Անգործության մատնված վերելակները երեւանցիների մշտական մտահոգության առարկան են, քանի որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը անսարք է: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում այս մասին դժգոհություններ ստանալ քաղաքացիներից: Այս անգամ էլ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունների աշխատակիցներն են դժգոհում վերջին շրջանում տեղադրված նոր վերելակներից:
Արդեն մի քանի ամիս է, ինչ կառավարության 3-րդ 7 հարկանի մասնաշենքի (այստեղ տեղակայված են ՀՀ յոթ նախարարություններ) աշխատակիցները ստիպված են ամեն օր ոտքով բարձրանալ իրենց աշատասենյակներ եւ իջնել: Նրանք հույս ունեին, որ երբ վերելակները նորացվեն, քաղաքակիրթ ձեւով կսպասարկեն իրենց: Սակայն մասնաշենքի երեք վերելակներից մեկը ժամանակ առ ժամանակ ընդհանրապես չի աշխատում, իսկ երկու աշխատող վերելակներով ամեն անգամ բարձրանալիս եւ իջնելիս աշխատակիցները ձայներ են լսում, ինչի պատճառով վախենում են օգտվել այդ վերելակներից:
Այս իրավիճակում ամոթալին այն է, որ այդ վերելակից օգտվում են նաեւ արտերկրից ժամանած հյուրերը, ովքեր հանդիպումներ են ունենում նախարարություններում: Իսկ, ահա, չգիտես թե հատկապես որ արժանիքի եւ ինչի համար նախարարներն ու փոխնախարարները հատուկ վերելակից են օգտվում, իրենց համար այն առանձին է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ին ՀՀ Կառավարությունից փոխանցեցին, որ կառավարության 3-րդ մասնաշենքի երեք վերելակներն էլ նոր տեղադրվել են նախորդ տարվա վերջին, եւ իրենց աշխատելու հետ կապված որեւէ խնդիր չկա: Սակայն նախարարությունների աշխատակիցները հակառակն են պնդում:
Այն, որ երեւանյան վերելակներից օգտվելը վտագնավոր է, դա վաղուց հայտնի բան է: Բավարար է հիշել՝ մարտի 21-ին Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ շենքի վերելակն ընկել էր 11-րդ հարկից, ինչի արդյունքում 35-ամյա աղջիկը տեղում մահացել էր: Օրեր անց պարզվեց, որ պոկված վերելակը 2014 թվականին փորձաքննություն չէր անցել եւ շահագործման ենթակա չէր: Այս դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն այդպես էլ դեռ մեղավորներ չկան: Մինչդեռ տվյալ շենքի համատիրությունը, թաղապետարանը պատասխանատու են տվյալ շենքի վերելակի գործունեության համար: Ավելին՝ բազմաբնակարան շենքերի վերելակները փորձաքննության չենթարկելու համար սահմանված է մոտ 1 մլն դրամի չափով տուգանք: Սակայն այստեղ նույնպես վերահսկողության խնդիր կա:
Նշենք, որ ամեն տարի համայնքային բյուջեից միջոցներ են հատկացվում բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում՝ վերելակների պահպանման համար: Հայտնի է, որ Երեւանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերում վերելակների թիվը 4551 է: Տեղեկացանք, որ 2014 թվականին նախատեսված է եղել վերանորոգել 320 վերելակ, սակայն վերանորոգման աշխատանքներ իրականացվել են 959 վերելակներում: «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ 2015 թվականին Երեւանի բյուջեով վերելակային տնտեսության համար նախատեսվել է 98 մլն 392 հազար դրամ, որի շրջանակում կնորոգվի առաջնահերթ նորոգման կարիք ունեցող շուրջ 300 վերելակ:
Հ. Գ. Հիշեցնենք, որ դեռեւս 2007 թվականին, երբ Երեւանի քաղաքապետը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էր, 3 մլրդ դրամ հատկացվեց մայրաքաղաքի վերելակների հիմնանորոգման համար: Հետագայում հայտարարվեց, որ ծրագիրն իրականացված է, սակայն այսօրվա պատկերն աչքներիս առաջ ունենալով՝ կարող ենք պատկերացում կազմել, թե ինչպես է ծախսվել այդ 3 մլրդ դրամը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ