Հակոբ Հակոբյանը՝ իր կալանավորման և որդու դեմ տարվող քննության կապի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ասաց, որ 169 միլիոն դրամ է վճարել ֆինանսների նախարարությանը, ինչի արդյունքում իրեն չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել: Նախկին պատգամավորը հայտնեց, որ չգիտի, թե ինչ կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմի ճակատագիրը, փոխարենը նոր ֆիլմի սցենար է պատրաստում, որտեղ Քրիստոսն է լինելու:

Ինչպես նկատում ենք՝ իշխանությունները ապրիլի 24-ին ընդառաջ կալանավորված անձանց մեկը մյուսի հետեւից ազատ են արձակում: Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ազատ արձակվեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, իսկ, ահա, օրերս էլ ազատ արձակվեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը:

Այն, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին կալանավորեցին քաղաքական գործունեության համար, գաղտնիք չէ: Իշխանությունները ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումներն անխոչընդոտ անցկացնելու համար ՀԽ անդամներին տարբեր հիմնավորումներով փակի տակ պահեցին: Իսկ, ահա, փետրվարի 2-ին պետությանը խոշոր վնաս պատճառելու, ապօրինի ձեռնարկատիրության եւ գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու հիմքով կալանավորված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ իշխանությունների անբարեհաճությունն, ըստ ամենայնի, պայմանավորված էր ռեժիսոր-գործարարի ոչ այնքան հաջողված ստեղծագործական պոռթկմամբ:

Նկատենք, որ չնայած նախկին պատգամավորի եւ ֆինանսների նախարարության միջեւ ֆինանսական վեճը վաղուց կար, սակայն Հ. Հակոբյանին կալանավորեցին միայն այս փետրվարին` այն բանից հետո, երբ ներկայացվեց վերջինիս հեղինակած «Հիշողություն» ֆիլմը, որի փակ դիտումներից ստացված արձագանքները, մեղմ ասած, հուսադրող չէին: Եվ այս ֆիլմի` մեծ շուկա հանելը կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող ՀՀ իշխանությունների համար: Առավել հետաքրքիր էր, սակայն, Հակոբյանի` կալանավորումից առաջ արած մեկ այլ քայլ. նա հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է նաեւ հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին ֆիլմ նկարահանել: Ահա, հենց այս հայտարարությանը հետեւած ձերբակալությունը շատերը որակեցին որպես նորահայտ ռեժիսորի ստեղծագործական պաթոսը զսպելուն ուղղված կանխարգելիչ քայլ:

Եվ հիմա շատ հետաքրքրական է, թե նախկին ՀՀԿ-ական պատգամավորն իշխանությունների հետ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել, որի արդյունքում ազատ է արձակվել: Այս հարցի եւ իր հետ կատարված վերջին իրադարձությունների շուրջ «Ժողովուրդը» զրուցել է Հակոբ Հակոբյանի` Ճոյտի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, հայտնի էր, որ Ձեր եւ ֆինանսների նախարարության միջեւ լուրջ խնդիրներ կային, սակայն Ձեր կալանավորումը տարօրինակ կերպով նախորդեց Հայոց ցեղասպանության մասին Ձեր նկարած ֆիլմի շնորհանդեսին: Արդյո՞ք դա պատահականություն էր, շատերը դա կապեցին հենց Ձեր հեղինակած ֆիլմի հետ: Ավելին՝ տեսակետ կա, որ Ձեր ձերբակալության որոշումը որոշակի կապ ուներ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու Ձեր մտադրության հետ: Ինչպիսի՞ն է այս ամենի շուրջ Ձեր մեկնաբանությունը:

-Այս երկու դեպքերը չեմ կապում իրար հետ, քանի որ ֆինանսների նախարարության կողմից ակտը իմ ՍՊԸ-ի դեմ գրվել էր դեռեւս 2014թ աշնանը, այսինքն՝ երբ ակտը գրվում էր, մեր ֆիլմի մասին դեռ անգամ խոսակցություն չկար: Պարզապես մեր հաշվապահը հարկային տեսչություն ներկայացրած փաստաթղթերի մասով սխալվել էր, եւ սխալ հաշվարկների արդյունքում առաջացել էին հարկեր: Մենք բողոքարկեցինք այդ ակտը դատարանում եւ հիմա վիճարկում ենք այդ հարցը: Նշեմ, որ եթե հարկային պարտավորությունը մեկ միլիոն դրամից ավել է, կարող են քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել:

-Բայց երբ Ձեզ կալանավորեցին, զարմանալի կերպով անհետացավ նաեւ Ձեր նկարահանած ֆիլմի տեսագրությունը:

-Ես ինքս եմ ասել, որ ֆիլմի ընթացքը ժամանակավորապես դադարեցրեք, քանի որ հազար ու մի գործ կար անելու` ռեկլամներ ու նման այլ բաներ, բայց քանի որ ինձ կալանավորեցին, ո՛չ հավես կար, ո՛չ տրամադրություն ու ո՛չ էլ այդ գործով զբաղվող, ես անձամբ էի ուզում այդ ամենով զբաղվել: Այդ ամենը հաշվի առնելով՝ ասացի, որ ֆիլմը շրջանառությունից ժամանակավորապես դուրս հանեն:

-Իսկ ինչպես որոշվեց Ձեզ ազատ արձակել:

-Որոշել էինք, որ այն գումարները, որոնք առաջադրվել էին իմ դեմ, վճարենք ու պարզ ճակատով ներկայանանք ժողովրդին: Մայիսի 4-ին վճարեցինք 169 միլիոն դրամ, եւ մեր նկատմամբ հետապնդումը դադարեցվեց: Այս մասին ես շատ եմ մտածել, շատ անալիզներ եմ արել, որ հասկանամ՝ ինչի հետեւանք էր այս ամենը, բայց հասկացա, որ այս դեպքերը կապ չունեն իրար հետ:

-Այդ դեպքում Ձեր ազատ արձակումից հետո ինչ է լինելու «Հիշողություն» ֆիլմի ճակատագիրը, պատրաստվում եք, ի վերջո, շնորհանդեսը իրականացնել:

-Ավելի լուրջ մի ֆիլմի մասին ենք մտածում, չափից ավելի լուրջ, նոր գաղափարի մասին է, որը ամբողջ աշխարհին կհետաքրքրի :

-Ինչի՞ մասին է:

-Չէի ցանկանա հիմա ասել: Կրոնական, հայ եկեղեցական ֆիլմ է լինելու, Քրիստոսն էլ կա ֆիլմի մեջ, հիմա այդ սցենարն ենք պատրաստել, օգտվել ենք Աստվածաշնչից, մասնագետների, պատմաբանների, աստվածաբանների հետ պետք է հանդիպենք եւ քննարկենք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել, քանի որ դա այնպիսի ֆիլմ է, որ ամբողջ աշխարհին կհետաքրքրի:

-Իսկ հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմը ո՞ւր մնաց, էլ չասենք «Հիշողություն» ֆիլմի մասին:

-Մենք հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմի սցենար չենք ունեցել, ուղղակի նկարահանումների ժամանակ մեր ռեժիսյորները ուզում էին այնպիսի ֆիլմ նկարահանել, որ սենսացիա լինի, ու իրենք էին առաջարկում, որ նման ֆիլմ նկարահանենք, բայց անգամ սցենար չունեինք: Ավելին՝ նման հազար ու մի բան էին առաջարկել: Իսկ «Հիշողություն» ֆիլմը, տեսնենք, ընդամենը մի քանի ժամ եմ ազատության մեջ, տեսնեք՝ արդյո՞ք հասարակությունը սպասում է, թե ոչ:

-Իսկ կարո՞ղ է որպես ազատ արձակման պայման Ձեր առջեւ դրվել է նաեւ կոնկրետ այդ եւ հետագա ֆիլմերի գաղափարներից հրաժարվելը:

-Ո՛չ, ո՛չ, ամենայն ազնվությամբ, այդպիսի խոսակցություն չի եղել, եւ հետո այդ ֆիլմը հակահայկական քարոզչություն չի արել, եւ մենք չենք քննադատել որեւԷ կրոնի: Ինքը մի փոքր քաղաքականացված ֆիլմ էր` նախկին ներկա եւ ապագա քաղաքական ուղղվածության մասին, սա էր ամբողջը:

-Միգուցե հենց քաղաքականացված լինելն էր պատճառը, որ ճաղերի հետեւում հայտնվեցիք:

-Չէ, մենք ով ենք, որ մեր պետության, մեր պատմության դեմ որեւէ բան անենք, մենք առաջին հերթին մեզ թույլ չենք տա, դա նույնն է, որ գնաս, ծառայես թուրքին:

-Չնայած Դուք վստահեցնում եք, որ սա Ձեր դեմ իշխանությունների կողմից ուղղորդված գործողություն չէր, այնուամենայնիվ, իրադարձությունների շղթան այլ բան է հուշում: Ձեր կալանավորումից որոշ ժամանակ անց Ձեր որդուն առեւանգման մեջ մեղադրեցին, եւ ներկա պահին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի բաժնում քննություն է գնում:

-Չէ, որեւէ բան չկա, սկզբից էլ բան չի եղել: Ուղղակի ինձ ձերբակալելու օրը մարդիկ կային, որ կապ ունեին այդ ձեռնարկության հետ, եւ տղաս ասել էր` գնացեք, պախկվեք, թե չէ ում առեւանգեինք, ինչի համար առեւանգեինք, մենք այդ մարդիկ չենք:

Քնար Մանուկյան




Լրահոս