Վերջին շրջանում դերասան Արսեն Լեւոնյանի անձը ամենաքննարկվողներից է սոցցանցերում: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արսենն իր սիրելիի հետ լուսանկար հրապարակեց «Ֆեյսբուք»-ում: Դրանից հետո կայքերը գրեցին, թե դերասանը գաղտնի ամուսնացել է, ապրում է քաղաքացիական ամուսնությամբ, սակայն այդ լուրերը շուտով հերքվեցին: «Ժողովուրդ»-ը Արսեն Լեւոնյանի հետ զրուցել է նրա անձնական կյանքին վերաբերող որոշ հարցերի մասին, հետաքրքրվել է նաեւ ստեղծագործական կյանքին առնչվող թեմաներով:
-Արսե՛ն, օրերս «Ֆեյսբուք» սոցցանցի Ձեր էջում տեղադրել էիք մի լուսանկար, որում Նոնա անունով մի աղջկա հետ էիք: Լուսանկարը վերնագրել էիք «Իմ հրաշք»: Այն մեծ տարածում գտավ սոցցանցերում եւ կայքերում: Հետաքրքիր է` Դուք եւ Ձեր սիրելին արդեն պատրաստվո՞ւմ եք օրինականացնել Ձեր հարաբերությունները, թե՞ դեռ ոչ:
-Ընդհանրապես թեմա չկա:
-Ի՞նչ առումով:
-Այն առումով, որ ես միայնակ եմ, եւ վերջ:
-Արդե՞ն: Բայց ողջ համացանցը ողողված է Ձեր եւ Ձեր սիրելիի մասին լուրերով:
-Գիտեք ինչ` մարդու անձնականը քննարկելը շատ սխալ ու վատ բան է:
-Բայց Դուք հանրային դեմք եք եւ հետաքրքրում եք մարդկանց:
-Դա կապ չունի. ես հասարակ տղա եմ ու իմ անձնականը պահում եմ, որովհետեւ այն իմն է:
-Լավ, այսինքն՝ Դուք հերքո՞ւմ եք, որ ընտրյալ ունեք:
-Հերքելու հարցը չի, ես չեմ ուզում խոսել այդ թեմայից ընդհանրապես:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձնական կյանքի մասին տարածվող լուրերին: Ավելի լա՞վ չէ՝ Դուք հանդես գաք որեւէ հայտարարությամբ, որպեսզի խոսակցությունները ճիշտ ուղով ընթանան:
-Եթե հայտարարելու լինեմ, կհայտարարեմ: Ես դրան վերաբերում եմ նորմալ. փաստորեն, ես այդքան կամ, որ իմ մասին լուրեր են պտտվում: Դա համարում եմ միայն ուրախալի փաստ:
-Լավ, անդրադառնանք ստեղծագործական բնույթի հարցերին. ինչո՞ւ վերջին շրջանում շատ չեք երեւում էկրաններին:
-Հրավերներ շատ կան, ուղղակի ես հանգստանում եմ, ուզում եմ նորմալ կենսակերպով ապրել: Բացի այդ` որքան էլ հանդիսատեսի կողմից սիրված լինես, պետք է քեզ կարոտել տաս…
-Իսկ երբեւէ մտածե՞լ եք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն վերադառնալու մասին:
-Այնտեղ վերադառնալու միտք չունեմ, բայց որ թատրոնը շատ կարոտում եմ ու դրանով ապրում եմ, միանշանակ:
-Չե՞ք կարող, թե՞ չեք ուզում վերադառնալ:
-Դա անձնական հարց է. թատրոնն էլ է ինձ համար սրբություն:
-Արսե՛ն, երբեմն Ձեզ նմանեցնում են Ձեր եղբորը` դերասան Խորեն Լեւոնյանին: Այդ հանգամանքը Ձեզ ուրախացնո՞ւմ է, թե՞ արդեն նաեւ նյարդայնացնում է:
-Միմիայն ուրախ եմ, որ ինձ համեմատում են իմ եղբոր հետ, որովհետեւ եղբայրը եղբորը չի կարող նման չլինել, նախ` որովհետեւ նույն մորից եւ հորից են, երկրորդ` դրանից գեղեցիկ բան չկա, եւ հետո` արվեստը չի կարելի կապել նմանության հետ. դա պարապ-սարապ մարդկանց գործն է, ես միշտ նյարդայնացել եմ նման մարդկանցից:
-Բանն այն է, որ նմանեցնում են ոչ թե արտաքինը, այլ խաղը:
-Ես էլ ասում եմ` եղբայրը եղբորը ո՞նց կարող է նման չլինել:
-Երբեմն այնպիսի տպավորություն է, որ արտաքինը, անձնական կապերը Ձեր ոլորտում առաջնային են, իսկ տաղանդը մղվել է երկրորդ պլան: Ի՞նչ կասեք:
-Բնականաբար սխալ է: Այդ հարցը հղեք ռեժիսորներին, պրոդյուսերներին, այն մարդկանց, ովքեր ընտրում են նրանց, որոնք ուզում են դեր ունենալ հայ մշակույթի զարգացման մեջ, բայց այդպես էլ դա ի կատար չի ածվում:
-Դուք Ձեր պապիկի մասնակցությամբ ֆիլմերը հաճա՞խ եք դիտում, առաջին դասը, որ նրանից քաղել եք, ո՞րն է:
-Նախեւառաջ ասեմ, որ ես բախտ եմ ունեցել Խորեն Աբրահամյանի հետ խաղալ Սունդուկյանի անվան թատրոնում, այն ժամանակ չորս տարեկան էի: Իսկ ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա ասեմ, որ ամեն անգամ դիտում եմ «Սարոյան եղբայրներ»-ը, որից ես նախեւառաջ սովորում եմ, թե ինչպես լինել տղամարդ:
-Եվ վերջում` կա՞ մի գեղարվեստական ֆիլմ, որի շրջանակում առաջիկայում կտեսնենք Ձեզ:
-Մի ռուս ռեժիսորից առաջարկ եմ ստացել, քննարկումների փուլում ենք, ոչ մի բան դեռ պարզ չէ, սպասողական վիճակում եմ…
ԵԹԵՐԱՅԻՆ ԶՎԱՐՃԱԼԻ ԴԵՊՔԵՐ` ԺԱԿԻՑ ՈՒ ԼՈՒԼՈՒԻՑ
Մայիսի 7-ը Ռադիոյի միջազգային օրն է: Հենց այս օրը 1895-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու աշխարհում առաջին ռադիոսարքավորումը`իրականացնելով առաջին ռադիոկապը:
Հայաստանում Երեւանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926-ին: Նույն թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երեւանի ձայնը:
«Ժողովուրդ»-ը Ռադիոյի օրվա առիթով զրուցել է ռադիոհաղորդավարներ Ժակի (Հակոբ Պապիկյան) եւ Լուլուի (Լուսինե Բադալյան) հետ, որոնք նաեւ անբաժան ընկերներ են: Ժակի համոզմամբ` աշխարհը որքան էլ տեխնիկական զարգացում ապրի, միեւնույն է, ռադիոն կշարունակի իր ուրույն դերն ունենալ մարդկանց կյանքում. «Պետք է նկատել, որ ռադիոն որոշակիորեն տրանսֆորմացվում է, օրինակ` մեր օրերում ռադիոեթերին կարելի է հետեւել սմարթֆոնների միջոցով, հաղորդումները հասանելի են ինտերնետ կայքերում, ինչը ավելի դյուրին է դարձրել ունկնդրի գործը»,-նկատեց նա:
Լուսինե Բադալյանն էլ, անդրադառնալով հայկական եթերին, մեզ հետ զրույցում նշեց, որ հայ ունկնդիրն այսօր ամենից շատ որակյալ երաժշտության կարիք ունի: Հաղորդավարուհին անդրադարձավ նաեւ եթերի լեզվին. «Երբ ստեղծվեցին FM ռադիոկայանները, դրանք խնդիր ունեին նաեւ գրական լեզվին չդավաճանելով` մատուցել թեթեւ ու պարզ լեզվով տեքստ: Եվ եթե որոշ ռադիոալիքներ չդավաճանեցին իրենց սկզբունքներին, ապա մյուսներն անտեսեցին գրական լեզուն: Ինքս բազմիցս ռադիոեթերով լսել եմ այնպիսի ոչ գրագետ խոսք, որն ականջ է ծակել»,-ասաց նա:
Երկու հաղորդավարներն էլ մեզ հետ զրույցում պատմեցին իրենց կարիերայի ընթացքում եթերում գրանցված զվարճալի պատմություններից: Ժակը, օրինակ, հիշեց, թե ինչպես է մի անգամ ուղիղ եթերի ընթացքում հաղորդավարուհիներից մեկի աթոռը կոտրվել, եւ նա հայտնվել է հատակին` բռնվելով միկրոֆոնից եւ իր հետ տանելով տեխնիկան եւ սարքավորումները, իսկ ամենաուշագրավն այն է, որ հաղորդավարուհին շարունակել է խոսել նույնիսկ այդ վիճակում: Լուլուն էլ խոստովանեց, որ զվարճալի դեպքերն առավել հաճախ գրանցվում են Ժակի հետ. «Հիշում եմ` մի անգամ եթերի ընթացքում Ժակի ծոցը կրիա էին գցել, թե ինչ կատարվեց հետո, անհնար է փոխանցել… Իսկ առհասարակ, եթե Ժակը եթերում է, եւ Եգոր Գլումովը տարածքում է, ոչ մի լավ բան չի կարելի սպասել, որքան էլ Ժակը պատրաստ լինի ցանկացած անակնկալի, միեւնույն է` Գլումովը միշտ մի անսպասելի բան անում է»,- ծիծաղելով պատմեց հաղորդավարուհին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՐՅՈՒՆ` ՀԱՄԵՐԳԻ ՏՈՄՍԻ ԴԻՄԱՑ
Beth Hart, Anathema, ըՌ-2. ձայներ, որոնք շուտով կհնչեն Երեւանում: One Production-ի ջանքերով Հայաստան են այցելում համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանն ասել է, որ Beth Hart-ի համերգը եզակի է լինելու. «Նա ելույթ է ունենալու Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ»: Ինչ վերաբերում է ըՌ-2-ին, Վ. Դավթյանը տեղեկացրել է, որ համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել անվճար` արյուն հանձնելով Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Նշենք, որ մայիսի 10-ին Երեւանում համերգ կունենա Անտոն Բիլյաեւը, հունիսին` Anathema -ն եւ ըՌ-2-ը, իսկ հուլիսին` Beth Hart-ը:
«ՀԱՅԱԿ»-Ը ՉԻ ԿԱՅԱՆԱ
Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի ու «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեն որոշում է կայացրել հերթական «Հայակն» անցկացնել 2016 թվականի գարնանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայակ-2016»-ն ամփոփելու է 2014-2015թթ. Հայաստանում եւ արտերկրում արտադրված ֆիլմերն ու գնահատելու է ոլորտի զարգացումներն ու ձեռքբերումները: Որոշումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գերհագեցած միջոցառումներով ու բազմաբնույթ ծրագրերի անցկացմամբ: Ի դեպ, կազմկոմիտեն որոշում է կայացրել հաջորդ տարվա մրցանակաբաշխության անվանակարգերի ցանկում ավելացնել առանձին անվանակարգ` հատուկ Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի համար:
ԺԱՍՄԻՆԻ ԱՄՈՒՍՆՈՒՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Ռուս հայտնի երգչուհի Ժասմինի ամուսնուն` Իլան Շորին, ձերբակալել են Մոլդովայում: Նրան մեղադրել են Banca de Economii ընկերությունից մեկ միլիարդ դոլար հափշտակելու մեջ: Իրավապահ մարմինները մտադիր են ձերբակալել նաեւ նրա ընկերներին, ովքեր փորձում են ամեն կերպ թաքցնել կատարվածը: Պատգամավոր Յուրի Կիրինչուկի խոսքով` Իլանը գնել էր Unibank-ի բաժնետոմսերը, որպեսզի վարկեր վերցներ իր կազմակերպությունների համար, որոնք չէր պատրաստվում վերադարձնել: