ՄԱՐԴԻԿ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ, ՈՐ ԹԱՐՄ ՀԱՑ ԳՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջիկայում պատրաստվում է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայցով: Եվ աչքի առաջ ունենալով նախկինում հանձնաժողովի կողմից կայացված որոշումները, որոնք մշտապես բավարարել են դիմող կազմակերպության հայցերը, հավանական է համարվում, որ այս անգամ եւս նույնը կլինի, եւ բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը 6-7 դրամով կբարձրանա: Էլեկտրաէնեգիայի սակագնի հերթական թանկացման հետեւանքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է «Սեւանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, ՀԷՑ-ն առաջիկայում կդիմի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլէներգիայի սակագնի վերանայման պահանջով: Խոսակցություններ կան, որ այն մոտ 7 դրամով կթանկանա: Սա ինչպե՞ս կանդրադառնա հացի արտադրության ծավալների վրա:
-Հացաթխումը կազմակերպվում է ե՛ւ էլեկտրականությամբ, ե՛ւ գազով: Ով գազով է աշխատում, բնականաբար, նրա վրա չի անդրադառնա: Բայց կան վառարաններ, որոնք միայն էլեկտրականությամբ են հացաթխումը կազմակերպում: Կոնկրետ մեր մասով չի անդրադառնա, որովհետեւ մենք գազով ենք աշխատում: Թեեւ գազի սակագինը այս տարվա հունվարի 1-ից բարձր է հաշվարկվում: 10 հազար խմ սպառող բաժանորդների համար գազի գինը մոտավորապես 1խմ-ն 20 դրամով բարձրացել է, այսինքն՝ 113 դրամից դարձել է 132.6 դրամ: Բայց ամեն դեպքում մենք հացի գինը չենք թանկացրել:
-Գուցե՞ դա կապված է դոլարի եւ եվրոյի փոխարժեքի կտրուկ բարձրացման հետ:
-Այո՛, դոլարով է հաշվարկվում: Օրինակ՝ ես ապրիլ ամսվա համար գազի վարձը նախկին 113 դրամի փոխարեն վճարել եմ 132.6 դրամով: Դա մեծ թանկացում է, բայց ժողովրդի վատ վիճակից ելնելով, շահութաբերության տոկոսն իջեցնելով՝ սպասում ենք, որ տեսնենք, թե հետո ինչ կլինի: Սեւան քաղաքի հացի գործարանն էլ է իմ սեփականությունը, եւ այնտեղ հացի արտադրության ծավալները 60 տոկոսով նվազել են, իսկ մարդիկ անցել են տնային հացաթխման: Նույն պատկերը նկատում եմ նաեւ Երեւան քաղաքում, որտեղ նույնպես մարդիկ անցել են տնային հացաթխման: Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում: Երեւանում ութ տարվա գործունեություն ունեմ, այս ընթացքում 7-8 ամիս է, ինչ վաճառքը թույլ է: Իհարկե, լավաշի վաճառքի աճ կա: Մարդիկ հիմա ավելի շատ լավաշին են ձգտում, որովհետեւ այն ավելի հագեցնող է ու մատչելի:
-Պարո՛ն Ավետիսյան, որքա՞ն ժամանակ է, որ հացի արտադրությամբ եք զբաղվում: Նման երեւույթի երբեւէ ականատես եղել եք:
-Այսօր (երեկ, Ս.Հ.) լրացավ 33 տարին, որ աշխատում եմ Սեւանի հացի գործարանում: Նման պատկեր նկատել եմ մութ ու խավար տարիներին, երբ ժողովուրդը այնքան նեղ վիճակում էր: Բայց այն ժամանակ մարդիկ իրենց տներում գոնե որոշ իրեր ունեին եւ վաճառում էին: Այն ժամանակ լուծման ինչ-որ տարբերակ էին գտնում, բայց հիմա նման բան չկա: Մոտ օրերս գնացել էի Լճաշեն գյուղ. պետք է մասնակցեի թաղման արարողությանը. գյուղի գերեզմանոցը բարձունքի վրա է, եւ այնտեղից որ նայեցի, գյուղը կարծես թե լացեր: Մինչդեռ Լճաշենը 5-6 հազար բնակիչ ունեցող գյուղ էր, իսկ այսօր դատարկվել է, մնացել են միայն ծերերը:
-Առաջիկայում հացի գնի թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:
-Ո՛չ, մեր արտադրության հացը չի թանկանա: Կոնկրետ մեր ընկերության մասով հացի գինը կթանկանա այն ժամանակ, երբ ալյուրի գինն էլ բարձրանա: Էներգակիրների թանկացմամբ պայմանավորված` ես երբեք հացի գինը չեմ թանկացրել:
-Պարո՛ն Ավետիսյան, Հայաստանում գյուղեր, քաղաքներ կան, որոնց բնակիչների մի մասը թարմ հաց չեն գնում, սպասում են, մեկ օր անցնում է, եւ ավելի էժան գնով են ձեռք բերում արդեն ոչ թարմ հացը: Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում նկատե՞լ եք նման երեւույթ:
-Կա նման երեւույթ եւ, ցավոք, շատացել է, որովհետեւ հաջորդ օրը 50 տոկոս զեղչով՝ կես գնով է հացը վաճառվում: Նշեմ, որ կոմունիստական հասարակարգի շրջանում էլ եմ աշխատել, բայց այն ժամանակ նման բան չկար: Այսօր շատ են հաց արտադրողները, եւ բոլորի մոտ էլ, հավատացնում եմ ձեզ, եթե ոչ շատ, ապա 10-12 տոկոս հաց է վերադարձվում: Մեր հացի արտադրամասն ունի մասնագիտացված խանութ, որտեղ եւ վաճառվում է հետադարձ հացը: Երեւանում նման խնդիր կա, մարդիկ կան, ովքեր ամբողջ օրը հաց չեն գնում, սպասում են խանութների վերադարձը գա, որ գնեն: Դժբախտաբար, հետադարձ հաց գնող մարդկանց քանակն ավելանում է: Թեեւ մարդիկ էլ կան, ովքեր պատճառաբանում են, թե իրենց առողջության համար են հին հաց գնում, բայց նման մարդիկ քիչ տոկոս են կազմում: Հիմնականում սոցիալապես անապահով խավն է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ ՈՒ ՊՈԿԵԼ ԵՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ
Անցյալ տարի Գյումրու օրվան ընդառաջ մասնավոր ընկերություններից մեկը Գյումրիի Անի թաղամասի երեխաների համար կառուցեց մեծ մարզահրապարակ՝ թիվ 37 դպրոցի հարեւանությամբ: Մարզահրապարակի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում: Իսկ Կոկա-Կոլա ընկերությունն էլ տարածքի բնակիչներին նվեր մատուցեց՝ մարզահրապարակը կահավորելով մարզագույքով եւ մանկական հանգստի համար նախատեսված խաղասարքերով: Ամիսներ անց, սակայն, մարզահրապարակի նստարաններն ու «մարզասարքերի» մի մասը հայտնվեց դրանց ամրությունն ամեն գնով ուսումնասիրել ցանկացողների ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում եղած նստարանները պոկվեցին, մարզասարքերի մետաղյա մասերը ծռվեցին, տեղաշարժվեցին, իսկ «մոխրամանները» վերածվեցին հարակից շենքերի կենցաղային աղբի կուտակման վայրի: Տխուր է, որ կենցաղային վատ պայմաններից մշտապես դժգոհող գյումրեցիները ջանք չեն գործադրում իրենց ու իրենց երեխաների հանգստի կազմակերպման համար հրաշալի պայմաններ ապահովող այս մարզահրապարակի պահպանման ուղղությամբ եւ գերադասում են մշտապես բողոքել չունեցածի մասին` ունեցածը պահպանելու փոխարեն:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 

ՀԱՅՏՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՉՈՒԻՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Բորիկ Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Իջեւան քաղաքի բնակիչ Տիգրան Ավետիքյանի հետ՝ 2014թ. մարտի լույս 14-ի գիշերն ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ առաջին հարկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եւ պատուհանի ապակին ջարդելու եղանակով մուտք է գործել Երեւան քաղաքի բնակիչ Վալենտին Նազարյանին պատկանող, Տավուշի մարզի Կիրանց գյուղում գտնվող բնակարան, որտեղից հափշտակել է «Ֆիլիպս» եւ «Էլ ջի» ապրանքանիշների հեռուստացույցներ, «Օպենբոքս» ապրանքանիշի 3 հատ ալեհավաքային կարգավորիչ, «Սամսունգ» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչ, ռադիոձայնարկիչ, արծաթե կուլա` 6 հատ բաժակներով, 7 հատ պատի նկար, բիլիարդի 16 հատ գնդակ եւ 4 հատ ձող` Վ. Նազարյանին պատճառելով ընդհանուր 4 միլիոն 970 հազար դրամի գույքային վնաս:
Բ. Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Նշենք, որ Վալենտին Նազարյանը հայտնի ռազմական փորձարկող-օդաչու է, որը եղել է նաեւ Նիժնի Նովգորոդի օդանավակայանի տնօրենը, արտերկրի ավիաընկերություներից մեկի հայաստանյան ներկայացուցիչը: 2010թ. օգոստոսի 1-ին սահմանամերձ Կիրանց գյուղում օծվեց մատուռ, որը կառուցել էր Վ. Նազարյանը: Նա հայրենի Կիրանցում եռահարկ գեղեցիկ առանձնատուն է կառուցել, որտեղից էլ կատարվել է վերոհիշյալ գողությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՇՈՐԹԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ ԱՎԱԶԱԿԻՑ
Ապրիլի 22-ի գիշերը Բերդ քաղաքում երկու տղամարդ՝ 50 եւ 51 տարեկան, խլել են Բերդի 48-ամյա բնակչին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Շորթողները հարվածել են ավտոմեքենայի տիրոջը եւ սպառնացել դանակով: Չբավարարվելով հափշտակած ավտոմեքենայով` մի քանի ժամ անց շորթողները վերադարձել են եւ ավտոմեքենայի տիրոջից գումար պահանջել: «Ժողովուրդը» պարզեց, որ երկու տղամարդիկ էլ Բերդի բնակիչներ են, սակայն նրանցից մեկը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության եւ ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում շորթում կատարած երկու տղամարդիկ ձերբակալվել են: Հետագայում նրանց հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իրավապահներից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Շորթումը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Սույն հոդվածով բնութագրվող հանցագործության համար քրեական օրենսգրքով նախատեսվում է 6-10 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բերդում շորթումը կատարվել է դրանց մասնակիցներից մեկի եւ գործով տուժողի միջեւ Ռուսաստանում ունեցած պարտք ու պահանջի պատճառով: Շորթողներից մեկը, որպես պարտքի գումար, 15 հազար դոլար է պահանջել 48-ամյա տղամարդուց: Ի դեպ, վերջինս նախկինում 7 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ավազակային հարձակում կատարելու համար: Այս գործի քննությունն այժմ ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժնում:

 

ՓԼՈՒԶՈՒՄ «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
Մեկ շաբաթ առաջ փլուզում է տեղի ունեցել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհի սկզբնամասում` ճանապարհի 2-րդ ոլորանում: Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ աշխատակիցները փլված հողի եւ քարի զանգվածը հեռացրել են ճանապարհից, սակայն սողանքի օջախը մնում է, հարկ է այնտեղ մեծածավալ աշխատանքներ կատարել: Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող այդ ճանապարհը կառուցվել է 2006-2007թթ., պետական բյուջեի 767 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Ադրբեջանական հենակետերից Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհի գնդակոծման դեպքում շրջանցիկ ճանապարհը դառնում է Իջեւանը Նոյեմբերյանին կապող «կյանքի ճանապարհ»: Հավելենք, որ մարտի 24-ին փլուզում էր տեղի ունեցել միջպետական ճանապարհի Նոյեմբերյան-Ջուջեւան հատվածում: «Լեւոն երկրորդ» ՍՊԸ աշխատողները ճանապարհը մաքրել են թափված քարակույտերից: Սակայն քարաբեկորների մեծ զանգվածը ճանապարհի եզրից հեռացնելու համար պետական ֆինանսավորում է հարկավոր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս