ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի թվով ութ գյուղերի` Զորակերտի, Զարիշատի, Ծաղկուտի, Շաղիկի, Արդենիսի, Բերդաշենի, Ալվարի եւ Գառնալիճի բնակիչներն օրերս բողոքի ակցիա անցկացրին Բերդաշեն գյուղում: Բանն այն է, որ նույն մարզում գործող կաթի վերամշակման ընկերությունները գյուղացիներին տեղեկացրել են, որ մայիսի 1-ից սկսած մեկ լիտր կաթը մթերելու են 150 դրամով` նախկին 170 դրամի փոխարեն:
Դժգոհող գյուղացիների խոսքերով՝ իրենց եկամտի հիմնական աղբյուրը կաթն է, եւ իրենք կտուժեն, եթե մեկ լիտրը 150 դրամով մթերեն: Իսկ, ահա, կաթ վերամշակող ընկերություններն էլ իրենց հերթին պատճառաբանում են, որ ծախսերը շատ են, եւ նախկին գինը պահելու դեպքում իրենք իրացման հետ կապված խնդիրներ կունենան:
«Բանդիվան կաթ» ընկերության վաճառքի բաժնի տնօրեն Արման Հովակիմյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք առայժմ որոշել են կաթի մթերման գինը 10 դրամով նվազեցնել: «Մինչդեռ հանրապետության տարբեր տեղերում ընկերությունները բնակիչներից 130-140 դրամով են կաթ մթերում: Իսկ մենք 170-ից ընդամենը իջեցնում ենք 160 դրամ: Այդքան բարձր գին ոչ մի տեղ չեն առաջարկում:
Այսօր տեղական շուկայում պանիրը 300-400 դրամով էժանացել է: Ամեն մեկ լիտր կաթի տասը դրամը պանրի մեջ 100 դրամ ինքնարժեք է բարձրացնում: ճիշտ է՝ բնակիչները բողոքում են, բայց չեն պատկերացնում, որ Հայաստանում ամենաթանկ կաթն իրենք են վաճառում: Օրինակ՝ Սյունիքի եւ Լոռու մարզերում մարդիկ մեկ լիտր կաթը 130 դրամով մթերում են: Միեւնույն է՝ մեր ընկերությունն այսօր Հայաստանում կաթի մթերման բարձր գին է առաջարկում բնակիչներին: Այսօր շուկան է թելադրում՝ որքանով ապրանքը ձեռք բերես եւ որքանով այն վաճառես»,- ներկայացրեց «Բանդիվան կաթ»-ի ներկայացուցիչը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ ընկերությունն առայժմ Հայաստանից պանիր չի արտահանում: «Մտադրություն ունենք արտահանելու, բայց մեր արտադրանքի գինը ռուսական շուկայի համար բարձր է: Բացի այս, որոշակի խնդիրներ կան՝ ինչպես դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացման, այնպես էլ ռուբլու փոխարժեքի տատանումների հետ կապված: Այսօր ՀՀ-ում գործող բոլոր գործարանները ֆինանսապես լավ վիճակում չեն: Մենք էլ այս կերպ փորձում ենք գոնե վաճառք ունենալ»,- նշեց Հովակիմյանը: «Ժողովուրդ»-ը կաթի վերամշակմամբ զբաղվող ընկերության ներկայացուցչից տեղեկացավ նաեւ, որ վերջին ամիսներին պանրի ընդհանուր վաճառքի ծավալները նվազել են:
Իսկ, ահա, Ամասիա պանրի գործարանի ներկայացուցիչը, ով ներկայացավ Վարդան, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը հստակ որոշել է՝ կաթի մթերման գինը 20 դրամով են նվազեցնելու: «Ծախսերը շատ են, իսկ պանիրն էլ էժանանում է: Կաթը գնում ենք 170 դրամով, բայց պանիրը վաճառում 1700 կամ 1800 դրամով, որն էլ ընկերության ծախսերը չի փակում»,- դժգոհեց «Ամասիա» պանրի գործարանի ներկայացուցիչը:
Նշենք, որ այս ընկերությունն այս տարի արդեն հասցրել է մեկ անգամ պանիր արտահանել Ռուսաստանի Դաշնություն: «Նախորդ տարի մենք Վրաստան մի 2000 կգ պանիր արտահանեցինք, բայց չարդարացրեց: Այս տարի ՌԴ մեկ անգամ պանիր արտահանել ենք, ուղղակի այստեղ էլ գումարները ուշ են վերադարձնում եւ աշխատում են ռուբլիով, որը նույնպես խնդիրներ է առաջացնում մեզ համար»,- տեղեկացրեց նա:
Բերդաշենի գյուղապետ Համբարձոււմ Ախցխեցյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մարզպետը տեղյակ է խնդրին եւ բանակցություններ է վարել գյուղատնտեսության նախարարի տեղակալների հետ: Արդյունքում՝ երեկ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանն այցելել է Բերդաշեն եւ հանդիպել բնակիչների հետ: Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ այս խնդիրը կլուծվի միայն բնակիչների եւ կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների փոխզիջման արդյունքում: «Բնակիչներն իրենք իրենց պահանջներն են դնում, իրենք պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն միայն վերամշակող ընկերությունների հետ:
Շուկայական հարաբերություններ են, պետք է իրենք իրար հարմարվեն»,- փոխանցեց փոխմարզպետը:
Հ.Գ. Թեեւ պանիր արտադրող ընկերությունները պնդում են, որ տեղական շուկայում պանրի գինը 300-400 դրամով էժանացել է, սակայն դա նկատելի չէ խանութներում եւ սուպերմարկետներում, որտեղ գնային նման փոփոխությունները բացակայում են:
Սյունէ Համբարձումյան