Մեր` հայերիս սննդացանկում հացը շատ մեծ տեղ է զբաղեցնում: Իզուր չէ, որ երբ հյուրասիրության ենք հրավիրում, ասում ենք` գնանք հաց ուտելու: Սակայն բնակչության կողմից ամեն օր ամենաշատ օգտագործվող սննդատեսակի արտադրության, տեղափոխման եւ իրացման ոլորտում բարձիթողի վիճակ է: Ամեն օր հաց գնելով՝ խանութների վաճառողներին հարցնում եմ, թե դա ում արտադրանքն է՝ այրումցի Պողոսն է թխել, թե նոյեմբերյանցի Սամոն: Հարցս ենթատեքստ ունի, քանի որ գիտեմ հաց արտադրողների, որոնց «ցեխերն» իսկապես ցեխոտ են: Անցնենք տեղափոխմանը: Հացը տեղափոխում են ամեն տեսակ ավտոմեքենայով, երբեմն մեքենաների բեռնախցում: Հացի առաքիչն էլ հաճախ կեղտոտ ձեռքերով է այն խանութ հասցնում` առանց ձեռնոցների: Ո՞վ գիտի, թե առավոտյան այդ առաքիչն ինչով է զբաղվել կամ ում է ձեռքով բարեւել: Տավուշի մարզում վաճառվող հացի, հացաբուլկեղենի վրա մեծ մասամբ բացակայում է այն արտադրող ձեռներեցի կամ ընկերության անունը, ապրանքատեսակի անվանումը, դրա քաշը, բաղադրությունը: Մինչդեռ գնորդների մեջ կան դիաբետիկներ կամ տարբեր նյութերից ալերգիա ունեցողներ, նրանք հաստատ պիտի իմանան, թե ինչ են գնում: Սպառողները չգիտեն, թե տվյալ հացատեսակի ստանդարտ քաշը որքան է, եւ արդյոք արտադրողը պահպանել է այն: Զարմանալի է, որ գնորդների բացարձակ մեծամասնությանն այդ հարցերը չեն հետաքրքրում, նրանք վաճառողներից չեն պահանջում հայտնել նման «մանրուքներ»: Եթե նման պահանջ լիներ, վաճառողներն էլ այդ տեղեկությունները կպահանջեին արտադրողից:
Տավուշի մարզում համապատասխան պետական մարմինները, որոնք պետբյուջեից՝ մեր մուծած հարկերից, աշխատավարձ են ստանում սննդամթերքի անվտանգությունը ստուգելու համար, անգործության են մատնված: Մարզում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ չկան, որպեսզի այս ոլորտում հասարակական վերահսկողություն կատարեն: Միով բանիվ` «բարդակ» վիճակ է: Նման վիճակը ձեռնտու է հացի անբարեխիղճ արտադրողներին, բայց ոչ սպառողներին: Ցավալի է, որ բնակիչները չգիտեն, թե հացի անվան տակ օրական քանի անգամ ինչ են ուտում:
ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ