Արցախի Օմբուդսմենը չի հավատում կուսակցությունների նկատմամբ հնչեցված սպառնալիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության դեմ ճնշումներին կամ սպառնալիքներին չի հավատում եւ կատարվածը համարում է կուսակցության կողմից իրականացված «փիար» քայլ: Նկատենք, որ չնայած մի խումբ միջազգային դիտորդական խմբեր մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունները համարեցին միջազգային չափանիշներին համապատասխան եւ ժողովրդավարության լավագույն դրսեւորում, այնուամենայնիվ, Armlur.am-ի հետ զրույցում ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ասել էր, որ նախընտրական քարոզչության շրջանում մի շարք դժվարությունների են հանդիպել եւ այնքան էլ գոհ չեն ընտրությունների արդյունքներից:

«Բազմաթիվ անգամ մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ հատկապես ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մեր համակիրների վրա կատարվել են ճնշումներ: Կարող ենք փաստել, որ ազգային անվտանգության ծառայությունն Արցախում իր ամբողջ ուժը կիրառել է մեր կուսակցության դեմ` մեր համակիրներին ճնշելու, թուլացնելու համար»,- հայտնել էր Խանումյանը: Ավելին՝ նշենք, որ կուսակցության նախագահը հնչեցրել էր կոնկրետ անուն՝ ԱԱԾ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Աշոտ Գրիգորյան: Վերջինս հանդիպելով կուսակցության համակիրներին՝ զգուշացրել էր նրանց, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության օգտին չպետք է աշխատեն:

Ըստ կուսակցության նախագահի հայտարարության՝ անգամ ԱԱԾ աշխատակիցները ձեռնամուխ էին եղել իրենց կուսակցության համակիրներից Էրիկ Օսիպյանին Արցախից հեռացնելուն՝ «հոգալով» արտերկիր մեկնելու նրա ծախսերը: Պարզ ասած՝ իշխանությունները քաղաքացուն վտարել էին երկրից՝ նրա քաղաքական դիրքորոշման համար:

Ինչո՞ւ է լռում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ Հայրապետյանն ասաց, թե չի հավատում կուսակցության անդամների նկատմամբ հնչեցված սպառնալիքներին. «ՄԻՊ-ը որեւէ ընթացք չի տվել կուսակցության անդամների հայտարարություններին, եւ կասեմ, թե ինչո՞ւ ընթացք չեմ տվել, քանի որ որեւէ բողոք այդ մարդկանցից չենք ստացել: Եթե իրենց ասածը լուրջ լիներ, ապա իրենք մեզ կդիմեին, որ մենք որեւէ կերպ օգնեինք իրենց: Եթե մի կուսակցություն իր շտաբը տեղափոխում է մի շենքից մյուս շենք, ապա անկախ ամեն ինչից՝ այդ հետապնդումը պետք է շարունակական լիներ: Օրինակ՝ երկրորդին էլ պետք է սպառնային, եւ այսպես շարունակ, լոգիկան դա է ենթադրել տալիս: Բայց նման բան չկա: Ի վերջո, մարդիկ մեզ չեն դիմել, ուստի այս ամենը ինձ համար հիմք է տալիս ենթադրելու, որ սա փիար էր, որը օգտագործվում է բոլոր ընտրությունների դեպքում»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք մամուլում հրապարակված տեղեկությունները հիմք չեն օմբուդսմենի համար՝ պաշտպանելու կուսակցության անդամների իրավունքները, Յուրի Հայրապետյանը պատասխանեց. «Միայն հայտարարություն անելով չէ, պետք է փաստեր լինեն: Ի վերջո, իրենք պետք է համապատասխան մարմինների էլ դիմեին՝ դատախազություն, ոստիկանություն, եւ եթե անգամ ակնկալիք չունեին, որ իրենց օգտին կլուծվի այս հարցը, ապա պետք է դիմեին»: Յուրի Հայրապետյանը նշեց նաեւ, որ անգամ հրապարակումների իսկությունը պարզելու համար փորձ չի արել զրուցել ԼՂՀ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի հետ.

«Եթե ԱԱԾ պետը ես լինեի, ու որեւէ մեկը զանգահարեր այս սպառնալիքների հարցով, ես ինձ վիրավորված կզգայի, քանի որ առաջին հերթին ինչպես կարող է ՄԻ պաշտպանը հավատալ չստուգված լուրերին ու մի հատ էլ փորձել հասկանալ՝ նման բան եղե՞լ է, թե ոչ: Կրկնում եմ՝ եթե ինձ դիմած լինեին, ես՝ որպես պաշտպան, պարտավոր էի դիմել ցանկացած մարմնի եւ ասել, որ նման խնդիր կա, հիմա էլ եմ պատրաստ ընդունել բողոքը եւ դիմել համապատասխան մարմիններին»:

Ինչո՞ւ կուսակցության անդամները չեն դիմել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանին, արդյո՞ք վստահության պակասն է խնդիրը: Այս հարցը պարզելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ: «Դրանց դիմենք, որ ինչ, ի՞նչ հարց են լուծել, որ մի հատ էլ մենք դիմենք: Այդ ինստիտուտը գոյություն չունի, պետական բյուջեի փողերը մսխող ինստիտուտ է: Բերձորի դեպքերի հետ կապված Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես դիմեց, որ մարդկանց իրավունքները պաշտպանեն, ի՞նչ արեցին այդ մարդկանց համար, որ մեր համար անեն: Դատախազությանը դիմում տվել ենք, թող զբաղվեն, կզբաղվեն թե չէ, իրենք գիտեն: Մենք այլ մեխանիզմներ կստեղծենք, որ այս դեպքերն այլեւս չլինեն, իսկ այդ մեխանիզմը հասարակության ուժեղացումն է»,-պարզաբանեց Արցախի նորընտիր խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս