ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՈՒՄ
Անհայտ անձը, մտնելով ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քասելբերի քաղաքի գեղեցկության սրահներից մեկը, ատրճանակով կրակել է այցելուների եւ սրահի անձնակազմի ուղղությամբ: Սրահում գտվող 7 կանանցից 3-ը տեղում մահացել են, մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուս երեքին հաջողվել է փախչել: Տղամարդը լքել է դեպքի վայրն ու ինքնասպան եղել: Իրավապահ մարմինների տվյալներով` նրա արարքի պատճառը կարող էր լինել ընտանեկան վեճը:
ՄԵՐԿ ՎԻՃԱԿՈՒՄ
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում ամուսնական զույգը, ձեռք ձեռքի տված, մերկ վիճակում ցած է նետվել բարձրահարկ շենքի 8-րդ հարկից: Ամուսինը հիվանդանոցում մահացել է, իսկ կինը ծայրահեղ ծանր վիճակում է: Իրավապահներն ամուսինների բնակարանում հայտնաբերել են տարատեսակ բույսեր, որոնք հոգեմետ ազդեցություն են գործում: Զույգը ուներ փոքր երեխա, որը միջադեպի պահին գտնվում էր պապիկի տանը: Ոստիկանները պարզում են՝ արդյոք զույգը փորձում էր ինքնասպանություն գործել, թե ուղղակի ընկել է պատուհանից:
ԱՎԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԱՀ-ի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Թոմաս Մադիգադեն մահացել է ավտովթարից: Դեպքը տեղի է ունեցել Բուրգերսֆորտ քաղաքի մոտակայքում: Մարզիչն իր ավտոմեքենայով Պոլոկվանեից Բուրգերսֆորտ տանող ճանապարհին է եղել, երբ հանկարծ ավանակը հայտնվել է փողոցի կենտրոնում: Նա մեքենայով բախվել է կենդանուն ու տեղում մահացել: 40-ամյա մասնագետն այս տարվա հունիսին էր նշանակվել ՀԱՀ-ի հավաքականի գլխավոր մարզչի օգնական:
ԿԵՆԴԱՆԱՑԵԼ Է
ՌԴ Ուլան-Ուդե քաղաքում հրաշք է տեղի ունեցել: 20-ամյա կինը 5 ամսական հղիության փուլում ծնել է մահացած տղայի, որին տեղափոխել են դիահերձարան: Հերձելուց վայրկյաններ առաջ փոքրիկը սկսել է շնչել, եւ բժիշկների հավաստմամբ` նրա կյանքը փրկելու հույսեր կան: Երեխայի մայրը տեղյակ չի եղել, որ հղի է ու չի ցանկացել այցելել կլինիկա: Երբ իրեն վատ է զգացել, տեղափոխվել է հիվանդանոց, ուր պարզ է դարձել, որ հղի է: