Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի և Շուշիի ազատագրման 23-ամյակի առթիվ, նախքան Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում կազմակերպված տոնական շքերթը, պատերազմի վետերաններն ու ազատամարտիկները Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են տեղերում Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան-հուշակոթողների տարածքներ՝ հարգանքի տուրք մատուցելով զինակից ընկերների հիշատակին:
Հարգանքի տուրք է մատուցվել նաև Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին: Երևանի քաղապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ու մայրաքաղաքի «Մաշտոց» տարածքի զինվորական կոմիսար, Հովհաննես Բաղրամյանի եղբոր թոռ, գնդապետ Արթուր Բաղրամյանը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել հայազգի մեծանուն զորահրամանատարի հուշարձանին:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բոլոր վարչական շրջաններում անցկացվել են նաև տոնական միջոցառումներ, որոնք մեկնարկել էին դեռևս նախօրեին: Համերգային ծրագրերին ելույթ են ունեցել մշակույթի տների, արվեստի դպրոցների սաներ՝ կատարելով մայիսյան հաղթանակներին նվիրված ստեղծագործություններ: