Հայրիկ Մուրադյանին ինչպես հարկն է` մեծարեցի՞նք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մայիսի 3-ին լրացավ հայ երգի վարպետ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 110-ամյակը: Օրերս տեղի ունեցավ հոբելյանական այս առիթին եւ Վանի հերոսամարտին նվիրված համերգ, որին մասնակցեցին տասից ավել ազգագրական խմբեր եւ անհատ կատարողներ: Արվեստասեր հասարակության մի հատված, սակայն, դժգոհ մնաց վարպետին նվիրված միջոցառումներից եւ նրա հոբելյանի նշանավորումից:

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանն, օրինակ, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը հիասթափված է հոբելյանական միջացառումներից եւ կարծիք հայտնեց, որ ավանդական երգի պահպանության եւ գալիք սերունդներին փոխանցելու գործում մեծ վաստակ ունեցող վարպետի 100-ամյակն ավելի ջերմ ուշադրության էր արժանի: «Իսկ ի՞նչ «փառահեղ» գործերով է ծանրաբեռնված մեր նախարարությունը, արդյո՞ք միայն ճոռոմ փաստարկներով: Նրանք ոչինչ էլ չեն կարող պահպանել ու պրոպագանդել, էլի պետք է ժողովուրդը տարերայնորեն շարունակի զբաղվել դրանով: Բայց չէ՞ որ մշակույթի նախարարությունը նաեւ ոչ նյութական արժեքների պահպանողը պետք է լինի»,- ընդգծեց Ջ. Բառնասյանը:

Իսկ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մայիսի 11-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սպասվում է Հայրիկ Մուրադյանին նվիրված համերգ-ներկայացում, որին աջակցում է նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը:

Գ.Գինոսյանի համոզմամբ` այս հոբելյանը համաժողովրդական տոնի վերածելը ժողովրդի գործն է. «Կարծում եմ` սեւեռումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա թույլ չտվեց հոբելյանը նշել ինչպես հարկն է»,-նկատեց նա:

Գ. Գինոսյանը նաեւ ընդգծեց, որ Հայրիկ Մուրադյանին նվիրված միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն եւ չկազմակերպվեն հոբելյանից հոբելյան միայն. «Ամեն դեպքում, պետությունը պետք է ամենօրյա աշխատանք տանի` նման մեծությանը եւ նրա կատարած աշխատանքը նշանավորելու ուղղությամբ»,- հավելեց նա:

Նշենք նաեւ, որ առաջիկա ամիսներին Գյումրիում, Արմավիրում, Եղեգնաձորում, ինչպես նաեւ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ապրող հայ երիտասարդների համար կկազմակերպվեն հայ ավանդական երգի ու պարի դասեր. նախաձեռնողը «Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպությունն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս