Շիրակի մարզը պետությանը 23 միլիոն դրամի պարտք ունի. ինչպես է այն գոյացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզը պետությանը 23 միլիոն դրամի պարտք ունի, որը գոյացել է 2013-2014թթ ցորենի սերմացուի դիմաց վճարումները չկատարելուց: Պարտապանները գյուղական համայնքներն են, ավելի ստույգ` գյուղացիները: Ըստ մարզի գյուղոլորտի պատասխանատուների՝ այս գումարը պետք է հավաքագրվի, քանի որ այսկերպ միայն հնարավոր կլինի նոր խմբաքանակի սերմացուի ներկրումն ու բաշխումը:

Շիրակի մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը նշում է, որ իրենք դեռ 2011-ի պարտքի մասին չեն խոսում, թեեւ մարզի բոլոր համայնքապետերին տրված է հանձնարարականներ ճշգրտել եւ ամփոփ տվյալներ ներկայացնել իրենց ունեցած վճարումների մասին: Թերացել են հիմնականում մարզի Ողջի, Զույգաղբյուր, Ջաջուռ, Երազգավորս, Իսահակյան, Աղին, Լուսաղբյուր, Սարակապու, Հայկաձոր համայնքները, որոնցից մի մասը կատարել է մասնակի վճարումներ, մի մասն էլ առհասարակ ոչ մի վճարում չի արել:

Գյուղվարչության պետն ասում է, որ արդեն կազմվել են համապատասխան արձանագրությունները` խնդիրը դատական հարթություն տեղափոխելու համար: Իսկ թե ինչու են համայնքները թերացել սերմացու ցորենի դիմաց վճարելու հարցում, պատասխանատուի համար անհասկանալի է: Մ. Մանուկյանը պնդում է՝ որեւէ մեկը չի կարող ասել, որ սերմացուն վատն է եղել, կամ խնդիրներ են ծագել, քանի որ անցնող գյուղատնտեսական տարիների ընթացքում սերմացուն բավական բարձր բերք է ապահովել, միջինը` 1 հա-ից 70 ցենտներ: Մինչդեռ գյուղացիները նշում են, որ վերջին երկու տարիները գյուղատնտեսական առումով անհաջող են եղել, եւ իրենց ստացած բերքն էլ ակնկալածից պակաս է եղել:

Պարտք վերցնելու տեղ չունեն, վարկերի մասին էլ պիտի մոռանան. տոկոսների տակ «ճռռում են»: Նրանք, ովքեր դրսում արտագնա աշխատող ունեն, դեռ ուղարկված գումարներից մի բան կանեն, իսկ նրանք, ովքեր այդ հույսն էլ չունեն, ուղղակի շվարած են:

Սովորաբար նման դեպքերում քաղաքակիրթ երկրներում պետությունը որոշակի զիջողականություն է ցուցաբերում: Մնում է հուսալ, որ մեր Կառավարությունը եւս քայլ կկատարի ու գոնե կհետաձգի պարտքի մարումը:

Արման Գրիգորյան
Գյումրի




Լրահոս