Դեռեւս մարտի 26-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Կառավարությունում տեղի էր ունեցել «Վարչապետների ակումբի» անդրանիկ նիստը, որին մասնակցել էին Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հրանտ Բագրատյանը: Վարչապետների հանդիպումից հետո հայտարարվեց, որ ընդհանուր քննարկումներ են եղել, իսկ նման հանդիպումները հաճախակի են լինելու: Շուրջ երկու ամիս է անցել, սակայն «Վարչապետների ակումբի» երկրորդ հանդիպման մասին այդպես էլ որեւէ լուր չկա:
Հիշեցնենք, որ անկախությունից ի վեր Հայաստանն ունեցել է 13 վարչապետ: Նախկին վարչապետներն են Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Դարբինյանը, Վազգեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը: Սակայն նրանցից «Վարչապետների ակումբի» անդրանիկ եւ առայժմ միակ հանդիպմանը ներկայացան միայն 5-ը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու նախկին ու ներկայիս վարչապետների երկրորդ հանդիպումը չի կայանում:
-Պարո՛ն Հարությունյան, վարչապետների երկրորդ հանդիպման մասին առայժմ որեւէ լուր չկա: Դուք նշել էիք, որ նման հանդիպումները կարող են նաեւ չլուսաբանվել, արդյո՞ք եղել են ոչ հրապարակային հանդիպումներ, ի՞նչ փուլում է գտնվում ակումբի աշխատանքը:
-Չէ՛, հանդիպումներ չենք ունեցել, բայց չեմ էլ կարծում, որ այդտեղ պետք է փուլեր ընտրել, մտածել… Չեմ կարծում, որ այդտեղ փուլերով նախատեսված աշխատանք է: Մենք պայմանավորվել ենք, որ նախկին վարչապետներից որեւէ մեկը անշուշտ կարող է նախաձեռնել, առաջարկել ակումբի հերթական նիստ: Բայց մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ, որպես կանոն, հավանաբար դա միշտ կանի գործող վարչապետը, դա ավելի տրամաբանական է, որովհետեւ այդ ակումբի գործունեության կարիքն ավելի շատ գործող վարչապետն ունի, քան մնացյալը: Սա է, ո՛չ ավել, ո՛չ պակաս:
-Բայց գուցե Դո՞ւք նախաձեռնեք նման հանդիպում, թե՞ առաջին հանդիպումից հետո կարծում եք, որ վարչապետների այդ ձեւաչափը որեւէ օգտակարություն իր մեջ չի պարունակում, եւ նոր հանդիպման իմաստը չեք տեսնում:
-Եթե այդ հանդիպման անհրաժեշտությունը տեսնեմ, իհարկե, կլինի, կարծում եմ, որ եթե հանրային կյանքում, տնտեսության կամ այլ ոլորտում կուտակվել են խնդիրներ կամ առաջացել է պրոբլեմ, որը միգուցե ունի քննարկման հրատապ անհրաժեշտություն, ապա կարելի է նման հանդիպում նախաձեռնել: Թեպետեւ մեր պարագայում, կոնկրետ իմ պարագայում, նման հարցի քննարկումը կարող է լինել ֆրակցիայում, կուսակցությունում: Եկեք համաձայնենք, որ ես ավելի շուտ կգնամ այդ ճանապարհով:
-Իսկ այսօր Հայաստանը սոցիալական, տնտեսական այնպիսի խնդիրներ չունի՞, որոնք հրատապ քննարկման անհրաժեշտությունը` նախկին վարչապետների մակարդակով, առկա է:
-Բայց մենք մեր ֆրակցիայում քննարկում ենք, իհարկե, կարելի է քննարկել, իհարկե, կարելի է այդ հարցերը նախագահների հետ էլ քննարկել, բայց դա ինքնանպատակ չի: Նպատակը ո՞րն է, եթե կա հարց, պետք է փորձել այդ հարցի լուծման ավելի ռացիոնալ ճանապարհը գտնել: Ես կարծում եմ, որ գոնե իմ պարագայում, որպես նախկին վարչապետ, որը հիմա ընդգրկված է Հանրապետական կուսակցության ֆրակցիայի մեջ, եթե առօրյա կյանքում, տնտեսության մեջ առաջանան խնդիրներ, ես ավելի կարճ ճանապարհն էլ ունեմ՝ այդ խնդիրների արդյունավետ լուծմանը հասնելու համար: Դա ֆրակցիան է, դա կուսակցության հնարավորություններն են, վերջ ի վերջո, շփումներն են վարչապետի հետ, ծայրահեղ դեպքում: Դրա համար ես կարծում եմ, որ վարչապետների ակումբի այդ հնարավորությունը կմնա հիմնականում որպես գործող վարչապետի համար հնարավորություն, նախկին վարչապետները չեմ կարծում, որ երբեւէ կօգտվեն դրանից:
-Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այդ նախաձեռնությունը ինքնանպատա՞կ էր եւ ընդամենը PR քա՞յլ:
-Գիտեք՝ շատ շտապում եք եզրակացություններ անել, ընդամենը եղել է մեկ հանդիպում: Վերջ ի վերջո, սա ինստիտուտ է, որը պետք է կայանա, սա ավանդույթ է, սովորույթ է, որը պետք է մեզանում ձեւավորվի ու, ընդ որում, այնպես, որ բոլորը դրա կարիքն ունենան: Համաձայնեք, որ սա ժամանակ է պահանջում, պետք չէ շտապել: Ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ ճակատագրական բան կա, կարող է նաեւ լինի մարդ, որ այդ ակումբը չի ընդունի, կարող է՝ ինչ-որ մեկն էլ մյուսի հետ չի կարող նույն սեղանի շուրջ նստել, հնարավոր է նաեւ այդպիսի անձնական անհամատեղելիություն, ես դա չեմ բացառում: Բայց դա չի նշանակում, որ մյուսները չեն կարող իրար հետ շփվել, կամ չեն կարող միմյանց հետ հարցեր քննարկել: Ես հանգիստ եմ նայում այդ ամենին:
Սոնա Գրիգորյան