Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահ Հրաչյա Սարգսյանի նախագահությամբ, դատավճիռ է կայացրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Նահապետ Գևորգյանի (,Արմավիրցի Նովոե) որդու՝ Արտակ Գևորգյանի մասով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը նրան դատապարտել է 1 տարվա պայմանական ազատազրկման և ազատ է արձակել դատարանից: Սակայն ամիսը երկու անգամ պատգամավորի որդին պետք է ներկայանա իր հաշվառման վայրի ոստիկանություն և համապատասխան մատյանում ստորագրություն տա:
Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հուլիսի 21-ին հայտնել էր, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել էր Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Արտակ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը, ինչից հետո վերջինս տեղափոխվեց “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկ (“Միլիցեքի բերդ”):
Ավելի վաղ՝ հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը ,ԳԱԶ 24ե մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել էր իր ,ՎԱԶ 2106ե մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գևորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած “ԳԱԶ 24” մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել էր Վիրաբ Ա.-ի կողմից վարվող “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով “ԳԱԶ 24” մակնիշի ավտոմեքենան՝ “ՎԱԶ 2106” ավտոմեքենայով հեռացել է:
Արտակ Գ.-ն ձերբակալվել էր, իսկ Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի “Բայկալ” օդամղիչ ատրճանակ: Ատրճանակն ուղարկվել էր փորձաքննության:
Հուլիսի 18-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում Երևան, քաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ: Ինչպես նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի մի քանի բնակիչներ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել էին, որ մոտ 6 ժամից ավել է, մեծ թվով ոստիկաններ նշված շենքի մոտից փորձում են Ոստիկանություն տեղափոխել մայթին կայանված “Մերսեդես Ջի” (“Յաշիկ”) մակնիշի 005 ՕՕ 05 համահամարանիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով նշված ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանին (“Արմավիրցի Նավո”) և այն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել էր Ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Շամշյանի տեղեկություններով՝ մեքենայի տեղափոխումը Ոստիկանություն կապված էր այդ գիշեր տեղի ունեցած միջադեպի հետ, որի մեջ կասկածվում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակ Գևորգյանը, ով, ըստ Շամշյանի տեղեկությունների այդ միջադեպի ժամանակ նաև գինովցած էր եղել:
Ա. Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 183 հոդված 1-ին մաս (ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, փախցնելը՝ առանց հափշտակելու նպատակի) և նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), ինչպես նաև 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել նաև “Մերսեդես Ջի” մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշի և նրա կողմից առևանգված “Վազ 2106”, և “ԳԱԶ 24” մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan .com