Անհրաժեշտության դեպքում գնահատականը լինելու է շատ կոշտ. Սպորտի նախարարը` հայ և ադրբեջանցի մարզիկների ծեծկռտուքի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում ընթացող կարատեի մրցումների ժամանակ ադրբեջանցի մարզիկները հարձակվել են հայ կարատեիստների վրա: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` Հայաստանի և Ադրբեջանի մարզիկների միջև մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել: Armlur.am-ը փորձեց կապ հաստատել Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանի հետ, ով գտնվում էր Լեռնային Ղարաբաղում և չկարողացավ մեր հարցերին պատասխանել:

Կապվեցինք նրա մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանի հետ, ով մեզ փոխանցեց, որ նախարարի կողմից արդեն հանձնարարվել է կապ հաստատել Թբիլիսիի մեր պատվիրակության հետ: «Նախարարն արդեն հանձնարարել է կապ հաստատել այնտեղի մեր պատվիրակության հետ, ինչպես նաև կազմակերպիչների հետ կխոսենք, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ ևս, որպեսզի մանրամասներին ծանոթանանք և կարողանանք ճիշտ գնահատական տալ: Եթե անհրաժեշտություն եղավ, գնահատականը լինելու է շատ կոշտ, ինչպես եղավ սամբոյի մրցումների ժամանակ, երբ ադրբեջանցի մարզիկը կքանստել էր: Մինչև մենք մեր պատվիրակության և միջազգային պատվիրակությունների հետ չխոսենք` վերջնական գնահատական չի լինելու»,- տեղեկացրեց խոսնակը:

Նա նշեց, որ միջազգային ֆեդերացիայի և մրցումների կազմակերպիչների հետ հեռախոսով չեն կարող նմանատիպ հարցերը քննարկել, դրանք լինում են պաշտոնական գրությամբ փաստերը ներկայացնելու ձևով: «Մի փոքր ավելի ժամանակատար պրոցես է, բայց մենք պետք է կարողանանք մանրամասները ճշտել, նոր: Նախարարն ասել է, որ ինքն էլ ամեն ինչ կանի, որպեսզի ստանան առավելագույն պատիժը, եթե ապացուցվի, որ մեղավոր են: Բայց կարծում եմ` ակնհայտ է, որ մեղավոր են»,- ասաց նախարարի խոսնակն ու հավելեց` մանրամասների մասին առաջիկայում կտեղեկացնեն:

Տեսանյութը հրապարակել են ադրբեջանական կայքերը:




Լրահոս