ԱՌԱՋԻՆ ՉՎԵՐԹԸ ԿԼԻՆԻ ՄՈՏ ՕՐԵՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին պարբերաբար նոր ժամկետներ են հայտնվում լրատվամիջոցներում: Վերջին տեղեկության համաձայն՝ անդրանիկ թռիչքը պետք է կայանար հոկտեմբերի առաջին տասնօրյակում, սակայն նորից լուրը հերքվում է ԼՂՀ կառավարության եւ քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից:
ԼՂՀ վարչապետը հստակեցնում է, որ դեռեւս շուտ է չվերթերի ժամկետը նշելու համար: «Առաջին չվերթը, իրոք, կլինի մոտ օրերին, սակայն դա կլինի տեխնիկական թռիչք: Ուղեւորափոխադրումների մասին խոսելու համար դեռ շուտ է»,-նշում է Ա. Հարությունյանը:  Գրեթե նույն պատասխանը ստացանք նաեւ ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունում: ՔԱՎ պետ Դմիտրի Ադբաշյանը հաստատեց, որ առաջին թռիչքը կլինի տեխնիկական զննման նպատակով, սակայն ժամկետ չնշեց:
Երեւան-Ստեփանակերտ եւ հակառակ ուղղությամբ չվերթերի ժամկետների ձգձգման պատճառները, ԼՂՀ ՔԱՎ պետի խոսքով, հիմնականում տեխնիկական բնույթի են, որոնք լուծման փուլում են: Ինչ վերաբերում է աշխատակազմի պատրաստվածությանը, ապա, Ադբաշյանի վստահեցմամբ, բոլոր մասնագետները՝ օդաչուներ, ուղեկցորդուհիներ եւ այլն, լիարժեք պատրաստ են աշխատելու:
Խոսելով թռիչքների անվտանգության եւ Ադրբեջանի սպառնալիքների մասին՝ Ադբաշյանը նկատեց. «Կա անվտանգություն 2 ձեւ՝ ավիացիոն եւ թռիչքային: Թռիչքային անվտանգությունը ապահովված է 101%-ով, իսկ ավիացիոն անվտանգության համար ոչ մեկը 100% երախիք չի կարող տալ»:
Ամեն դեպքում, Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներն Ադբաշյանն անլուրջ է համարում, քանի որ քաղավիացիայի միջազգային կազմակերպությունն ունի օրենքներ, որոնք կարգավորում են հարեւան երկրների հարաբերությունները միջազգային թռիչքներ իրականացնելիս: «Քանի որ Ադրբեջանն այդ կազմակերպության անդամ է, ապա պարտավոր է պահպանել համաձայնագրի դրույթները, որի տակ ստորագրել է»,-ասում է Արցախի ՔԱՎ-ի պետը:
Հիշեցնենք, որ Արցախի օդանավակայանը փակվել է արցախյան պատերազմի տարիներին՝ 1992թ.: Նոր օդանավակայանը շահագործման է հանձնվել 2011թ. մարտին:

ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆ
Արցախ




Լրահոս