Հայեցակարգն էլ է «պահանջում» Սերժ Սարգսյանի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների հիմնախնդիրը փաստացիորեն քաղաքական դաշտում լայն քննարկումների տեղիք չի տալիս: Ըստ էության, դրա շուրջ հանրային բանավեճ տեղի չի ունենում գերազանցապես այն պատճառով, որ այս հարցը հեռու է հասարակական-քաղաքական իրական մտահոգություններից: Իրականում ներհայաստանյան խնդիրների լուծումը ոչ թե սահմանադրական կառուցակարգերի, այլ իշխանության որակական փոփոխության մեջ է՝ առաջին հերթին լեգիտիմության վերականգնման, ինչը զարմանալիորեն ակնարկվում է անգամ փոփոխությունների հիմքը համարվող «Հայեցակարգում»:

Դրանում, մասնավորապես, արձանագրված է. «Գործնական առումով իրավունքի գերակայությունն առկա է այնքանով, որքանով վտանգված չէ իրավունքի վրա խարսխված իշխանության լեգիտիմությունը, օրենքներն իրավական են եւ բխում են օբյեկտիվ նախադրյալներից, իսկ դատական իշխանությունն անկախ է ու անաչառ»։ Այս պնդումը, կարելի է ասել, ողջ «Հայեցակարգի» ամենակարեւոր գնահատականն է, ինչը թույլ է տալիս միանշանակորեն պնդել, որ սույն փաստաթղթի հեղինակները ճշգրտորեն ընկալում են իրենց շարադրածի եւ գրասենյակի դռներից դուրս տիրող իրավիճակի տարբերությունները: «Հայեցակարգն» անուղղակիորեն ընդունում է, որ իրավունքի գերակայությունը չի կարող որոշվել սահմանադրական ինչ-ինչ կառուցակարգերի փոփոխություններով: Ստացվում է, որ նախորդ փուլերում իրավունքի գերակայության մասին նույն «Հայեցակարգի» հղացումները ի չիք են դառնում:

Հատկանշական է, որ իրավունքի գերակայությունը լիովին համեմատական է պետական իշխանության լեգիտիմության աստիճանին: «Հայեցակարգը» փաստացիորեն խոստովանում է, որ իշխանության օրինակարգության բացակայությունը քաղաքացու իրավունքի ոտնահարման առաջին հարուցիչն է: Այսպիսի ձեւակերպմամբ «Հայեցակարգը» խոշորագույն հարված է հասցնում Սերժ Սարգսյանի ամբողջ մտահղացմանը: Ենթադրելի է՝ «Հայեցակարգը» համաձայն է այն պնդմանը, ըստ որի՝ Սարգսյանի լեգիտիմության բացակայությունը պայմանավորում է Հայաստանում իրավունքի գերակայության մակարդակը: Սրա հետ միասին ուշագրավ են նաեւ օրենքների իրավականության ու դատական իշխանության անաչառության շուրջ արված նկատառումները:

Փաստ է, որ վերջին շրջանում իշխանության ընդունած օրենքների մի ստվար հատվածը պարզապես հակասահմանադրական է, որի լավագույն դրսեւորումը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքն էր, իսկ դատարանների անկողմնակալության մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է: Մնում է եզրակացնել, որ իրավունքի գերակայության ապահովումը կապված է առաջին հերթին իշխանության լեգիտիմության հետ, ապա եւ օրենքների իրավականության ու դատական անկախության հետ: Շեշտենք, որ վերջին երկուսն էլ ածանցված են առաջինին, ուստի անգամ «Հայեցակարգի» պես միակողմանի փաստաթղթում է մատնանշվում Հայաստանի՝ լուծման կարոտ միակ ու իրական խնդիրը՝ իշխանության լեգիտիմության բացակայությունը:

Հայաստանում հաստատված դրությանը տրված համարժեք գնահատականների շարքը շարունակելով՝ ուշագրավ է «Հայեցակարգում» հանդիպող հետեւյալ դիտարկումը. «Լրացուցիչ կարեւոր երաշխիք է գործող Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պահանջը, ինչը, մասնավորապես, ապահովում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափորոշիչների կիրառումը հիմնական իրավունքների սահմանափակումների խնդրում»: Նախ նկատենք, որ Սահմանադրության վերոնշյալ հոդվածով սահմանվում է, որ քաղաքացու հիմնական ազատությունների սահմանափակումները չեն գերազանցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները: Ըստ էության, շեշտվում է, որ գործող Սահմանադրությամբ ՄԻԵԴ-ի որոշումները Հայաստանում կարեւոր դերակատարություն ունեն:

Ընդունելով հանդերձ պնդման ճշմարտացիությունը՝ հարկ է, սակայն, նկատել, որ ՄԻԵԴ-ի որոշումները գերազանցապես ուղղված են ՀՀ Կառավարության դեմ: Նաեւ հիշենք, որ Ա1+ հեռուստաընկերության հետ կապված ՄԻԵԴ-ի վճիռը փաստացիորեն չկատարվեց, քանզի ՀՀ իշխանությունները սահմանափակվեցին լոկ ֆինանսական փոխհատուցմամբ, մինչդեռ հեռուստաընկերությունը հաճախականություն չստացավ: Ստացվում է, որ ՄԻԵԴ-ի որոշումներն էլ Հայաստանում իրացվում են «այնքանով, որքանով», ինչն էլ նշանակում է, որ քաղաքացու իրավունքների պաշտպանության ոլորտում, այսպիսի զսպիչ հանգամանքի առկայությամբ հանդերձ, իշխանության ամենաթողությունը շարունակում է գերակայող լինել:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս