ՀՅԴ-ում կրկին անորոշ վիճակ է: Նախագահական ընտրություններն ավելորդ գլխացավանք են դարձել նրանց համար, որովհետև բոյկոտի, և սեփական թեկնածուով մասնակցության դեպքում մեծ է քաղաքական լուսանցքում հայտնվելու հնարավորությունը: Մյուս կողմից էլ՝ սեփական թեկնածուի հարցն է կուսակցությունում վիճարկման առարկա:
Արմեն Ռուստամյան-Վահան Հովհաննիսյան թևը ցանկանում է, որ այդ թեկնածուն լինի Հրանտ Մարգարյանը: Հրանտ Մարգարյանն էլ հասկանում է, թե ինչու են “ոման” ուզում ՀՅԴ “պարտությունն” իրենով “լվանալ”, ուստի նրա համար, բացի իրենից, ՀՅԴ բոլոր անդամներն ընդունելի են որպես թեկնածու:
Արմեն-Վահան զույգը կողմնակից է նաև դաշինքով՝ միասնական թեկնածուով ընտրությունների մասնակցությանը: “Եթե մնա Արմենին, ապա նա նույնիսկ կհամաձայնի պաշտպանել ՀԱԿ թեկնածուին, սակայն նրան չեն թողնի գնա նրանց հետ բանակցությունների. այդ տարբերակը Հրանտենց սրտով չէ”,- ասում է ՀՅԴ թերթի աղբյուրը: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյան-Արմեն Ռուստամյան բանակցություններին, ապա այն առանձնապես որոշիչ չի եղել, չնայած հանդիպմանը քննարկվել է նաև հարցը՝ եթե ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանին, Օսկանյանը կգնա՞ վաբանկ, կինքնառաջադրվի՞, դառնալով դաշինքի՝ ՀՅԴ -ՀԱԿ -“Ժառանգություն” – արտախորհրդարանական ուժերի համար միասնական թեկնածու: Բանն այն է, որ ՀՅԴ-ի համար անչափ էական է, թե երբ խաղի մեջ կմտնի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը և կմտնի՞ արդյոք: Ի՞նչ կանի այդ ժամանակ ՀՅԴ Սերժ Սարգսյանական թևը: ՀՅԴ-ում կան մարդիկ, ովքեր գտնում են, թե հնարավոր է նաև “դվայնոյ-տրայնոյ” խաղ հայտարարեն մի բան, “տակից” անեն բոլորովին այլ բան: