ԿԱՐԵՎՈՐԸ` ՕԳՆԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աղանդավորական կեղտոտ փողերի լվացման» մեջ մեղադրվող  Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ 3 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել  սիրիահայերին մարդասիրական օգնություն ցույց տալու նպատակով ստեղծված «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ այդ նախաձեռնության կողմից արդեն մեկ ինքնաթիռ մարդասիրական օգնություն ուղարկվել է Սիրիայի մեր հայրենակիցներին, եւ նախատեսվում է  այդ գործընթացը շարունակել: Բնականաբար, «Սիվիլիթաս»-ի այդ քայլն իր մեջ պարունակում է նաեւ PR տարրեր, եւ բնականաբար, այդ նվիրատվությամբ «Սիվիլիթաս»-ը փորձում է ցույց տալ, թե ահա` իշխանություններն իրենց մեղադրում են  փողերի լվացման մեջ, իսկ իրենք նման հայրենանվեր գործեր են կատարում: Նման կարծիքն ամրապնդում է հատկապես այն, որ նվիրատվության մասին տեղեկատվությունը տարածել է ոչ թե «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնությունը, այլ հենց հիմնադրամը: Սակայն մյուս կողմից էլ, եթե հարցին այդպես մոտենանք, ապա հանուն արդարության պետք է հիշենք, օրինակ, նույն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կամ վարչապետ Տիգրան Սարգսյանի    նվիրատվությունները` անհամեմատ ավելի փոքր, ասենք` երկու-երեք հարյուր հազար  դրամի, որոնց մասին նրանք շտապում էին բարձրաձայնել սեփական ֆեյսբուքյան էջերում: Այն էլ, երբ այդ, ըստ էության, չնչին գումարները նրանք հատկացնում էին  այս կամ այն մտավորականի վիրահատության համար: Ու դարձյալ հանուն արդարության պետք է հիշատակենք հայտնի դեպքերից հետո հանրային ատելության թիրախ դարձած Ռուբեն Հայրապետյանին, որը բազմիցս տարբեր չափի ու բնույթի նվիրատվություններ է արել, սակայն հանրությունն այդ մասին երբեւէ չի տեղեկացվել կամ էլ եթե տեղեկացվել է, ապա բացառապես այն մարդկանց կողմից, ում փրկության համար որ արվել է այդ նվիրատվությունը: Ինչեւէ. անկախ մոտիվացիայից՝ նման ակցիաները միայն դրական ու ողջունելի են: Թեկուզ եւ զուտ քարոզչական նպատակով` թող որ մեր ծանրաքսակ պաշտոնյաներն ու հարուստ հիմնադրամները գոնե մեկ մարդու փրկության համար նվիրատվություն անեն. ստացված քարոզչական շահն արժե այդ` թեկուզ մեկ մարդու փրկությունը:  Եւ տվյալ դեպքում թող որ «Սիվիլիթաս»-ն այդ նվիրատվությամբ քարոզչական խնդիր լուծի, կարեւորն այն սննդամթերքն ու օգնությունն է, որն այդ նվիրատվության շնորհիվ կուղարկվի սիրիահայ մեր եղբայրներին: Առավել եւս, որ բացի քաղաքական եւ քարոզչական գործունեությունից, Օսկանյանի կառույցն անցած տարիներին իրոք զբաղվել է նաեւ գրքերի ու համակարգիչների նվիրատվության ծրագրերով ՀՀ մարզերում եւ Արցախում:  Իսկ ԱԺ նախագահին, վարչապետին եւ մնացած քաղաքական գործիչներին էլ կոչ ենք անում` պարոնա՛յք, PR արե՛ք, քարոզչությո՛ւն արեք, շոո՛ւ սարքեք, դիվիդենտնե՛ր հավաքեք,  ինչ ուզում եք՝ արե՛ք, միայն թե նվիրատվություննե՛ր կատարեք կյանքի ու մահու պայքար մղող մեր սիրիահայ հայրենակիցներին օգնելու համար:




Լրահոս