Թուրքիայի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից Հայաստանը կօգտվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, թե ԵՏՄ-ն համարում է անհրաժեշտ նախագիծ: Վերջինիս խոսքով՝ չնայած ապրանքաշրջանառության անկմանը՝ կառույցի նկատմամբ հետաքրքրություն կա. «Քննադատում են, որ ապրանքաշրջանառությունը նվազել է, իհարկե, նվազել է, քանի որ դոլարի փոխարժեքն ընկել է: 40 երկիր հետաքրքրություն են դրսեւորում մեր միության նկատմամբ»,- ասել է Նազարբաեւը` այդ երկրների թվում առանձնացնելով Թուրքիային:

Նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրման բանակցությունները գտնվում են ավարտական փուլում: «Ավելի ուշ (ուրբաթ) տեղի կունենա ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որից հետո Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի մասնակցությամբ գերագույն խորհուրդ կգումարվի: Աթամբաեւի մասնակցությամբ գերագույն խորհուրդը հատկանշական է նրանով, որ Ղրղզստանի եւ ԵՏՄ ինտեգրման մասին բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում: Բնականաբար դա հեշտ գործընթաց չէ, ուստի բանակցություններն իրոք կլինեն գործնական բնույթի»,-հայտարարել է Պեսկովը:

«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) հետ, որը մշտապես կողմ է արտահայտվել ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությանը: Փորձել ենք պարզել` արդյո՞ք Թուրքիայի` ԵՏՄ-ին անդամագրմամբ ՀՀ-ին վնաս կպատճառվի, թե ընդհակառակը:

-Պարո՛ն Պետրոսյան, ըստ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Թուրքիան հետաքրքրվում է ԵՏՄ-ով, ու չի բացառվում, որ առաջիկայում ԵՏՄ-ին անդամագրվելու շուրջ բանակցություններ սկսվեն Թուրքիայի հետ: Ըստ Ձեզ` նման հեռանկարն ինչպիսի՞ վտանգներ կարող է առաջացնել Հայաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության հարցերում:

-Ես ուղղություններ չեմ գտնում, թե որտեղ Հայաստանը կտուժի, իսկ տնտեսական շուկան ամբողջ աշխարհում բաց է, ինքը սահման չի հարցնում, բիզնեսը շարժվում է այնտեղ, որտեղ նորմալ պայմաններ են: Եթե հիմա Թուրքիան մտնում է ԵՏՄ, թող մտնի, բայց ինքը մեզ օգուտ կամ վնաս չի կարող տալ, քանի որ մեր սահմանները բաց չեն: Իսկ եթե սահմանները բացվեն, օգուտից բացի` վնաս չի լինելու: Անվտանգության առումով էլ այսօր էլ են մեր սահմաններն ամուր, հետո էլ են ամուր լինելու:

-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ ՀՀ իշխանությունները պետք է հավանություն տա՞ն ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

-Դե, հիմա դա նույնն է, որ հարց հնչի, թե մենք ինչու ենք ցանկանում մեր թշնամու հետ սահմանները բացել: Տնտեսության մեջ նման բան չկա, թե նա մեր թշնամին է, ու մենք չպետք է համաձայնենք. եթե մեր թշնամին է, ինչու ենք սահման բացում: Քաղաքականությունը, ազգային խնդիրները ուրիշ ուղղության վրա են դրվում, իսկ տնտեսությունը լրիվ ուրիշ բան է: Տնտեսությունը գոյատեւության, երկրի առաջընթացի, երկրի շարժիչ ուժն է: Ինձ թվում է՝ ցանկացած երկիր էլ, որ անդամագրվի, ինչ-որ չափով լավ ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա: Տեսեք՝ Վիետնամը մեզանից ինչքան հեռու է, բայց երբ ես լսում եմ, որ կարող է Վիետնամը մտնել, ուրախանում եմ, որովհետեւ մի նոր շուկա է բացվում քո դեմ առանց պրոբլեմի: Իսկ այսօր շուկա մտնելը, հավատացեք, աշխարհի ամենադժվար բանն է, որովհետեւ ամեն մեկն իր տեղն ունի, եթե պատկերավոր ասեմ՝ հիմա պետք է ինչ-որ մեկին ասես՝ մի կողմ գնա, ես քո կողքին կանգնեմ, որը, հավատացեք, շատ դժվար է:

Այսօր պետք է շատ լավ ապրանք ունենալ, պետք է շատ լավ որակով ապահովես, լավ պայմաններ առաջարկես, ամեն քայլափոխի պետք է դիմես, որ ասի դե, լավ, մի հատ էլ հայկական ապրանքը փորձենք: Հիմա գնացեք ցանկացած տնտեսական, շինարարական խանութ ու տեսեք, թե ինչքան թուրքական ապրանք կա, Թուրքիան ինչ ցանկանում է, վաճառում է ՀՀ-ում, ցավոք, խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում Թուրքիայում ապրանք վաճառել, այսինքն՝ ինքը մեր շուկայի համար ապրանք ունի, մենք իր համար ապրանք չունենք: Պետք է սրա մասին մտածենք: Տեսեք՝ սահմանները փակ են, դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց այդպիսի տուն չկա, որ թուրքական ապրանք չլինի, կա՞ այդպիսի տուն, որովհետեւ գնային քաղաքականությամբ ինքը հարմար է:

-Այդ դեպքում Թուրքիայի` ԵՏՄ-ին հնարավոր անդամակցության հարցին ինչպե՞ս պետք է արձագանքեն ՀՀ իշխանությունները:

-Դրան ես չեմ կարող պատասխանել, դրան կարող է պատասխանել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա դրան որեւէ վնաս չի կարող հասցվել, ընդհակառակը, դա կարող է առիթ դառնալ, որ մեր սահմանները բացվեն:

-Շուրջ 5 ամիս է, ինչ ՀՀ-ն անդամակցել է ԵՏՄ-ին, ի՞նչ է այն տվել Հայաստանի տնտեսությանը: Ձեր բիզնեսի վրա, օրինակ, որեւէ դրական ազդեցություն նկատո՞ւմ եք:

-Տեխնիկական հարցերը հեշտացել են՝ արտահանում, ներմուծում, ուղղակի ՌԴ-ում արժեզրկվել է ռուբլին, դրա պատճառով գնային տարաձայնություններ կան հայկական եւ ռուսական գործարարներրի միջեւ: Բայց շատ լավ բաներ էլ կան, էդ չինովնիկական բաները դուրս են մնացել, իհարկե, դա բավական չէ: Արտահանման նվազում է եղել, որը, կրկնում եմ, կապված է փոխարժեքի տատանման հետ, բայց դրանք կարգավորվող հարցեր են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս