«Հազար երանի մեռնողներին, ո՜ւր էր՝ այդ բախտն ինձ էլ լիներ, գնայի այս անօրեն երկրից, որ այս դառնությունը չզգայի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց 72-ամյա Գեղամ Դանիելյանը, որը օրվա հացի խնդիրը լուծում է՝ մայրաքաղաքի աղբամաններից ուտելիք փնտրելով:
Թեեւ ծերունին չէր ցանկանում մեզ հետ զրուցել, սակայն փոքր ինչ համոզելուց հետո, համաձայնեց պատմել իր կյանքը. «Կինս` Գեղեցիկը, մահացել է 2004թ., ունեմ երկու երեխա, բայց երեխաներս Հայաստանում չեն: Աղջկաս` Անուշին, ամուսնացրել եմ Ախալքալաք, իսկ տղաս ընկած է Ռուսաստանի չոլերը»:
Գեղամի պատմելով՝ երեխաները չգիտեն, որ իրենց հայրը մուրացկանություն է անում. «Որ իմանան, գլուխս կջարդեն, բայց չեմ ուզում նեղություն տամ երեխաներիս ու գաղտնի այս գործն եմ անում»:
Ծերունին ապրում է քրոջ տանը, իսկ իր սեփական տունը վարձակալությամբ է տվել: «Փողը ուղարկում եմ աղջկաս, որ թոռնիկներս ինձ լավով հիշեն ու մեռնելուց հետո գոնե վրաս լացող լինի: Աղջիկս խեղճ է ապրում, տարին մեկ անգամ էլ չեմ կարողանում տեսնել նրան: Իսկ միակ տղաս` Արմենը, հարբեցողությամբ է զբաղվում: Ո՛չ ընտանիքի, ո՛չ էլ ամուսնանալու մասին է մտածում, ու երբ հետը խոսում եմ` հարբած վիճակում է, ի՞նչ անեմ, ասե՛ք»,-ցավով նշեց միայնակ ծերունին եւ շարունակում փորփրել աղբամանը: Գեղամը միայն շուկաների եւ քաղաքի կենտրոնական փողոցների աղբամաններում է հաց փնտրում. «Էնտեղի աղբամաններում, աղջի՛կ ջան, շատ լավ բաներ կան, մեկ-մեկ էլ եղել է, որ ընդհանրապես ձեռ տված չեն եղել ուտելիքին, տանում եմ մոտակա ցայտաղբյուրը, լվանում ու այդպես ապրում եմ»:
Գեղամը դժգոհեց այսօրվա հասարակությունից: «Ծիծաղում են վրաս, մի օր էլ մի կին 3-րդ մասի շենքերից մեկի իր պատշգամբից ջուր լցրեց վրաս: Ճիշտ էլ արեց՝ լցրեց, այդ օրը լավ խմած էի ու հայհոյելով աղբամաններ էի քանդում»,-ծիծաղելով հիշեց ծերունին:
Նա միայն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին է դուրս գալիս փողոց, քանի որ այդ օրերը հաջողակ օրեր են: «Մարդիկ շաբաթ-կիրակի օրերին լավ առեւտուր են անում, ու տեսնեք, թե ի՜նչ ուտելիքներ են առնում»,-հիացած պատմեց նա:
Գեղամի կոստյումի գրպանում նկատեցինք մի գիրք: «Քամյու շատ եմ սիրում, եթե ցանկանում եք, Ձեզ կնվիրեմ, գիտեք՝ ինչ գրականություն ունեմ: Քամյուի «Ժանտախտը» հազար անգամ կարդացել եմ ու հիմա էլ գործս հենց պրծնում եմ, լավ բաներ եմ հավաքում ուտելու համար, սկսում եմ հոգեւոր սովս հագեցնել»,-ասաց Գեղամը` նշելով, որ միակ երազանքն այն է, որ երեխաներն իր կողքին լինեն ու օրվա հացով ապահովված ապրեն: Հրաժեշտից առաջ միայնակ ծերնունին խնդրեց, որ երբեք չծիծաղենք մուրացիկների վրա, նաեւ խորհուրդ տվեց շատ կարդալ ու լավություն անել, քանի որ դա է մարդու միակ հարստությունը:
ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐՈՒՆՈՒ ՄԻԱԿ ԵՐԱԶԱՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ