Սերժ Սարգսյանն ու նրան սպասարկող անհատներն ու կազմակերպությունները սահմանադրական փոփոխությունների իրականացման հիմնական նպատակը համարում են նոր պետակառավարման համակարգի միջոցով ներքին դժվարությունների հաղթահարումը:
Փոփոխությունների հիմնավորումն ապահովող «Հայեցակարգը» եւս կրում է այդ դրոշմը, որում քանիցս շեշտվում է մարդուն արժեւորող միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը: Թղթի վրա լավագույն ցանկությունների ու բաժակաճառերի ժողովածու հիշեցնող այս փաստաթուղթը, արհամարհելով ներկայիս իրավիճակն ու դրա պատասխանատուների հիմնախնդիրը, թյուրըմբռնում է ստեղծում, թե Սահմանադրության փոփոխության դեպքում ՀՀ քաղաքացու հանդեպ իշխանություններն արժանապատիվ վերաբերմունք են ցուցաբերելու:
Այսպես, Սարգսյանի անձնական շահերի սպասարկուի վերածված հայտնի հանձնաժողովի մշակած «Հայեցակարգում» հանդիպում ենք նման հետաքրքիր ձեւակերպման. «Կոնկրետ սահմանադրական լուծումները կոչված են ստեղծելու այն միջավայրը, որն անհրաժեշտ է նախ` իրավունքի գերակայությունը մարդու եւ քաղաքացու սոցիալական արժեվորման միջուկը, նրա ինքնադրսեւորման ու ինքնաիրացման արժեբանական հենքը դարձնելու համար, երկրորդ` իշխանության քաղաքական ու հանրային-իրավական վարքագիծն իրավունքի գերակայության սկզբունքին ներդաշնակելու համար»։
Անշուշտ, նման մոտեցումը բավականին շոյիչ է ու հրապուրիչ, սակայն հայաստանյան ներկայիս իրադրության պայմաններում խիստ ամպագոռգոռ է ու անիրական: Նախ եւ առաջ հարկ է նկատել, որ չկայացած հասարակություններում կառավարման համակարգի հիմնովին փոփոխությունը հազիվ թե հասարակական գիտակցության մեջ նման դրամատիկ նշանակություն ունենա: Եվ ապա` հետաքրքիր է, թե այդ ինչպիսի՞ տիեզերական լուծումներ են ի հայտ բերվելու Սահմանադրության նոր նախագծի մեջ, որ խմբային-կլանային այս վարչակարգը միանգամից վերափոխի ինքզինքն ու արժեւորի իր հետ հարաբերվող քաղաքացուն:
Նախ եւ առաջ պարզվում է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում ստեղծվելու է մի միջավայր, որտեղ քաղաքացու ինքնադրսեւորման հիմքը լինելու է իրավունքի գերակայությունը: Կարծում ենք՝ Հայաստանում հաստատված հոռի բարքերին նույնիսկ մակերեսորեն տեղյակ ցանկացած ոք անկարող կլինի զսպել իր ծիծաղն այսպիսի ձեւակերպումից հետո: Անգամ այսօր՝ իշխանության կարծիքով խիստ անկատար Սահմանադրության պայմաններում, քաղաքացին բացարձակապես արհամարհված է, անարգված որպես արժեք ու իրողություն:
Նման պնդման լավագույն ապացույցը կարելի է տեսնել ամեն օր Կառավարության շենքի առաջ, որտեղ առանձին խմբերով հասարակական տարբեր խավեր արտահայտում են իրենց բողոքն ու դժգոհությունը: Արհամարհվելով անմիջական ղեկավարների կողմից, իրենց դժվարությունների լուծման վերջին հույսով՝ բազմաթիվ մարդիկ ամենօրյա ռեժիմով իրենց կյանքն են մաշում փողոցներում, մինչդեռ Կառավարությունն անգամ արժան չի համարում նրանց խնդրին իրական ցավով մոտենալու, թեկուզ եւ նրանց հետո արժանապատիվ հաղորդակցվելու:
Շատերին էին ցնցել Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց որդեկորույս մայրերի հանդեպ ոստիկանական ապօրինությունների կադրերը: Եվ այս ամենը աչքի տակ ունենալով՝ պիտի հավատա՞նք, որ նոր Սահմանադրությամբ նույն այլանդակությունների հեղինակները ոչ միայն թույլ են տալու քաղաքացուն ինքնադրսեւորվել, այլեւ ընդունելու են մարդու իրավունքի գերակայության փա՞ստը: ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը մի քանի օր առաջ ԱԺ-ում բացահայտել էր այս իշխանության ողջ փիլիսոփայությունը՝ պնդելով, որ ուժեղի մոտ թույլն է մեղավոր: Այս ամենին քաջատեղյակ լինելով՝ այդ ո՞ր մի միամիտն է հավատալու, որ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը մի թղթի կտորով սկսելու են ոչ միայն հարգել քաղաքացուն, այլեւ ընդունել վերջինիս իրավունքի գերակայությունը սեփական շահերի նկատմամբ:
Ի դեպ, այս փոփոխություններով ստեղծվելիք միջավայրի երկրորդ առանձնահատկությունն էլ ենթադրում է, որ իշխանության քաղաքական վարքագիծը ներդաշնակելու է քաղաքացու իրավունքի գերակայությանը: Այս պնդումն ի սկզբանե սին է ու փուչ: Այսպես, Հայաստանում սահմանադրորեն իշխանությունը ձեւավորվում է ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի հիման վրա, ինչը ստորագրված «Հայեցակարգով» հռչակվում է որպես գերակա սկզբունք ամեն ինչի նկատմամբ: Եթե ընտրություններն այսօր համատարած կեղծվում են, այդ կերպ արդյո՞ք չի խախտվում քաղաքացու իրավունքի գերակայության սկզբունքը: Իշխանությունը ձեւավորվում է խայտառակ ապօրինությունների միջոցով՝ ի սկզբանե արհամարհելով մարդու իրավունքի գերակայությունը: Հիմա արդյո՞ք այդ սկզբունքը պարզագույն ընտրակեղծարարությամբ ստորացրած իշխանությունը Գագիկ Հարությունյանի պերճաշուք ձեւակերպումներով ու խառնիճաղանջ տեքստերով հեղափոխվելու է:
Պատասխանը շատ բնական է՝ «Հայեցակարգի» այսօրինակ որեւէ ձեւակերպում չի կարող իրականություն դառնալ, քանի դեռ դրա իրականացնողները բռնազավթել են իշխանությունը, հաստատել տնտեսական մենաշնորհներ եւ քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար են տեսնում հանցաշխարհի կանոններով: Տարվա առաջին եռամսյակում տեղի ունեցած բոլոր աղմկահարույց իրադարձությունները գործնականում ապացուցեցին, որ Սարգսյանի իշխանությունը բնավ էլ մտահոգված չէ քաղաքացու իրավունքը հարգելու խնդրով: Ի վերջո, հաստատապես ավելի ազնիվ կլիներ, որ այսպիսի «Հայեցակարգ» հրապարակելու փոխարեն Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նիստերից մեկում մի ելույթ էլ գործող Սահմանադրության դեմ ունենար՝ այն հռչակելով իբրեւ հերթական չարիք:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ