Այս տարվա առաջին եռամսյակի պաշտոնական տվյալներով, որոնք հրապարակվել են նախօրեին, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը, այսինքն՝ արտահանումը եւ ներմուծումը միասին վերցրած, նվազել է 29,5 տոկոսով: Անցած տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել էր 1 միլիարդ 322 միլիոն 518 հազար 600 դոլար, իսկ այս տարվա ցուցանիշը կազմել է 945 միլիոն 142 հազար դոլար: Ընդհանուր անկումը կազմել է 377 միլիոն 376 հազար 600 դոլար:
Ուշագրավն այն է, որ անկում է արձանագրվել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման դեպքում: Այս փաստն ինքնին տխուր է, քանի որ այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքները երբ ուսումնասիրում էինք, ակնհայտ էր, որ ապրանքաշրջանառության ընդհանուր անկումը հիմնականում պայմանավորված էր արտահանման ծավալների կտրուկ նվազմամբ: Սա էլ իր հերթին պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, քանի որ այս տարվա սկզբից պարզ դարձավ, որ դեպի ԱՊՀ երկրներ Հայաստանից արտահանումը կտրուկ նվազել է: Սակայն այսօր արդեն կարող ենք ասել, որ արտահանման անկումն, ինչպես նաեւ տրանսֆերտների պակասելու փաստն արդեն իսկ ազդել է նաեւ Հայաստանի գնողունակության վրա, ինչի արդյունքում ներմուծումը եւս կտրուկ նվազել է:
Մասնավորապես, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 974 միլիոն 529 հազար 300 դոլարի, այս տարի` 677 միլիոն 539 հազար 800 դոլարի ապրանք: Անցած տարվա համեմատ Հայաստանն այս տարի 296 միլիոն 989 հազար 500 դոլարով պակաս ապրանք է ներկրել, կամ նույնն է, թե անկումը կազմել է 30,5 տոկոս: Իսկ ինչ վերաբերում է արտահանման թվերին՝ 2014-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը արտերկիր է վաճառել 347 միլիոն 989 հազար 300 դոլարի ապրանք, իսկ այս տարի` 267 միլիոն 602 հազար 200 դոլարի: Ստացվում է, որ այս տարվա առաջին երեք ամիսներին միայն արտահանման մասով Հայաստան մուտք է եղել 80 միլիոն 387 հազար 100 դոլար, ինչը նշանակում է, որ անկումը կազմել է 23,1 տոկոս:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանից հիմնական արտահանվող ապրանքը հանքանյութն է, նախորդ տարիներին արտահանման թիվը հիմնականում պայմանավորված էր լինում այն հանգամանքով, թե, ասենք, տվյալ ժամանակահատվածում պղինձը միջազգային շուկայում ինչ արժեք էր ունենում: Ըստ այդմ, արտահանման աճ կամ անկում էր արձանագրվում: Սակայն այդ հանգամանքն ընդհանուր տնտեսության վրա մեծ ազդեցություն չէր ունենում:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը արհեստական շնչառությամբ պահվող մարդու պես ապրում է դրսից եկող տրանսֆերտների հաշվին եւ տնտեսության հիմնական «սնունդը» դրսից եկող փողերն են: Այսինքն՝ Հայաստանը մեծ հաշվով դարձել է միայն սպառող երկիր, որը իր զարգացման համար անհրաժեշտ քանակի ապրանք չի ստեղծում: Իսկ երկրում էլ կյանքը չի մահանում, քանի որ մեր հայրենակիցները դրսում են ապրանք, արժեք ստեղծում, դրա դիմաց ստացած գումարի մի մասն ուղարկում են Հայաստան` իրենց հարազատներին, ինչի հաշվին էլ ոչ միայն նրանք են ապրում, այլ նաեւ ողջ երկիրը: Կրկնում ենք՝ նախկինում է այդպես եղել:
Իսկ ներկայումս Հայաստանի տնտեսությունը ծանր կացության մեջ է հայտնվել, քանի որ ընդհանուր կառուցվածքը փոխվել է. գրեթե զրոյական է դարձել (90 տոկոսի անկում է արձանագրվել) դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը: Իսկ այս դեպքում հիմնական խոսքը գնում է խմիչքների, ձկնամթերքի եւ կաթնամթերքի արտահանման մասին: Մասնավորապես, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանից դեպի ՌԴ է արտահանվել 65 միլիոն 279 հազար 500 դոլարի ապրանք, այս տարի` 1 միլիոն 380 հազար դոլարի: Այսինքն՝ կարելի է ասել, որ 2015-ին Հայաստանից գրեթե ոչինչ չի արտահանվել ՌԴ եւ միայն ներկրվել է:
Արտահանման անկման հետ մեկտեղ Հայաստան եկող գումարները եւս կտրուկ պակասել են: Ինչպես արդեն հայտնի է՝ միայն առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստան եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է ավելի քան 110 միլիոն դոլարով: Այսինքն՝ Հայաստանի արհեստական շնչառությունը կամաց-կամաց անջատվում է, եւ մեր տնտեսությունը սկսում է շնչահեղձ լինել, քանի որ նրա թոքերն անցած տարիներին չեն սովորել ինքնուրույն գործել:
Նշենք, որ Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը հիմնականում արտաքին գործոններով է պայմանավորված, որոնց վերջը տեսանելի հեռանկարում չի երեւում: Ուստի ակնհայտ է, որ եթե առաջիկայում մեր տնտեսությունում հեղափոխական փոփոխություններ տեղի չունենան, մասնավորապես, լիակատար ազատականացում, ապա Հայաստանին առջեւում շատ ծանր ժամանակներ են սպասում:
Վահագն Հովակիմյան