«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԴԵՌ ՎԻՃԵԼԻ ԿԵՏԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցողը Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էր, ով ներկայացրեց օրենքում նախատեսվող փոփոխությունները: Նա նշեց, թե Կառավարությունը օրենքը փոփոխելիս փորձ է արել ընդգրկել այն առաջարկությունները, որոնք ներկայացրել են ՀԿ-ները եւ պատգամավորները:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, թե առաջարկ է եղել ոսկերչական իրերի առեւտրով զբաղվողների համար առանձին նորմեր սահմանել, որոնք կներկայացվեն հաջորդ քառօրյայում: Որպես փոփոխություն առաջարկվել է, որ շրջանառության հարկով աշխատողների ծախսերը հիմնավորող փաստաթղթի հիմք հանդիսանան նաեւ ՀԴՄ կտրոնները: Նախարարի ներկայացմամբ` այն ՀԴՄ կտրոնները, որոնք կպարունակեն ապրանքատեսակի անվանումը եւ գնորդի անունը, կհամարվեն հիմնավոր փաստաթուղթ:
Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն առաջարկել էր, որ շրջանառության հարկ վճարելու շեմը դառնա 150 մլն` 115 մլն-ի փոխարեն, ինչը սակայն չի ընդունվել: «Մենք այս առաջարկը չենք ընդունել` հաշվի առնելով, որ 116 մլն-ից սկսած առավել ձեռնտու է ԱԱՀ-ի ռեժիմում աշխատելը: Ընդունվել է 115 մլն շեմը: Միեւնույն ժամանակ Թեւան Պողոսյանն առաջարկել է, որ 3 տարի նորմերը չփոխվեն, այդ առաջարկն ընդունվել է», – նշեց Ճշմարիտյանը:
Ապա խմբագրված նախագծի մասին ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով լրացուցիչ պարզաբանումների խնդիր տեսավ: «Շրջանառության ծավալը բարձրացվել, դարձվել է 115 մլն, փորձ է արվել իրացնել մի շարք առաջարկություններ: Բայց պահպանվել են մի շարք մտահոգություններ: Առաջին` օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու հարցը պահպանվում է: Այս փոփոխություններով տեղի է ունենում հարկային դրույքաչափի բարձրացում: Ոչ բոլորն են, որ կարողանում են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, եւ նրանց համար հարկման տոկոսադրույքը չի կարող նվազել: Այս փոփոխությունը 2016թ. հունվարի 1-ից ավելի շուտ չի կարող ուժի մեջ մտնել, իսկ այս պահին գործող օրենքն ասում է 1 տոկոս»: Պատգամավորը նաեւ նշեց, որ այդ փոփոխությունը գործելու է մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը, եւ հարց բարձրացրեց, թե ի՞նչ է լինելու դրանից հետո, երբ փոփոխությունն ուժը կորցրած ճանաչվի:
Այս նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ում գնահատմամբ շատ կարեւոր երկու խնդիր լուծվել է: «Ամիսներ շարունակ հետամուտ էինք այս խնդրի լուծմանը: Մեկը` շեմի բարձացումը, մյուսը` կամավորության սկզբունքը, սինթեզվել է: Արծվիկ Մինասյանի բարձրացրած մտահոգությունները ես կիսում եմ: Սա իսկապես մեր բիզնեսի աշխատողների համար լավ բան է, ճիշտ բան, դրական լուծում ունի: ԲՀԿ-ն միանշանակ կողմ է քվեարկելու»,- նշեց Մինասյանը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ընդգծեց, թե այս փոփոխությունները 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, երբ հարկերի բարձրացում լինի: Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը մտահոգություն հայտնեց հարկային ստուգումների առնչությամբ: Նա նշեց, որ հարկային տեսուչները որակ չունեն: «Այդ մարդիկ առաջ եղել են «չագուչի» եւ կացինի աշխատանքի որակով, հիմա իրենք էլ պետք է նոր մշակույթ ընդունեն, պետք է վերապատրաստման աշխատանքներ տանել», – նշեց նա:
Խորհրդարանում երեկ քննարկվեց նաեւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, թե նախատեսվում է գնդի, բրիգադի, գումարտակի, սերժանտների, դիվիզիոնի պարտականությունների հստակեցում: Մասնավորապես սահմանվում է, որ սերժանտները պատասխանատու են զինվորների դաստիարակության, կարգապահության, հոգեբանական վիճակի, մարտական պարապմունքների՝ որակով անցկացման համար: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ պայմանագրային զինծառայողների վարձատրության խնդիրն այսօր շատ մեծ է: Նա կոչ արեց քաղաքական ուժերին ուշադրության կենտրոնում պահել այս հարցն ու ներկայացնել նաեւ Կառավարությանը:
Հավելենք, որ խորհրդարանը երեկ ավարտել է այս հարցերի քննարկումը, եւ դրանց քվեարկությունը տեղի կունենա այսօր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՎԱՐՔԱԳԻԾ ԵՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց Երեւանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ պետգնումների շրջանակում շինաշխատանքներ իրականացնող ընկերությունների վարքագիծը նպաստել է պետական միջոցների անարդյունավետ օգտագործմանը: Եւ մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ:

Նշենք, որ հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են 2011-2014 թվականների ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման եւ այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ մրցույթների զգալի մասը կրել է ձեւական բնույթ: Ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ: Նշված 49 մրցույթներին մասնակցել են 19 ընկերություններ: Հանձնաժողովը պարզել է, որ որեւէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել, եւ նրանք հաղթող են ճանաչվել՝ առանց միմյանց հետ մրցակցելու:
Օրինակ՝ «Խաչհար» ընկերությունը մասնակցել է 9 հնարավոր մրցույթներից միայն մեկին, սակայն հնարավորություն ունեցել է ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ ֆինանսապես մասնացել նաեւ մյուսներին: Ստացվում է, որ տնտեսվարողները իրար հետ համաձայնության են եկել, թե մրցույթներից յուրաքանչյուրին որ ընկերությունն է հայտ ներկայացնելու եւ հաղթելու: Ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներում նման «անբարեխիղճ վարքագիծ» են դրսեւորել նաեւ «Սահակյանշին», «Վահագն եւ Սամվել», «Տեր-Հայրապետյան Շին» եւ այլ ընկերությունները: Ի դեպ, ընկերությունների ներկայացուցիչները իրենց քայլերը հիմնականում պայմանավորել են տեխնիկական եւ ֆինանսական ոչ բավարար միջոցների առկայությամբ: Սակայն այն ՏՄՊՊՀ-ի կողմից հիմնավոր չի դիտարկվել:
Բացի այս, մի շարք շինությունները քանդելու նպատակով հայտարարված 28 մրցույթներին մասնակցել են «Երեւանի Ջրշին»-ը, «Անի-Աշկա»-ը, «Լեվ»-ը եւ այլն: 28 մրցույթներից 9-ում «Երեւանի Ջրշին» ընկերությունը եղել է միակ մասնակիցը եւ ճանաչվել է հաղթող: Իսկ մնացած 19-ում «Երեւանի Ջրշին»-ի հետ միասին մասնակցել է նշված ընկերություններից որեւէ մեկը եւ ճանաչվել է հաղթող, իսկ «Երեւանի Ջրշին»-ը պարտվել է՝ միեւնույն աշխատանքների համար ներկայացնելով շատ ավելի բարձր գնային առաջարկներ՝ իր հաղթած մրցույթների համեմատ:
Խնդրի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանը ներկայացրեց նաեւ իր պարզաբանումը. «Երեւանի քաղաքապետարանն իր կարիքների համար գնումներ իրականացրել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի տառին համապատասխան՝ բաց, թափանցիկ եւ հրապարակային: Կազմակերպված գնումների գործընթացում լիարժեք ապահովվել է մրցակցության հիմնարար սկզբունքը՝ ընդ որում, կախված գնման առարկայի առանձնահատկություններից, կազմակերպված մրցույթների մասնակցության քանակային ցուցանիշները մի շարք դեպքերում եղել են տարբեր, ընդհուպ մասնակիցներ չլինելու պատճառով որոշ մրցույթներ չեն կայացել: Ավելին՝ չի սահմանափակվել որեւէ կազմակերպության մասնակցությունը հայտարարված մրցույթներին: Քաղաքապետարանի մրցույթներում միշտ հաղթող են ճանաչվել առավել ցածր գին առաջարկած մասնակիցները, որոնց արդյունքներն, ի դեպ, օրենքով սահմանված կարգով հրապարկվում են»: Իսկ, ահա, «Երեւանի Ջրշին» ընկերության տնօրեն Արմեն Մաթեւոսյանը, լսելով իր ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի մասին, զայրացած հայտարարեց. «Եթե հանցագործ եմ, ապա թող դիմեն դատարան: Ես հասարակ շինարար եմ ու քաղաքապետի մտերիմը չեմ, որ նման մրցույթներին մասնակցեմ: Ապօրինի շինություն պետք է ապամոնտաժեինք, բայց այդպես էլ չարեցինք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՎԻՃՈՒՄ ԵՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ

Շիրակի մարզի Հառիճ գյուղն ունի 750 գլուխ խոշոր եղջերավոր եւ 600 գլուխ մանր եղջերավոր անասուն: Ունեցած անասնագլխաքանակին համարժեք էլ գյուղը պետք է ունենար իր արոտները: Սակայն դեռ 2010թ-ին Կառավարությունը սկսեց գյուղերի վարչական սահմանների հստակեցման ծրագիրն ու միաժամանակ գյուղերի վարչական սահմաններին կից պետական սեփականություն հանդիսացող հողերը վերաբաշխեց համայնքներին:

Այդ ժամանակ էլ Հառիճ գյուղից, ինչպես վկայում են հառիճեցիները, տարածքներ վերցվեցին ու տրվեցին հարեւան Նահապետավանին, ու հիմա հառիճեցիներն իրենց անասուններին արածացնելու համար ստիպված են շրջանցել գյուղին մոտ գտնվող տարածքները, որոնց տերն արդեն Նահապետավանն է, ու գնալ ավելի հեռու արոտներ: Զարմանալին այն է, որ այս փոփոխության մասին Հառիճում իմացել են պատահականորեն, երբ հերթական անասնապահական սեզոնի սկզբին նրանց թույլ չեն տվել օգտվել իրենց հարակից արոտներից: Այս վիճակը հարուցել է հառիճեցիների լուրջ դժգոհությունը, քանի որ անասնատերը իր անասունի կերն ապահովելու համար պետք է մի քանի կիլոմետր հեռավորությամբ հեռագնա արոտ հասնի, որը տրվել է գյուղին` որպես փոխհատուցում իրենից վերցված ու Նահապետավանին հանձնված գյուղամերձ տարածքների:
Իսկ, ահա, նահապետավանցիները պնդում են, որ իրենց համայնքին հատկացված հողակտորը, երբ դեռ պատկանելիս է եղել Հառիճին, երբեք չի տրվել գյուղացիներին, այլ վարձակալությամբ մշտապես տնօրինվել է անասնապահ եզդիների կողմից: Նահապետավանն ունեցել է իր հեռագնա արոտը, սակայն այնտեղ հիմնականում պահել-արածացրել են մսատու անասուններին, քանի որ աննպատակահարմար է կաթնատու անասուններին ամեն օր մի քանի կիլոմետր տանել-բերելը, իսկ մսացուների դեպքում ամեն բան ավելի հեշտ է, անասնապահները մնում են մինչեւ աշուն եւ աշնանը վերադառնում գյուղ` անասունի հետ:
Խնդրից տեղյակ են նաեւ մարզպետարանում, որտեղ նշում են, որ Հառիճից վերցվել է 240 հա հող, սակայն դրա փոխարեն տրվել է մոտ 3000 հա հեռագնա արոտ, իսկ այդքան արոտի տնօրինումը կարեւոր առաջընթաց է Հառիճի համար:
Նկատենք, որ նման վեճերը բազմաթիվ են ՀՀ գյուղական համայնքների միջեւ, քանզի համայնքային տնօրինության հողատարածքների վերաբերյալ որոշումներն ընդունվել են առանց համայնքների բնակիչների գիտության:
Նույն խնդիրն, ի դեպ, առաջանալու է նաեւ համայնքների խոշորացման ծրագրի իրագործման դեպքում, այս անգամ արդեն ընդհանուր արոտավայրերի տնօրինման հարցի շուրջ: Մեր Կառավարությանը, սակայն, դա ամենեւին չի հուզում: Կարեւորը գրանտային այդ ծրագիրն իրագործելն ու գումարները ստանալն է, իսկ թերությունների մասին հիմա մտածելու հավես չունեն:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս