Կառավարության իրականացրած ծրագրի պատճառով Շիրակի մարզում գյուղացիները վիճում են արտովայրի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Հառիճ գյուղն ունի 750 գլուխ խոշոր եղջերավոր եւ 600 գլուխ մանր եղջերավոր անասուն: Ունեցած անասնագլխաքանակին համարժեք էլ գյուղը պետք է ունենար իր արոտները: Սակայն դեռ 2010թ-ին Կառավարությունը սկսեց գյուղերի վարչական սահմանների հստակեցման ծրագիրն ու միաժամանակ գյուղերի վարչական սահմաններին կից պետական սեփականություն հանդիսացող հողերը վերաբաշխեց համայնքներին: Այդ ժամանակ էլ Հառիճ գյուղից, ինչպես վկայում են հառիճեցիները, տարածքներ վերցվեցին ու տրվեցին հարեւան Նահապետավանին, ու հիմա հառիճեցիներն իրենց անասուններին արածացնելու համար ստիպված են շրջանցել գյուղին մոտ գտնվող տարածքները, որոնց տերն արդեն Նահապետավանն է, ու գնալ ավելի հեռու արոտներ:

Զարմանալին այն է, որ այս փոփոխության մասին Հառիճում իմացել են պատահականորեն, երբ հերթական անասնապահական սեզոնի սկզբին նրանց թույլ չեն տվել օգտվել իրենց հարակից արոտներից: Այս վիճակը հարուցել է հառիճեցիների լուրջ դժգոհությունը, քանի որ անասնատերը իր անասունի կերն ապահովելու համար պետք է մի քանի կիլոմետր հեռավորությամբ հեռագնա արոտ հասնի, որը տրվել է գյուղին` որպես փոխհատուցում իրենից վերցված ու Նահապետավանին հանձնված գյուղամերձ տարածքների: Իսկ, ահա, նահապետավանցիները պնդում են, որ իրենց համայնքին հատկացված հողակտորը, երբ դեռ պատկանելիս է եղել Հառիճին, երբեք չի տրվել գյուղացիներին, այլ վարձակալությամբ մշտապես տնօրինվել է անասնապահ եզդիների կողմից:

Նահապետավանն ունեցել է իր հեռագնա արոտը, սակայն այնտեղ հիմնականում պահել-արածացրել են մսատու անասուններին, քանի որ աննպատակահարմար է կաթնատու անասուններին ամեն օր մի քանի կիլոմետր տանել-բերելը, իսկ մսացուների դեպքում ամեն բան ավելի հեշտ է, անասնապահները մնում են մինչեւ աշուն եւ աշնանը վերադառնում գյուղ` անասունի հետ: Խնդրից տեղյակ են նաեւ մարզպետարանում, որտեղ նշում են, որ Հառիճից վերցվել է 240 հա հող, սակայն դրա փոխարեն տրվել է մոտ 3000 հա հեռագնա արոտ, իսկ այդքան արոտի տնօրինումը կարեւոր առաջընթաց է Հառիճի համար:

Նկատենք, որ նման վեճերը բազմաթիվ են ՀՀ գյուղական համայնքների միջեւ, քանզի համայնքային տնօրինության հողատարածքների վերաբերյալ որոշումներն ընդունվել են առանց համայնքների բնակիչների գիտության: Նույն խնդիրն, ի դեպ, առաջանալու է նաեւ համայնքների խոշորացման ծրագրի իրագործման դեպքում, այս անգամ արդեն ընդհանուր արոտավայրերի տնօրինման հարցի շուրջ: Մեր Կառավարությանը, սակայն, դա ամենեւին չի հուզում: Կարեւորը գրանտային այդ ծրագիրն իրագործելն ու գումարները ստանալն է, իսկ թերությունների մասին հիմա մտածելու հավես չունեն:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գյումրի

 




Լրահոս