Ինչո՞ւ է դատախազությունը գաղտնի պահում Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությունը ծեծկռտուքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու մասնակցությամբ վեճի շուրջ քննարկումները չեն դադարում: Հիշեցնենք, որ նշված օրը մարզպետի որդին մի խումբ տղաների հետ վիճաբանել էր, ինչի արդյունքում Գորիս քաղաքի բնակիչ Հարութ Զաքարյանին տեղափոխել էին հիվանդանոց, եւ տղան կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ:

Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեն եւ դատախազությունը իրար հակասող հայտարարություններ էին տարածել: ՀՀ քննչական կոմիտեն  հաղորդագրությունում    հիշատակում   է Տիգրան Խաչատրյանի անունը, իսկ, ահա, ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ Զաքարյանները վիճաբանել են «ինքնությունը չպարզված անձանց հետ»: Ինչո՞ւ է դատախազության հայտարարությունը հակասում քննչական մարմնի հայտարարությոնը եւ, առհասարակ, ինչո՞ւ է դատախազությունը զերծ մնացել հիշատակելու մարզպետի որդու մասնակցությունը վիճաբանությանը:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը պարզաբանման համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Մեզ հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը պատասխանեց. «ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունների միջեւ հակասություն լինել չի կարող: Յուրաքանչյուր կառույց իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները եւ իրավասու է տեղեկատվություն տրամադրել դրանց վերաբերյալ: Գորիսի Սդըղի գյոլ կոչվող տեղանքում ինքնությունը չպարզված այլ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Հ. Զաքարյանի եւ Մ. Զաքարյանի վնասվածք ստանալու փաստի առթիվ քրեական գործը 05.04.2015թ հարուցվել է դատախազի կողմից, ինչն էլ հստակ նշված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում: Հարուցված քրեական գործն ուղարկվել եւ 05.05.2015թ. ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Գորիսի քննչական բաժնում՝ նախաքննություն իրականացնելու նպատակով:

Եթե նախաքննական մարմինը հրապարակում է քաղաքացիների անուններ, ենթադրում եմ, որ քննչական գործողությունների արդյունքում նախաքննություն իրականացնող մարմինն արդեն իսկ ձեռք է բերել բավարար հիմքեր, որոնք թույլ են տալիս, անմեղության կանխավարկածը չխախտելով, տվյալ գործի հետ առնչություն ունեցող անձանց անուններ հրապարակել: Սա նախաքննական մարմնի լիազորությունն է, որը նախատեսված է Քր. դատ. օր-ի 201-րդ հոդվածով: Վստահ եմ, որ նախաքննությամբ կպարզվեն դեպքի հանգամանքները, մեղավորները, եւ բոլոր գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական»:




Լրահոս