ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՆ Է ԴԻՄՈՒՄ ՉԳՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության դեմ ճնշումներին կամ սպառնալիքներին չի հավատում եւ կատարվածը համարում է կուսակցության կողմից իրականացված «փիար» քայլ:

Նկատենք, որ չնայած մի խումբ միջազգային դիտորդական խմբեր մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունները համարեցին միջազգային չափանիշներին համապատասխան եւ ժողովրդավարության լավագույն դրսեւորում, այնուամենայնիվ, armlur.am-ի հետ զրույցում ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ասել էր, որ նախընտրական քարոզչության շրջանում մի շարք դժվարությունների են հանդիպել եւ այնքան էլ գոհ չեն ընտրությունների արդյունքներից: «Բազմաթիվ անգամ մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ հատկապես ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մեր համակիրների վրա կատարվել են ճնշումներ: Կարող ենք փաստել, որ ազգային անվտանգության ծառայությունն Արցախում իր ամբողջ ուժը կիրառել է մեր կուսակցության դեմ` մեր համակիրներին ճնշելու, թուլացնելու համար»,- հայտնել էր Խանումյանը:
Ավելին՝ նշենք, որ կուսակցության նախագահը հնչեցրել էր կոնկրետ անուն՝ ԱԱԾ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Աշոտ Գրիգորյան: Վերջինս հանդիպելով կուսակցության համակիրներին՝ զգուշացրել էր նրանց, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության օգտին չպետք է աշխատեն: Ըստ կուսակցության նախագահի հայտարարության՝ անգամ ԱԱԾ աշխատակիցները ձեռնամուխ էին եղել իրենց կուսակցության համակիրներից Էրիկ Օսիպյանին Արցախից հեռացնելուն՝ «հոգալով» արտերկիր մեկնելու նրա ծախսերը: Պարզ ասած՝ իշխանությունները քաղաքացուն վտարել էին երկրից՝ նրա քաղաքական դիրքորոշման համար:
Ինչո՞ւ է լռում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ Հայրապետյանն ասաց, թե չի հավատում կուսակցության անդամների նկատմամբ հնչեցված սպառնալիքներին. «ՄԻՊ-ը որեւէ ընթացք չի տվել կուսակցության անդամների հայտարարություններին, եւ կասեմ, թե ինչո՞ւ ընթացք չեմ տվել, քանի որ որեւէ բողոք այդ մարդկանցից չենք ստացել: Եթե իրենց ասածը լուրջ լիներ, ապա իրենք մեզ կդիմեին, որ մենք որեւէ կերպ օգնեինք իրենց: Եթե մի կուսակցություն իր շտաբը տեղափոխում է մի շենքից մյուս շենք, ապա անկախ ամեն ինչից՝ այդ հետապնդումը պետք է շարունակական լիներ: Օրինակ՝ երկրորդին էլ պետք է սպառնային, եւ այսպես շարունակ, լոգիկան դա է ենթադրել տալիս: Բայց նման բան չկա: Ի վերջո, մարդիկ մեզ չեն դիմել, ուստի այս ամենը ինձ համար հիմք է տալիս ենթադրելու, որ սա փիար էր, որը օգտագործվում է բոլոր ընտրությունների դեպքում»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք մամուլում հրապարակված տեղեկությունները հիմք չեն օմբուդսմենի համար՝ պաշտպանելու կուսակցության անդամների իրավունքները, Յուրի Հայրապետյանը պատասխանեց. «Միայն հայտարարություն անելով չէ, պետք է փաստեր լինեն: Ի վերջո, իրենք պետք է համապատասխան մարմինների էլ դիմեին՝ դատախազություն, ոստիկանություն, եւ եթե անգամ ակնկալիք չունեին, որ իրենց օգտին կլուծվի այս հարցը, ապա պետք է դիմեին»:
Յուրի Հայրապետյանը նշեց նաեւ, որ անգամ հրապարակումների իսկությունը պարզելու համար փորձ չի արել զրուցել ԼՂՀ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի հետ. «Եթե ԱԱԾ պետը ես լինեի, ու որեւէ մեկը զանգահարեր այս սպառնալիքների հարցով, ես ինձ վիրավորված կզգայի, քանի որ առաջին հերթին ինչպես կարող է ՄԻ պաշտպանը հավատալ չստուգված լուրերին ու մի հատ էլ փորձել հասկանալ՝ նման բան եղե՞լ է, թե ոչ: Կրկնում եմ՝ եթե ինձ դիմած լինեին, ես՝ որպես պաշտպան, պարտավոր էի դիմել ցանկացած մարմնի եւ ասել, որ նման խնդիր կա, հիմա էլ եմ պատրաստ ընդունել բողոքը եւ դիմել համապատասխան մարմիններին»:
Ինչո՞ւ կուսակցության անդամները չեն դիմել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանին, արդյո՞ք վստահության պակասն է խնդիրը: Այս հարցը պարզելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ: «Դրանց դիմենք, որ ինչ, ի՞նչ հարց են լուծել, որ մի հատ էլ մենք դիմենք: Այդ ինստիտուտը գոյություն չունի, պետական բյուջեի փողերը մսխող ինստիտուտ է: Բերձորի դեպքերի հետ կապված Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես դիմեց, որ մարդկանց իրավունքները պաշտպանեն, ի՞նչ արեցին այդ մարդկանց համար, որ մեր համար անեն: Դատախազությանը դիմում տվել ենք, թող զբաղվեն, կզբաղվեն թե չէ, իրենք գիտեն: Մենք այլ մեխանիզմներ կստեղծենք, որ այս դեպքերն այլեւս չլինեն, իսկ այդ մեխանիզմը հասարակության ուժեղացումն է»,-պարզաբանեց Արցախի նորընտիր խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՋԱՆՖԻԴԱՑԻ

ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԾԵԾԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 1-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում երկու բարեկամներ լուրջ վիճաբանել են, եւ դեպքի վայր է ժամանել գյուղապետ Ռաֆիկ Եղիազարյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` բնակիչներից Տիգրանը ծեծի է ենթարկել իր բարեկամ, Ջանֆիդա համայնքի դպրոցի պահակին` Ադամին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ջանֆիդա համայնքի ղեկավար Ռաֆիկ Եղիազարյանը հայտնեց, որ Տիգրանի եւ Ադամի միջեւ կռիվը սկսել է ջրից.«Կանալի ջուրը հելել, լցվել է փողոցը ու փողոցով մեկ ցեխ է սարքել, ու դրա համար սկսել են վիճել: Գնացել եմ, հանգստացրել եմ երկուսին ու հետ եմ վերադարձել, ամեն ինչ կարգին է, հանգիստ եղե՛ք»:
Ի դեպ, ծեծի ենթարկված դպրոցի պահակ Ադամի վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ վերջինս հայտնել է, թե իր ցուլիկն է հարվածել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ծեծի է ենթարկվել:

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՖԱԲՐԻԿԱՆ
«Լուսակերտ Բիոգազ Փլանթ»-ն, որը գործում է Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում եւ ստացված թռչնաբուծական, կենդանական թափոններից արտադրում է էլեկտրաէներգիա, օրգանական պարարտանյութ, տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մարտի 20-ին որոշում է կայացվել հայտարարագիրը սահմանված ժամանակում մաքսային մարմին չներկայացնելու համար 50 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել ՍՊԸ-ի տնօրեն Անժելա Մանուկյանին: Նշենք, որ գործարանի հիմնադիրներից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանն է:

 

ԱՆՊԵՏՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքի մի խումբ բնակիչներ, պարզվում է, դիմել են ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ու խնդրել, որ այդ կառույցը կազմակերպի իրենց քաղաքի Գնունու փողոցում գտնվող նախկին առողջության կենտրոնի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն էլ տեղի տալով ախթալացիների խնդրանքներին՝ որոշել է քանդել նշված շենքը եւ համապատասխան նախագիծը ներկայացրել է Կառավարության այսօրվա նիստի հաստատմանը: Ի դեպ, այն, որ բնակչության խնդրանքով են ցանկանում քանդել, նշված է նախագծի կից հիմնավորումներում, թե իբր մենք մեղավոր չենք, իրենք են ուզում: Նշենք նաեւ, որ շենքի ապամոնտաժումից առաջացած ողջ շինանյութը կմնա այն ընկերությանը, որը կիրականացնի քանդման աշխատանքները:

 

ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան: Այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 

ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԼԻՍԿԱՅԻՆ
Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանը վստահ է, որ օրերս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը մեսիջ է` ուղղված Լիսկայից իրեն, քանի որ ծեծի արդյունքում տուժածն իր մտերիմ ընկերն է:
«Ես ուզում եմ Սուրիկ Խաչատրյանին վերջին անգամ զգուշացնել, որ եթե հաստատվեց իր կամ որդու մասնակցությունն այս դեպքին, պատիժը լինելու է խիստ եւ համարժեք»,-«Առաջին լրատվական»-ին ասել է Կարապետյանը:

 

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Երեւանի «Օրհուս» կենտրոնում տեղի ունեցած Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ անկախ փորձագետների քննարկման ընթացքում էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը մտահոգություն է հայտնել, որ հանքի շահագործման դեպքում Ջերմուկի ջրերի բուժիչ հատկությունը կխաթարվի եւ զբոսաշրջության զարգացման ծրագրերը հնարավոր չի լինի իրականացնել: Ըստ նրա՝ Ամուլսարի հանքի շահագործմամբ խախտվում են ՀՀ Սահմանադրությունը, հողային եւ ջրային օրենսգրքերը: Հիշեցնենք, որ այս հանքավայրի հետ է կապվում ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի եւ ապրիլի 24-ին Թուրքիա այցելած եւ Գալիպոլիի միջոցառումներին մասնակցած Ուելսի արքայազն Չարլզի անունը:

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Անդրադառնալով ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու բացասական հետեւանքներին` «ՄԱՆԵ» միջազգային էկոլոգիական կազմակերպության ներկայացուցիչ, էկոլոգ Դոլորես Ղափանցյանը հայտարարել է, որ բնական ֆոլաթթուն՝ որպես վիտամին B9, օրգանիզմում չի կուտակվում: «Պարզել է, որ մոտավորապես 23-25%-ով մանկական ասթմաները շատ են այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ընթացքում ընդունել են ֆոլաթթու: Նորվեգիայում կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ այն տղամարդիկ, որոնց մոտ սրտանոթային հիվանդություններից մահացությունը 43% է կազմել, օգտագործել են ֆոլաթթվով հարստացված ալյուր»:




Լրահոս