Շատ եմ ուզում ամուսնանալ, բայց… Ռաֆայել Երանոսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օրից էկրաններին կհայտնվի «Սքոչ եւ վիսկի» նոր գեղարվեստական ֆիլմը, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանը: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր նոր դերի մասին, անդրադարձել է նաեւ թատրոնում իր կերտած լուրջ կերպարին, նշել, որ ինքը կոտրել է այն կարծրատիպը, թե Ռաֆայել Երանոսյանը կարող է միայն հումորային դերեր խաղալ: Դերասանը խոսել է նաեւ անձնական կյանքից` անկեղծորեն խոստովանելով, որ շատ է ուզում ընտանիք կազմել:

-Ռաֆայե՛լ, կպատմե՞ք «Սկոչ եւ վիսկի» ֆիլմում Ձեր կերտած կերպարի մասին:

-Իմ կերպարը, հակառակ շատերի սպասելիքներին, հումորային չէ: Մարմնավորել եմ բնավորությամբ ինքս ինձ շատ նման տղայի, ով շուտ բռնկվող է, կնամեծար, աշխույժ, կյանքով լեցուն: Այս ֆիլմում հանդիսատեսը կտեսնի գունավոր եւ պոզիտիվ Ռաֆոյի:

raf

-Հանդիսատեսը կարող է իր համար «հայտնաբերել» բոլորովին ուրիշ Ռաֆոյի Կամերային թատրոնի «Ամնեզիա» ներկայացման շրջանակում: Շատերի համար անսպասելի էր տեսնել Ձեզ լուրջ կերպարում, կին-տղամարդ հարաբերությունները բեմից ընկալել Ձեր պրիզմայով:

-Այո՛, ինձ փորձեցի ուրիշ ժանրում, շատ էի ուզում ցույց տալ, որ ես կարողանում եմ նաեւ նման լուրջ դերեր խաղալ, ես կոտրեցի այն կարծրատիպը, թե միայն հումորային բնույթի դերերի համար եմ: Շատ ռեժիսորների համար, չգիտես ինչու, ես բացահայտում էի, կարծես նախկինում ատամնաբույժ եմ աշխատել…Պետք է ասեմ, որ ներկայացումն ընկալելու հարցում իր մեծ դերն ունեցավ իմ խաղընկերուհին` Լուիզա Ներսիսյանը, ում հետ հաճախ խոսել ենք ներկայացման մեջ արծարծվող թեմայի շուրջ, փոխանակվել մտքերով: Ներկայացման հիմնական մեսիջն իմ կողմից ուղղված էր կանանց, իսկ ասելիքն այն էր, որ միշտ ավելի լավ է ասել իրականությունը, քան խաբել տղամարդկանց. հակառակ դեպքում այդ սուտը, որպես բեռ, կրելու ես ողջ կյանքում, որը, սակայն, մի օր բացահայտվելու է:

-Իսկ Ձեզ ինչո՞ւ չենք տեսնում սերիալներում:

-Ես այն դերասաններից չեմ, որոնք ասում են` վայ, ես սերիալներում չեմ նկարահանվի. ոչ, եթե հարմար առաջարկ լինի, պայմանները բավարարեն, կհամաձայնեմ:

-Կարծիք կա, որ Հայկոյի եւ Մկոյի` «Կարգին հաղորդում»-ից հեռանալուց հետո սքեչների որակն ընկել է. ի՞նչ կասեք:

-Եթե նախկինում «Կարգին հաղորդման» շրջանակում նկարահանվում էին շաբաթական 15 եթերային րոպեի համար, ապա հիմա շաբաթական 45 րոպեի համար ենք նկարահանվում. բնական է, որ այս հանգամանքը պետք է ազդեր հաղորդման որակի վրա: Բացի այդ` հայերս մի վատ սովորություն ունենք. ամեն ինչ եւ բոլորին համեմատում ենք, այնինչ, ամեն դերասանի պետք է ընկալել իր տեսակի մեջ: Անդոն ու Ռաֆոն Հայկո եւ Մկո դառնալ չեն կարող, ոչ էլ հակառակն է հնարավոր:

raf2

-Դուք տարիներ շարունակ զբաղվել եք երգով, պարով, հիմա այդ ամենը որտե՞ղ եք կիրառում: Գիտենք, որ, օրինակ, Ջեքսոնի հայտնի պարային շարժումները շատ լավ եք կատարում…

-Ես հիմա արդեն Ջեքսոնից լավ եմ պարում (ծիծաղում է), հետո` ինչո՞ւ միայն Ջեքսոնի պարերը, ես շատ իմպրովիզներ եմ կատարում, սիրում եմ, օրինակ, նույն Ջեքսոնի շարժումները կատարել հայկական երաժշտության ներքո, բրեք-դանս եմ պարում եւ այլն: Իմ պարային ունակությունները մեծապես օգտագործում եմ թատրոնում: Բայց մեր զրույցն արդեն այնպիսի ուղղությամբ է ընթանում, որ քիչ է մնում ասեմ` ես 34 տարեկան եմ, դեռ ամուսնացած չեմ, ապրում եմ մենակ, լավ երգում, պարում եմ, եթե ցանկացողներ լինեն, կարող են դիմել (ծիծաղում է):

-Ի դեպ, չե՞ք ուզում ամուսնանալ…

-Ճիշտն ասած` շատ եմ ուզում ամուսնանալ, ընտանիք կազմել, միեւնույն ժամանակ զգում եմ, որ ներքուստ դրան դեռ պատրաստ չեմ: Ուզում եմ ամուսնանալու ցանկությունը խեղդի, նոր դիմեմ այդ քայլին, որ դրա հաճույքն ու հավեսը զգամ, հակառակ դեպքում ավելի լավ է` այդ քայլին չգնամ:

-Իսկ ճի՞շտ է, որ Դուք ընկերուհի ունեք, ով ապրում է արտերկրում:

-Վայ, չէ…Դա շատ վաղուցվա պատմություն է…

-Այսինքն` այդ պատմությունն ավարտվա՞ծ է:

-Չի էլ սկսվել…Պարզապես ես մի քանի ամսով ԱՄՆ-ում էի, ընկերներիցս մեկն էլ հումոր էր արել, իմ անունից խոսել էր, ինձ էլ գցել կրակը… (ծիծաղում է):

-Իսկ, առհասարակ, առաջին հայացքից սիրահարվողների՞ց եք:

-Ոչ, ես շփման ընթացքում եմ մարդուն կա՛մ սիրում, կա՛մ ոչ: Բայց, ընդհանուր առմամբ, էությամբ ծանր մարդ չեմ… Մեկ-մեկ մտածում եմ` կարող է մեկին ընտրեմ, որ ոչ ոք չպատկերացներ, նույնիսկ ես չպատկերացնեի…Տեսնենք, կյանքը ցույց կտա…

Աննա Բաբաջանյան




Լրահոս