ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության վերջին նիստի ժամանակ անդրադարձավ Կառավարությանն առընթեր ծրագրերի իրականացման գրասենյակների՝ ԾԻԳ-երի աշխատանքին: Նա նշեց, որ ԾԻԳ-երի ղեկավարներին զգուշացրել է զերծ մնալ կոռուպիցիայից, հակառակ դեպքում կազատվեն պաշտոններից: Տեղեկացնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատը ԾԻԳ-երի կողմից իրականացված աշխատանքների հետ կապված ուսումնասիրություններ է կատարել եւ բազմաթիվ խախտումներ հայտնաբերել:
ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ թվով 32 համայնքում 2012 թվականին սկսված եւ չավարտված գազամատակարարման եւ ջրամատակարարման շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են:
Սակայն 2013 թվականին Խոզնավար, Խնածախ, Վաղատուր եւ Արտանիշ համայնքների գազաֆիկացման աշխատանքների ավարտից հետո նշված համայնքները դեռ չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են եւ ենթակա չեն շահագործման: Այդ պատճառով էլ մինչ օրս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի ընդունում այդ գազատարները:
Թեեւ ՎՊ-ն պնդում է, որ նշված խնդիրը կարգավորվում է, այնուամենայնիվ, փաստենք, որ տվյալ գյուղերի տները դեռևս գազաֆիկացված չեն, եւ հայտնի էլ չէ, թե երբ բնակիչները գազ կսպառեն: Նշված համայնքներում գազաֆիկացման հնարավորությունն ապահովելու նպատակով միջին ճնշման գազատարների լրացուցիչ շին-մոնտաժային աշխատանքների կատարման համար 2014 թվականի նոյեմբերին նոր պայմանագիր է կնքվել՝ 173.6 մլն դրամ արժեքով: Իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2015 թվականի ընթացքում:
Բացի այս՝ 2014 թվականի տարեկան աշխատանքային պլան-բյուջեով նախատեսվել էր նաեւ Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերի թվով 25 համայնքում իրականացնել 252.8 կմ երկարությամբ գազաֆիկացման, 5.2 կմ երկարությամբ ջրամատակարարման եւ մեկ խորքային հորի կառուցման աշխատանքներ: Սակայն ՎՊ-ի կողմից իրականացված ստուգումների ժամանակ այդ աշխատանքները նույնիսկ դեռ սկսված չեն եղել: Պատճառը միջազգային մրցույթի գործընթացի մեկնարկի ուշացումն է եղել: Մինչդեռ կնքված պայմանագրերով նշված աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016 թվականին: Եւ քանի որ ծրագիրը դեռ չի ավարտվել, դրա նկատմամբ վերահսկողությունը ՎՊ-ն կշարունակի նաեւ այս տարի ու իր գնահատականը կներկայացնի 2015 թվականի տարեկան հաշվետվությունում:
Տեղեկանալու համար, թե Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ Վաղատուր եւ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքներում երկու տարի շարունակվող գազաֆիկացման աշխատանքներն ինչու այդպես էլ չեն ավարտվում, «Ժողովուրդ»-ը զրուցեց այդ համայնքների ղեկավարների հետ:
Խնածախի գյուղապետ Կարո Թավադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ երկնագույն վառելիքի` գյուղացիների տները մտնելը դեռ բավականին անելիք կա: «Հիմնական կոչված մագիստրալը Քարաշենի տարածքից դեռ միացված չէ, բայց ծրագիրը հաստատված է, եւ հուսով ենք, որ այն շուտով կյանքի կկոչվի: Պետք է նոր գիծ քաշվի, բայց գազատար խողովակները չկան: Նաեւ գյուղում էլ լրացուցիչ գիծ է առաջ եկել, այսինքն՝ տներ կան, որոնց մոտ նույնպես պետք է խողովակներ միանան: Բացի այս՝ թերի են կատարված շին-մոնտաժման աշխատանքները, դրա համար էլ «Գազպրոմ Արմենիա»-ն չի ընդունում գազատարները»,- ներկայացրեց գյուղապետը:
Ի դեպ, գյուղի բնակիչները նույնպես իրենց տները գազաֆիկացնելու համար դեռ պետք է վճարումներ անեն: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ գազաֆիկացման աշխատանքներում պետք է իրենց ֆինանսական ներդրումն ունենային նաեւ գյուղապետարանները 10 տոկոսի չափով: Խնածախի գյուղապետ Կարո Թավադյանը «ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք համայնքային բյուջեից մոտ 21 մլն դրամ պետք է ներդնեն՝ գազաֆիկացման աշխատանքները իրականացնելու համար: Սակայն այսօր համայնքապետարանն ի վիճակի չէ այդ գումարը մուծել. «Գուցե՞ Կառավարությունը կամ մարզպետարանը վճարի, որովհետեւ մենք ընդհանրապես գումար չունենք»,- նշեց գյուղապետը:
Խոզնավարի գյուղապետարանը նույնպես ներդրում չի կատարել. գումար չկա: «Չգիտեմ, թե ինչպես ենք վճարելու այդ 10 տոկոսը: Փոքր գյուղ է, բյուջե չունենք: Մեզ մնում է սպասել եւ տեսնել, թե մարզպետն ինչ կանի»,- փոխանցեց Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանը:
Նրանից տեղեկացանք, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ը 2013 թվականի օգոստոսին դիմել է դատարան` Խոզնավարի համայնքապետարանից 14 մլն դրամ բռնագանձելու պահանջով: Նշված գումարը հենց գազաֆիկացման աշխատանքների 10 տոկոսի ներդրումն է, որը պետք է աներ Խոզնավարի գյուղապետարանը: Ուշագրավ է, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ը, դեռ չավարտած Սյունիքի մարզի երեք եւ Գեղարքունիքի մարզի մեկ գյուղերի գազաֆիկացման աշխատանքները, գյուղապետարաններից պահանջում է կատարել 10 տոկոս ներդրումը:
«Ժողովուրդ»-ի հարցին` ի վերջո, այս տարի ձմռանը գյուղերի բնակիչները գազ կունենա՞ն, թե՞ ոչ, գյուղապետերը դժվարացան հստակ պատասխան տալ, քանի որ բոլորն էլ թերահավատորեն են վերաբերվում ծրագրի հաջող ավարտին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ», սակայն ԾԻԳ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել: Նա ողջ օրվա ընթացքում ժողովի էր:
Մեզ մնում է սպասել, թե վարչապետի այս նախազգուշացումը ինչ ազդեցություն կունենա: Արդյոք դրանից հետո կլինեն կոնկրետ քայլեր` թերացումների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, թե դա պարզապես հերթական ձեւական նախատինքներից մեկն էր, կերեւա առաջիկայում:
Հ.Գ. Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետի նախազգուշացումից հետո ԾԻԳ-երի ղեկավարներն այս օրերին «վախեցած» իրենց աշխատակազմերի հետ քննարկումներ են անցկացնում` կատարած թերացումները շտկելու նպատակով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ