ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոտ մեկ ամիս առաջ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը սկանդալային, միեւնույն ժամանակ ամոթալի փաստ էր բացահայտել. ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի առաջին երկու գլուխն ամբողջությամբ պարունակում են գոյություն չունեցող երկրի՝ ԽՍՀՄ տերմինաբանություն: Պարզվում է՝ այս օրենսգրքի խնդիրներից մեկն էլ ԽՍՀՄ հասարակարգի, սոցիալիստական սեփականության պահպանումն է: Նաեւ՝ “քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ սահմանադրությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգովե, “Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են վարչական պատասխանատվության ԽՍՀՄ քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով” եւ այսպես շարունակ: Ընդ որում, խորհրդային ոգով այս ձեւակերպումները սկսվում են հենց առաջին հոդվածից:
Արզումանյանն այս բացահայտումն արել էր սեպտեմբերի 11-ին՝ ԱԺ հայտարարությունների ժամանակ: Ու թեեւ անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն ԱԺ պատգամավորներից ոչ մեկը չի փորձել ուղղել այս ամոթալի սխալը: Փոխարենը կառավարությունը դրանից 3 օր անց՝ սեպտեմբերի 14-ին, խորհրդարան է ներկայացրել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, ու այնտեղ որեւէ բառ չկա բացահայտված խայտառակությունը շտկելու վերաբերյալ: Ավելին, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կառավարության կողմից եւս 4 անգամ նույն օրենսգրքում տարբեր բնույթի փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, ու կրկին փորձ չի արվել շտկելու այն: Եւս մեկ ուշագրավ հանգամանք. այս օրենսգիրքը ՀՀ իրավական ակտերից ամենաշատն է փոփոխությունների ու լրացումների ենթարկվել, չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ ավելի քան 50 անգամ: Ու ամեն անգամ այս հարցը պարզապես անտեսվել է:
“Ժառանգություն” խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը պարզաբանեց, որ ինքն այս օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ չի ներկայացրել, որպեսզի իր քայլի տակ այլ ենթատեքստ չփորձեն տեսնել: Իսկ այս ամենը նա որակեց զավեշտալի խայտառակություն: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե մատնանշվածն այդ օրենսգրքի բացթողումներից ու խնդիրներից ամենամեղմն է: “Իրականում դա ամենակարեւոր ու ամենալուրջ խնդիրը չէ այդ օրենսգրքում: Իրականում կան այլ լուրջ խնդիրներ: Արդարադատության նախարարությունը մշակել էր փոփոխությունների նախագիծ, որը տարբեր պատճառներով հետաձգվեց: Չեմ կարծում, որ հիմա ճիշտ պահն է անդրադառնալու այդ հարցին, որովհետեւ ընդգրկուն փոփոխություններ պետք է կատարվեն այդ օրենսգրքում”,-ասաց Դ. Հարությունյանը՝ հավելելով, որ նշված խնդիրը կլուծեն օրենսգրքում այդ նոր փոփոխությունների ժամանակ:
Նկատենք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում հայտնաբերված խայտառակությունը, մեղմ ասած, ամոթալի ապտակ է Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ անկախությանը, հայ ժողովրդին: Եւ իրեն հարգող ցանկացած իշխանություն պետք է այդ փաստը բացահայտվելուց հետո անհապաղ ձեռնամուխ լիներ դրա շտկմանը: Մանավանդ որ նման նախագիծ պատրաստելն իրենից որեւէ դժվարություն չէր ներկայացնում. պարզապես պետք է ԽՍՀՄ բառն օրենսգրքում փոխարինել Հայաստանի Հանրապետություն բառով, մի քանի հոդվածից էլ հանել խորհրդային բառապաշարը: Սա թերեւս կլիներ ժամանակավոր լուծում, մինչեւ ԱԺ-ն ընդուներ Վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգիրք: Այնինչ ՀՀԿ-ականները փորձում են պարզապես անտեսել կատարվածը՝ նշանակություն չտալով դրան:
Ուստի Դ. Հարությունյանին նաեւ հարցրինք՝ արդյոք սա ՀՀ անկախության հանդեպ արհամարհական վերաբերմունք չէ, որ նույնիսկ բացահայտումից հետո որեւէ քայլ չի արվում կատարվածը շտկելու համար:”Չեմ կարծում, որ մենք պետք է բուն բովանդակությունը թողնենք ու ընկնենք այդ խնդրի հետեւից, այնպես որ, սա արհամարհանք չեմ համարում”,-նշեց նա:
Նկատենք, որ այս իշխանությունների համար “ՀՀ անկախությունը” սկսվում եւ ավարտվում է քեֆի սեղանի շուրջ հայրենասիրական բաժակաճառերով ու միջոցառումներ կազմակերպելով եւ ոչինչ ավելի: Այնպես որ, այս ամենը տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս