսյանների սպանության դեպքերը, Սուրիկ Խաչատրյանի որդու միջադեպը: Նշենք, որ առաջին անգամ է ԱԺ-ում դատախազության հաշվետվությունը լսվելու: Ասել է թե՝ առաջիկայում Գեւորգ Կոստանյանը ստիպված կլինի քաղել իր իսկ դրսեւորած «դեմոկրատիայի» պտուղները` ներկայացնել դատախազության տարեկան հաշվետվությունը, որից ժամանակին խուսափում էր Աղվան Հովսեփյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: