«ԻՐԵՆՑ ԱՄԲՈՂՋ ԸՆՏԱՆԻՔՆ Է ԽԱԲԵԲԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ քաղաքացի Հրեղեն Խաչատրյանը շուրջ երկու տարի է, ինչ բնակարան է գնել, բայց չի կարողանում տնօրինել, քանի որ տունը վաճառած  Վահան Նադարյանը` Բոքսի հայաթի Նադալը, իր տան դիմաց ստացված գումարը տվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի որդուն` Շահենին: Վերջինս այսօր հրաժարվում է գումարը վերադարձնել Նադալին: Պարզվում է` միայն Հրեղենը չէ, որ տուժել է Շահենից: Տուժածների թիվն ավելանում է:
Շահեն Պետրոսյանի դեմ գումարային պահանջով դատարան է դիմել նաեւ լոգոպետ Սիլվա Մադոյանը, ում Շահենը միջնորդավորված ձեւով փոխանցել է. «Ձեր անհետացած ազգականին գտնենք, պարտք գումարը ջրենք»… Իսկ թե ինչպես էր տիկին Սիլվայի խնայած գումարը 3 տարի առաջ հասել իրեն անծանոթ Շահենի մոտ, պատմեց տուժած կինը:
Նրա խոսքով՝ ինքը Շահենին անձամբ չի ճանաչել, հետագայում է իմացել, որ Շահենը իր 35 տարվա ընկերուհու՝ մանկավարժ Հեղինե Թուխիկյանի որդու՝ Էդգարի ընկերն է: Ամեն ինչ սկսել է նրանից, որ Էդգարը երիկամի հետ կապված առողջական խնդիր է ունեցել, եւ Հեղինեն, իմանալով, որ Սիլվան խնայած գումար ունի, այն պարտքով տալու խնդրանքով դիմել է նրան: «Տղան՝ Էդգարը, ուներ երիկամների պրոբլեմ: Իմ ընկերուհին` Թուխիկյան Հեղինեն, որ հիմա Մոսկվայում է գտնվում, խնդրեց օգնել իրեն: Իրա տղան Շահենի ընկերն էր՝ 20-ն անց երիտասարդ… Իրանք գիտեին՝ որոշակի գումար ունեմ: Ինձ մոտեցավ ու ասաց՝ Սիլվա՛ ջան, էդ գումարից կարո՞ղ ես տրամադրել Էդգարին, որ գնա իր բուժումն անի, որովհետեւ երիկամներից մեկը կնճռոտված է: Իհարկե պետք է նեցուկ կանգնեի նրան: Ես տվեցի էդ գումարը: Ինքն ասաց՝ տատիկի տունը պիտի վաճառեն, իմ գումարն անմիջապես կվերադարձնեն: Էնպես ստացվեց, որ մեկ շաբաթով ես ու իմ տղան գնացինք հանրապետությունից դուրս` հանգստանալու»,-երեք տարի առաջվա դեպքերը պատմում է տիկին Սիլվան՝ նշելով, որ ինքը նախապես ասել էր, որ եթե գումարը բերեն, իրենք տանը չլինեն, մյուս որդուն տան:
Երբ հանգստից վերադարձել են, տան հեռախոսի վրա տեսել են Էդգարի հեռախոսահամարը եւ կապվել նրա հետ. «Զանգեցի Էդգարին, որը սկսեց կմկմալ. ասաց՝ մենք հլը էդ մեկսենյականոցի առքուվաճառքը չենք արել, մի քիչ էլ համբերե՛ք, էդ առքուվաճառքը կանենք կտանք: Այնինչ իրենք արդեն արել էին առքուվաճառքը, էդ Շահեն կոչեցյալը տղայի ձեռքից ե՛ւ տղայի տատի տան փողն էր վերցրել, ե՛ւ իմ գումարը, որն էդ մեկսենյականոց բնակարանի գումարից ինձ պիտի հատկացներ: Ասել էր՝ եթե այդ կինն այստեղ չի, այդ գումարը լրի՛վ տուր մի քանի օրով, ֆռռացնեմ ու քեզ կվերադարձնեմ: Այդ ընկերուհուս ամուսինն ու տղան արդեն Մոսկվայում էին, իրենք երկուսով պետք է տեղափոխվեին այնտեղ: 6 ամիս այդ մայր ու տղան՝ սոված, ծարավ, իմ տանն են կերել, որովհետեւ ո՛չ աշխատում էին, ո՛չ գումար ունեին, ոչ մի բան: Սպասում էին, թե Շահենը երբ պետք ա էդ գումարն իրենց վերադարձնի: Էնպիսի ողբերգական վիճակի մեջ էին, չեք կարող պատկերացնել: Եւ էս Շահենն անընդհատ ասում էր՝ կտամ գումարը: 6 ամիս ձգձգեց, մինչեւ էդ մարդիկ տեսան՝ անհնար է դառնում նրանից գումար ստանալ: Չգիտեմ՝ ինչ միջոցով, իրենք մի կերպ ընկել են Մոսկվա: Նույնիսկ գումար չեն ունեցել, որ իրենց իրերն անցկացնեն վերցնեն: 6-7 ամիս իրենց իրերը մնացել է այնտեղ… Նախքան գնալը իրենք այդ տղային (Շահենին) բերեցին մեր տուն, մի հատ թղթի կտոր գրեց… որ ես՝ էսինչ էսինչյանս, 3550 դոլար պարտավորվում եմ վերադարձնել: Էդպես էլ գնաց ու գնաց, մինչեւ էս վերջերս ես զանգեցի Էդգարին, Էդգարն ինձ ասեց՝ Սիլվա՛ տոտա, մենք ձեռքներս փող չունենք, վարձով էլ մնում ենք, ինքը հա ասում ա՝ կտամ ու չի տալիս: Ասում ա՝ Սիլվա՛ տոտա ջան, մի բան արա՛ էլի: Ասեցի լավ, կգնամ իրա պապայի մոտ: Գնացի իրենց դատարան, բայց օգնականը դուրս եկավ: Ես նամակ գրեցի, որ չեմ ուզում ձեզ վնաս տամ, իմ գումարն ինձ վերադարձրե՛ք, իմ հարցերը լուծե՛ք վերջանա: Մեկ ամսվա իրա աշխատավարձն է դատավորի: Զանգեց Շահենի մայրը, թե՝ տիկի՛ն Սիլվա, մենք գիտենք՝ Դուք ով եք, մենք անպայման Ձեր գումարը կվերադարձնենք, այդպես մի քանի ամիս, պարզվեց՝ իրենց ամբողջ ընտանիքն է խաբեբա: Ստիպված երկու ամիս առաջ ես գնացի, դատարան դիմեցի: Հիմա դատը պետք է լինի նոյեմբերի 14-ին»:  
Դրանից հետո Շահենը Մոսկվայից է զանգել տիկին Սիլվային եւ նորից նույն խոստումը տվել. «Շահենը ինձ երկու անգամ զանգեց Մոսկվայից, թե՝ տիկի՛ն Սիլվա, ես կգամ, Ձեր փողը կտամ… Այսպես խաբում է, թե ձեռ է առնում՝ չգիտեմ: Եւ այդ պառավ կինը՝ տատիկը, ում  տունը վաճառել էին, հիմա վարձով է մնում մեկ ուրիշ տեղ: Ես ոնց հասկանում եմ՝ Էդգարը դատարան չի դիմում, որովհետեւ վախենում է այդ տղայից, որովհետեւ ինքը Մոսկվայում շատ մեծ կապեր ունի. հորեղբայրն ինչ-որ մեծ գործերի մեջ է»:
Տիկին Սիլվան մեկ ուշագրավ հանգամանք եւս նշեց. «Հորեղբորս տղայի տղան Մոսկվայում անհետացավ, ավելի ճիշտ՝ սպանեցին, գետի միջից հանեցին՝ 15 տարեկան, հեռուստացույցով էլ ցույց տվեցին՝ Արիստակեսյան Դավիթ: Շահենը դիմել էր Էդգարին, թե՝ Սիլվա տոտային ասա՛, ես իրանց տղային գտնեմ, ինքը փողը հեչ անի… Ես Էդգարին ասեցի, բայց նա ի՞նչ գործ ունի՝ էդ հարցերով ինձ դիմի, օրենքի մարդիկ կան, որ զբաղվում են այդ հարցով. էդ ի՞նչ պետք է անի, որ դիակ գտնի կամ մեր երեխային բերի»:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածներից հետո «փակ» հեռախոսահամարից Հրեղեն Խաչատրյանը հեռախոսազանգ է ստացել: Զանգահարողը ներկայացել նախագահականի աշխատակազմի աշխատակից եւ հարցրել տան տեղը, ապա սպառնացել. «Դու չես վախենո՞ւմ, որ մի օր մեքենայի տակ ընկնես կամ մի բան պատահի քեզ հետ»: Թե ովքեր եւ ինչ նպատակով են նախագահականից ու փակ համարից զանգահարում, առնվազն կասկածելի է եւ պետք է հետաքրքրի նաեւ նախագահականի անվտանգության աշխատակիցներին:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս