Փոսի Վարդանը հաշմանդա՞մ կմնա. որքանո՞վ է նրա նկատմամբ մահափորձը կապված Երրորդմասցի Լյովիկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ մարտի 30-ին՝ ժամը 03:00-ին, Շենգավիթում հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Վարդան Կարապետյանի(Փոսի Վարդան) դեմ մահափորձի գործով նախաքննությունը շարունակվում է: Վ. Կարապետյանն արդեն ցուցմունք է տվել, սակայն դեռևս պարզ չէ՝ ով է եղել նրա վրա կրակողը:

Նշենք, որ Վարդան Կարապետյանը շարունակում է բուժում ստանալ «Էրեբունի» ԲԿ-ում: ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ նա վերջնականապես չի բուժվել, չի բացառվում, որ հաշմանդամ մնա: Հիշեցնենք, որ ստացած հրազենային վիրավորումից վնասվել էր Վ. Կարապետյանի որովայնային հատվածը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Վարդան Կարապետյանը, չհերքված լուրերի համաձայն, մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանված քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) մերձավորներից է: Armlur.am-ի հետ զրույցում հարևանները հայտնել են, որ դեպքից որոշ ժամանակ առաջ Վարդանի տունը իրավապահները խուզարկել են, իսկ արդեն վիրավորված ժամանակ նա հարևաններին ասել է, թե կրակողը «գլխարկով է եղել», սակայն ինքը դեմքը չի տեսել: Հարևանները մեզ նաև հայտնել էին, որ Վարդան Կարապետյանն իրենց թաղամասում խնդիրներ չուներ, անձնական հարցերն այդ տարածքում չէր լուծում:

Այս պահին կատարվածի շուրջ տարբեր վարկածներ կան: Դրանցից մեկն այն է, որ տեղի ունեցածը կապված է Երրորդմասցի Լյովիկի հետ: Սակայն սա դեռևս հաստատված չէ: Մնում է սպասել՝ ինչ կպարզի քննությունը:




Լրահոս