«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է ՏՈՒԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նիստում քննվել են մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներ: Դրանք են  «ԱրմենՏել», «Հայփոստ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունները, որոնցից, սակայն,  միայն  «ԱրմենՏել»-ն է տուգանվել 30 մլն դրամով:
Տեղեկացնենք, որ «ԱրմենՏել»-ն այս երկու տարվա մեջ արդեն 4-րդ անգամ է հայտնվում ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: Այս անգամ պատճառն այն է, որ առանց սպառողին տեղեկացնելու ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կիրառվել է տարբերակված սակագին:
Իսկ դժգոհողը «Ալիաս» ընկերությունն է, որը դիմում-բողոք է ներկայացրել հանձնաժողով` տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏել»-ի «Էքսքլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից: Ըստ «ԱրմենՏել»-ի կայքում դրված տեղեկատվության՝ այս սակագնային փաթեթով ինտերնետի 1 մբ-ի արժեքը 49 դրամ է: Այսպես նշված է նաեւ տեղեկատվական բուկլետների վրա: Եւ «Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս փաթեթից` վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից 1 մբ-ի համար գանձվել է ոչ թե 49, այլ 90 դրամ: «ԱրմենՏել»-ի բացատրությունների համաձայն՝ սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1 մբ-ն արժե 90 դրամ, իսկ «Էքսքլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն:
«Ալիաս» խորհրդատվական ընկերության տնօրեն Լեւոն Խալաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց «ԱրմենՏել»-ի դեմ բողոքի գործընթացը. «Ես մոտ երկու ամիս գրավոր եւ բանավոր դիմել եմ «ԱրմենՏել»-ին: Նրանք ցանկություն չեն ունեցել ինձ հետ հաղորդակցվելու: Իրենք մտածում էին, որ այս հարցը կարելի է թողնել անպատասխան: Իրենցից բացասական պատասխան ստանալուց հետո դիմեցի հանձնաժողով»:
Զրուցեցինք «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Անուշ Բեղլոյանի հետ, որը հայտարարեց, թե իրենք համաձայն չեն ՏՄՊՊՀ-ի կայացրած որոշման հետ: «Հանձնաժողովը ցուցաբերել է կողմնակի եւ ոչ օբյեկտիվ մոտեցում եւ, ամենագլխավորը, այդ որոշումը կայացրել է մեկ անձի բողոքի հիման վրա: Պարզ է, որ այստեղ տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչը նաեւ մեր կողմից ասվել է նիստի ժամանակ»,-նկատեց մամլո խոսնակը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մտահոգում է հանձնաժողովի այն գործելաոճը, որ մի անձի բողոքի հիման վրա կայացվում է  որոշում, որը հիմնված չէ ո՛չ համապատասխան ուսումնասիրությունների, ո՛չ էլ հանձնաժողովի սեփական վերլուծության վրա:
«Ինչպե՞ս է այդ մեկ, եզակի, ոչ միտումնավոր, այսպես կոչված մոլորեցումը անդրադարձել մրցակցության վրա: Արդյոք դա անդրադարձել է մրցակցության վրա կամ ունեցե՞լ է ճակատագրական նշանակություն շուկայում: Ինչպե՞ս կարելի է այսպիսի ձեւակերպումներով տուգանել մի ընկերության, որը խոշոր հարկատու է եւ միլիարդավոր դրամներ է տալիս պետական հարկերի տեսքով»,-վրդովված նկատեց «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը, որի համոզմամբ՝ հանձնաժողովի նմանատիպ մոտեցումը վախեցնում է պոտենցիալ ներդրողներին: «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ամենայն հավանականությամբ կբողոքարկենք այս որոշումը: Մենք կարծում ենք, որ սկզբունքայնորեն պետք է դրա մասին բարձրաձայնենք եւ փորձենք այնպես անել, որպեսզի հանձնաժողովն ավելի պատշաճ աշխատի»,-հայտարարեց խոսնակը:
Տեսակետ կա, որ «ԱրմենՏել»-ին փորձում են խեղճացնել` ճանապարհ բացելով «Յուքոմ»-ի համար, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե հնարավոր է՝ այս ամենը միտումնավոր է արվում` «ԱրմենՏել»-ի դիրքերը շուկայում թուլացնելու համար, ընկերության խոսնակը պատասխանեց.  «Չեմ կարծում, որ դա այդպես է, քանի որ «ԱրմենՏել»-ը 100 տոկոս արտասահմանյան ընկերություն է, եւ մեզ համար այդ տույժը չի կրում ճակատագրական նշանակություն»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս