Բուքմեյքերական կենտրոնում խաղադրույք անե՞լը ճակատագրական եղավ գլխավոր վիրաբույժի համար. նա մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում հայտնաբերել են տղամարդու դի: Տղամարդը Երևան ԲԿ-ի գլխավոր վիրաբույժ Ահարոն Կարապետյանն էր:

Armlur.am-ի հետ զրույցում Երևան ԲԿ-ի Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հայկ Բալայանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել բժշկի և նրա ընկերոջ միջև տեղի ունեցած անձնական հարցերի շուրջ վիճաբանությունից հետո: Մեր զրուցակցի փոխանցմամբ, Ահարոն Կարապետյանի ընկերը բժիշկ չէր, իսկ թե ինչ տարաձայնություններ են եղել նրանց միջև, դժվարացավ ասել. «Որևէ խնդիրներ չուներ, պարզապես վեճ է եղել այդ չարաբաստիկ հիմնարկում, անունն էլ չեմ ուզում տալ: Վիճաբանել են, ու արդյունքում նման դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաշքշել են իրար, հավասարակշռությունը կորցրել է, գլուխը հարվածել պատին ու տեղում մահացել: Այս տարի նրա 50-ամյակը կլրանար: Մեր բաժանմունքի ամենալավ վիրաբույժներից մեկն էր, շփվող, գործին նվիրված, լավ մարդ»:

Բժիշկ Բալայանի փոխանցմամբ, Ահարոն Կարապետյանը չուներ առողջական այնպիսի խնդիրներ, որ պարբերական բուժում ստանար: Նա հայտնեց նաև, որ դժբախտ դեպքի զոհ դարձած գործընկերը բժշկության ասպարեզում մեծ ավանդ ուներ, երկար տարիներ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունում է աշխատել, ապա եկել Հայաստան, գործունեությունը ծավալել Աշտարակ քաղաքում, որից հետո սկսել է աշխատել թիվ 6 հիվանդանոցում՝ որպես վիրաբույժ. «Բժիշկը հարազատներ գրեթե չուներ: Մայրն ու հայրը, եղբայրները վաղուց են մահացել: Ամուսնացած չէր, երեխաներ չուներ: Հարազատները, կարելի է ասել, մենք էինք, ապրում էր հիվանդանոցով, բաժանմունքով, իր հիվանդներով»:

Հայկ Բալայանի տեղեկություններով, վերոնշյալ վիճաբանության մասնակից, բժշկի ընկերն այսօր առավոտյան ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

ՏՈՏՈ բուքմեյքերական կենտրոնից Armlur.am-ին հայտնեցին, որ նշված վիճաբանության ժամանակ գրասենյակի աշխատակիցները տեղում չեն եղել, և տեղյակ չեն՝ ինչից է առաջացել քաշքշուկը. «Իհարկե, ցավալի դեպք է տեղի ունեցել: Նման պատահարներ ամեն տեղ էլ կարող են լինել: Համոզված ենք, որ եթե մեր աշխատակիցներն այդ պահին ներկա գտնվեին, կփորձեին անջատել նրանց, որպեսզի նման ողբերգական ավարտ չլիներ»,- հավելեցին բուքմեյքերական կենտրոնից:

Նշենք, որ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 109 հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

shamshyan.com-ի տեղեկություններով, վիճաբանության մասնակիցը Երևանի բնակիչ 47-ամյա Հրանտ Իսպիրյանն է:




Լրահոս