Երգիչ Արամոն, ով վերջին շրջանում վերադարձել է իր նախնական մասնագիտությանը` դերասանությանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ իր կինը` Էմմա Պետրոսյանը, նոր պիես է գրում, եւ այդ նոր նախագծում մասնակցություն է ունենալու նաեւ ինքը: Արամոն անդրադարձել է նաեւ այսօրվա երգարվեստին, շոու-բիզնեսին եւ նշել, որ զերծ է մնում «գլամուրային կյանք»-ից:
-Արամո՛, երկար ժամանակ Ձեր առաջին մասնագիտությունը «քնեցրել էիք»: Հիմա, երբ վերադարձել եք դերասանությանը, Ձեզ ի՞նչ նոր նախագծի շրջանակում ակնկալենք տեսնել:
-Այո՛, տեւական ժամանակ էր` այն «քնած էր», ամեն դեպքում, թատրոնը շատ եմ սիրում եւ պետք է Ձեզ համար մի փոքր բացեմ փակագծերը. կինս` Էմմա Պետրոսյանը, նոր պիես է գրում, որը, հավանաբար, ինչպես «Սեւ, դառը շոկոլադ»-ի դեպքում եղավ, կբեմադրի Սուրեն Շահվերդյանը: Պիեսը համամարդկային արժեքներ կրող հայի կերպարի մասին է, այն մտածելու տեղիք կտա հանդիսատեսին: Ուզում եմ անպայման նշել, որ մենք շատ լավ հանդիսատես ունենք, եւ որ վերջինս կարոտ է ինտելեկտուալ ներկայացման:
-Ի դեպ, հիշում ենք Վարդան Պետրոսյանի հետ Ձեր ներկայացումը… Որքանով տեղյակ ենք՝ միմյանց հետ մտերիմ եք եղել. հետեւո՞ւմ եք նրա դատական գործի ընթացքին:
-Իհարկե, հետեւում եմ: Շատ կցանկանայի, որ համաներում լիներ, եւ նրան ազատ արձակեին: Ի վերջո, շատ ավելի ծանր հանցագործություններ արած մարդկանց են համաներում շնորհում: Բնականաբար, շատ ցավալի բան է կատարվել, բայց պետք է հիշել, որ Վարդանը ստեղծագործող տղա է, շատ նուրբ հոգի ունի, պետք է գոնե հոգեբանորեն չճնշել նրան, միեւնույն է, նա արդեն պատժված է:
-Անդրադառնալով դերասանի Ձեր գործունեությանը` պետք է նկատենք, որ, ի տարբերություն ներկայացումների, գեղարվեստական ֆիլմերում վերջերս հանդես եք գալիս հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կերպարներով: Այդ դերերո՞ւմ էլ եք Ձեզ հարմարավետ զգում:
-Դերասանն իրեն ամեն կերպարում էլ պետք է փորձի, լինի դա հանցագործ, թե թմրամոլ, բժիշկ թե հոգեբան: Ամեն դեպքում, ինքս հաճախ ռեժիսորների հետ զրույցում նշում եմ, որ սիրով կխաղայի լիրիկական, դրամատիկ կերպարներ…
-Ճիշտ է` դերասանական ոլորտում Ձեր գործունեությունն ակտիվացրել եք, բայց փոխարենը երգարվեստի ասպարեզում, կարծես, այն պասիվացրել եք: Եվ հետո, որքանով նկատել ենք, այսպես ասած, «գլամուրային» միջոցառումներին էլ չեք ներկայանում:
-Այսօրվա «երգիչ-երգչուհիկներ»-ը դեռ բարուրի մեջ էին, երբ մեր եւ մեզնից առաջվա սերունդը ներկայացնում էր որակյալ երաժշտություն եւ բարձաճաշակ երգարվեստ: Ցանկալի կլիներ` մեր սերնդի շարունակողներն էլ լինեին, բայց այդ շարունակողներին տեսնում եմ երկու-երեք հոգու մեջ, որոնք տալիս են որակյալ արտադրանք: Իսկ երբ այգու մեջ բլոճներ են մտնում, սկսում են բույսերը ոչնչացնել: Բայց դրա համար էլ կա հակաթույն, որը մեր սերնդի ներկայացուցիչների ստեղծագործության արդյուքն է:
Այսօրվա «շոու-բիզնեսիկները» եթե քթի ծակ ունենան, «անջիգյար յար»-ի, «կյանքս-ջանս»-ի պես ախմախ բաներ քիչ կերգեն, մի քիչ իրենց կարոտել կտան: Իսկ ինչ վերաբերում է «գլամուրային միջոցառումներ»-ին, ապա` այո, ես շատ հեռու եմ դրանցից, այդ միջավայրում չեմ գտնում այն մթնոլորտը, որն իմն է: Իսկ իմ ստեղծագործական դադարը նորմալ եմ համարում: Բայց մի բան էլ ասեմ` Էմմա Պետրոսյանը վերջերս փայլուն համերգ ունեցավ Կամերային նվագախմբի հետ, մենախոսության երեկո էր, սակայն ոչ մի լրատվամիջոց չլուսաբանեց այն: Մեկ այլ համերգ էլ լինելու է հունիսին, ես էլ եմ ներկա լինելու: Իսկ հեռուստաընկերությունները լուսաբանում են իրենց ճղճիմ շոու-բիզնեսցի «երգիչ-երգչուհիկներին», որոնց հետ ես չեմ կարող նույն հարթության վրա լինել. մեր «ձիաուժերը» տարբեր են: Ի դեպ, ինքս արդեն 30 տարի է` բեմում եմ եւ ցանկություն ունեմ այդ առիթով համերգ ունենալ…
-Ձեր եւ Էմմա Պետրոսյանի որդին, ով եւս երաժիշտ է, այժմ Գերմանիայում է: Ինքներդ նրա ապագան որտե՞ղ եք տեսնում:
-Որտեղ ինքը որոշի: Նա շատ է սիրում Հայաստանը, Երեւանը: Այնուամենայնիվ, ես կցանկանամ, որ նա ուսումը շարունակի Գերմանիայում, այնտեղի միջավայրին ինտեգրվի, դրսում կապեր ձեռք բերի, իսկ Հայաստանից նրան ոչ ոք չի կտրում: Կարծում եմ` դասական երաժշտության ոլորտի մարդու համար ավելի ճիշտ է այնտեղ մնալը, ուսումը շարունակելը, ստեղծագործելը, նաեւ իր հայրենիքին պիտանի լինելը:
Աննա Բաբաջանյան
Լուսանկարը` bravo.am-ի