ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Պնախարարության պաշտոնական կայքից

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ, ով ավարտում է իր պաշտոնավարումը ՀՀ-ում: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջեւ համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաեւ՝ մի շարք օրակարգային հարցեր:

 

 

 

ՀԱՐՑ. N46 ավտոբուսի երթուղին սկիզբ է առնում Հյուսիսային ավտոկայանից մինչեւ Էրեբունու շրջան: Ես ստիպված եմ լինում գրեթե ամեն օր աշխատանքից ուշանալ, քանի որ այս երթուղին, մեղմ ասած, վատ է աշխատում: Ուզում եմ հասկանալ՝ հնարավո՞ր չէ, որ գոնե առավոտյան մի քանի ժամ այս երթուղին նորմալ աշխատի: Ի դեպ, նախկինում գործում էր N32 ավտոբուսը, որն աշխատում էր հենց այս նույն N46-ի երթուղով: Բայց հիմա այն գործածությունից դուրս է: Խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ չկա գոնե մի փոքր իրեն արդարացրած 32 համարի ավտոբուսը:

Սիրարփի Մանուկյան (29 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ս. Մանուկյանի հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ս/թ ապրիլի 30-ին, ժամը 8:00-ից մինչեւ 10:00-ն ուսումնասիրվել է ավտոբուսային հ.46 երթուղու աշխատանքը: Երթուղին սպասարկվել է 17 միավոր շարժակազմով, միջինը 7 րոպե շարժման միջակայքերով, ինչը համապատասխանում է սահմանված պահանջներին: Հարկ է նշել նաեւ, որ նշված ժամերին («պիկ» ժամեր) երթուղու ավտոբուսները շահագործվել են ծանրաբեռնված, ինչը այդ ժամերին բնորոշ է բոլոր ներքաղաքային երթուղիներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցների տրամաբանությամբ նորմալ երեւույթ է, երբ աշխատանքի շտապող քաղաքացիները երթուղիների վատ սպասարկման` կանկրետ գերծանրաբեռնվածության պատճառով հայտնվում են անհարմար իրավիճակում: Նաեւ տարակուսելի է, որ ընդամենը երկու ժամով դիտարկելով այդ երթուղու աշխատանքը` քաղաքապետարանը եկել է հստակ եզրակացության: Եվ որքան էլ քաղաքապետարանը վստահեցնում է, թե երթուղիները շահագործվում են սահմանված պահանջներին համապատասխան, միեւնույնն է, քաղաքացիները ստիպված են լինում ժամեր շարունակ կանգնել երեւանյան կանգառներում եւ սպասել երթուղայիններին: Էլ չենք խոսում այն մասին, որ հնչեցված հարցին մասամբ է պատասխան տրվել՝ այդպես էլ չբացատրելով, թե ուր է «կորել» 32 համարի ավտոբուսը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար:

Տիգրանուհի Մովսիսյան (37 տարեկան, ծրագրավորող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության պետական գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը.
1. ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը,
2. ամուսնության բացակայության մասին տեղեկանք օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով («APOSTILLE») հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթական են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ),
3. նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ՝ մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական (տեղեկանք) եւ այլն),
4. անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանում 2014 թվականին գրանցվել է 18 հազար 912 ամուսնություն՝ 2013-ի համեմատ աճելով 3%-ով: Իսկ ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4498, տարեկան կտրվածքով աճը` 19.8%: Հետեւաբար, 2014թ. գրանցված 1000 ամուսնությունից 238-ն ամուսնալուծվել է՝ 2013թ. 205-ի փոխարեն:




Լրահոս