Մայիսի 14-15-ը Երևանում կայանալու է Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: Ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրվել են 147 երկրներ ու կազմակերպություններ և կմասնակցեն շուրջ 20 երկրների նախարարներ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Վերջինս ընդգծեց, որ կրթական նման մեծ միջոցառում Հայաստանը, թերևս, չի ունեցել: Նախարարի խոսքով, նախատեսված են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ, իսկ միայն նախարարի հետ տասը հանդիպում կլինի:
Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանը` Բոլոնիայի գործընթացին իր անդամակցության տասը տարիներին շոշափելի արդյունքներ է գրանցել: Անդրադառնալով հարցին, թե ինչ կցանկանար փոխել կրթական համակարգում՝ նախարարը նշեց, որ պետք է ուսանողական շարժողունակության վրա մեծ ուշադրություն դարձնել:
Նախարարը նաև նշեց, որ ֆորումին հրավիրել են պատվիրակություններ նաև գործընթացի անդամ երկներ Ադրբեջանից և Թուրքիայից: «Թուրքիայից կլինի մասնակցություն ոչ նախարարի մակարդակով, Ադրբեջանից, ցավոք, չունենք պատասխան: Ոչ թե մերժել են, այլ ուղղակի պատասխան չենք ստացել»,- հավելեց նա: