Մայիսի 8-ին Իտալիայում կայացած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) գլխավոր վեհաժաղովի շրջանակներում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում:
Նախ` ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ 2016թ.-ին արդեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն (մինչ այս այն տեղի էր ունենում երեք մասնագիտությամբ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ): Ավելին, 2016թ.-ին ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում։ Սա նշանակում է, որ Երևանում կհյուրընկալենք 6 աշխարհամասերից 115 անդամների համախմբող այս հզոր կազմակերպության 2016թ.-ի գլխավոր միջոցառումը:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013թ.-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։