Գյումրու նորընտրի քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկսել է ջրի երես դուրս բերել իր նախորդի՝ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ կատարված չարաշահումները: Երեկ Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ ավագանու սեպտեմբերի 14-ի որոշմամբ օտարվել է համայնքին պատկանող «Գազ 13» («Չայկա») մակնիշի ավտոմեքենան, այն էլ բավական ծիծաղելի գնով` 100 հազար դրամով: Գնորդն էլ եղել է ոչ այլ ոք, քան Վ. Ղուկասյանի եղբայր Գեւորգ Ղուկասյանը: Վերջինս էլ առքուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքել եւ օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմել: Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս հայտարարությունը հիմք է դատախազության համար, որպեսզի քրեական գործ հարուցվի: Իսկ նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կարդացել եմ ու շատ զարմացած եմ, որ այդ շենքում նստած մարդիկ կարող են ենթադրություններով ու երեւակայական մտքերով հաղորդագրություններ կազմել ու տարածել: Այդ մարդիկ փոքր պատասխանատվության զգացում ունեն, որ նմանատիպ հաղորդագրություններ են տարածում: Չստացվի էնպես, որ ստիպված լինեք մարդկանց հերթականությամբ հիշեցնել իրենց դիրքը եւ տեղը»:
ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ