19-ամյա Տիգրան Առաքելյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ իրեն օգնել պատրաստվող շտապ օգնության բժշկուհուն սպանել սպառնալու մեղադրանքով:
Այսպես, ինչպես տեղեկանում է Armlur.am-ը, նախորդ տարվա դեկտեմբերին Արաբկիրում բնակվող Տիգրան Առաքելյանի համար շտապ օգնություն էր կանչվել: Այն պահին, երբ շտապօգնության թիվ 12 բրիգադի բժշկուհի Կարինե Ամբարյանը փորձել է օգնել Տիգրանին, վերջինս նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակը մոտեցրել է բժշկուհուն, ասել, որ կսպանի նրան: Այդ պահին լարված իրավիճակ է ստեղծվել բնակարանում, քանի որ Տիգրանն իսկապես պայմաններ է ստեղծել բժշկուհուն սպանելու համար:
Պարզվել է, որ 19-ամյա երիտասարդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Տիգրանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Քրգործը մակագրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին: