ՔԻՉ ՄՆԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մի քանի օրից կծնվի «ԷԼ Style» ամսագրի խմբագիր Մայա Պողոսյանի եւ Ավետիք Խախամյանի առաջնեկը: Ի դեպ, զույգը յուրօրինակ ձեւով է հրապարակել այդ լուրը՝ հղի Մայայի լուսանկարը տեղադրելով ամսագրի շապիկին:
Իսկ մինչ այդ Մայան երբեք չի բարձրաձայնել իր կարգավիճակի մասին, լրագրողների հարցերն էլ թողել է անպատասխան: «Վերջին 8,5 ամսվա ընթացքում իմ նոր կարգավիճակի մասին որեւէ առիթով հրապարակայնորեն չեմ խոսել: Ինձ համար էլ անակնկալ էր վերջերս ամսագրի խմբագրական խորհրդի կողմից արված այս առաջարկը, քանի որ ոչ մի պահ չէի մտածել, թե «ԷԼ Style»-ի շապիկին կներկայանամ մայրանալուց անմիջապես առաջ: Ներքին անբացատրելի զգացողությունն ինձ դրդեց միանգամից չհրաժարվել առաջարկից եւ այն քննարկել ամուսնուս հետ: Ի վերջո, համաձայնեցի նաեւ այն պատճառով, որ այժմ արդեն պատրաստ եմ այս մասին խոսել, նույնիսկ պարտավոր եմ, որովհետեւ որոշ ժամանակ անց մարդիկ ինձ արդեն տեսնելու էին երեխայիս հետ, եւ անտեղյակների համար զարմանքը չափից դուրս մեծ կլիներ»,-ասում է Մայան, ապա հավելում, որ ընտանիքն իր համար առաջին տեղում է, իսկ երեխայի ծննդից հետո այն առավել կարժեւորվի, որովհետեւ նրա երջանկությունը կդառնա կատարյալ: Սակայն խմբագիրն աշխատանքից հրաժարվել չի պատրաստվում. նրա որոշմանը կողմ է նաեւ ամուսինը: «Կինը պետք է լինի կայացած, ինքնաբավ, իսկ աշխատանքն ու կարիերան այդ հարցում անփոխարինելի դեր ունեն: Թերեւս որոշ ժամանակ կաշխատեմ պակաս ծանրաբեռնվածությամբ, սակայն մի կարճ ընթացքից հետո կվերադառնամ նախկին ռիթմին` համատեղելով իմ կյանքի երկու կարեւոր բաղկացուցիչները` ընտանիքն ու աշխատանքը»,-նշում է Մայան: Հետաքրքրասերների համար էլ ավելացնենք, որ զույգը որդի է ունենալու:




Լրահոս