ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ԲԵԿՈՒՄ ՄՏՑՐԵՑ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին: Երեկ «Բլից ինֆո» ակումբում «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը պատմեց, թե ինչպիսի դժվարություններով են իրենք կարողացել 6 ժամվա ընթացքում ազատագրել Շուշին: «Չէինք կարողանում վերցնել, ահռելի դիմադրություն կար թշնամու կողմից: Հետո ժամը 1-ի կողմերը բարձունքը նվաճեցինք,- պատմեց ազատամարտիկը՝ նկատելով,- երբ Շուշիի բարձունքը վերցրեցինք, մի մեծ արծիվ սկսեց սավառնել Շուշիի վրա, ասեցի՝ տղերք, հայոց արծիվը Շուշին գրավեց արդեն: Մինչեւ այսօր էլ ես հպարտանում եմ, որ մասնակից եմ եղել Շուշիի ազատագրման օպերացիային: Այդ օրն իմ ամենաերջանիկ օրերից մեկն է եղել, ես մինչեւ արցունքներս հուզվել եմ»: Ըստ Սասուն Միքայելյանի՝ Շուշիի ազատագրումը կարծես բեկում մտցրեց ռազմի դաշտում, դրանից հետո մեր հակառակորդներն ընկան խուճապի մեջ: Նա նաեւ հիշեցրեց, որ Անդրանիկ զորավարն էլ է պաշարել Շուշին, սակայն չի կարողացել, կամ թույլ չեն տվել, որ ազատագրի այն: «Ինչ-որ տեղ դա նաեւ մեր պարտքն էր զորավարի առջեւ»,- ընդգծեց «Սասուն» ջոկատի հրամանատարը: Նա նաեւ հիշեց, որ վիրավորվել է Շուշիի ազատագրման ժամանակ. «Երբ ուշքի եկա, տեսա՝ ուսերիցս քաշում են, որ տանեն, գիտեի, թե աջ ոտքս կտրվել է, ասեցի՝ ավտոմատս ու ոտքս կվերցնեք, չթողնեք այստեղ, հետո, որ մի 10 մետր քաշեցին, նկատեցի, որ ոտքերս էլ են հետս»:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը երեկ ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, իսկ գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով, կամ նույն է թե՝ 38 տոկոսով: Իհարկե, բացառված չէ, որ ՀԷՑ-ը այդքան մեծ թիվ նշել է այն բանի համար, որպեսզի հայտը քննարկելիս Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովը դրանում մի փոքր ճշտումներ անի ու թանկացման չափը նվազեցնի: Բայց դա այնպես կանեն, որպեսզի մարդիկ ոչ թե իրենց հայհոյեն, այլ մի բան էլ շնորհակալություն հայտնեն, որ ոչ թե 16, այլ 10 դրամ են թանկացնում: Իսկ թե ինչպես է ՀԷՑ-ը հիմնավորում իր առաջարկը, պարզ կդառնա առաջիկա օրերին՝ հայտում բերված տվյալները հրապարակվելուց հետո:

 

 

 

 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («խոպանչիների օրենք») թյուր ընկալման առիթ դարձավ: Պատգամավորը վստահ է, որ այս օրենքի շնորհիվ Հայաստանն ու ՀՀ քաղաքացին են շահելու. «Կառավարությունը այս մեծ շուկայից օգտվում է եւ որոշակի արտոնյալ բազա է ստեղծում: Այն մարդը, որ ուզում է աշխատուժ արտահանի, ինքը կորոշի՝ այստե՞ղ ձեւակերպել իր աշխատողներին՝ որպես աշխատող եւ ավելի քիչ հարկ վճարել, թե՞ այլ երկրում, բայց ավելի բարձր հարկերով: Կարծում եմ՝ պետք է շահագրգռված լինենք, որ այդպիսի կազմակերպություններ հնարավորինս շատ գրանցվեն մեր երկրում, ու պատկերավոր ասած` ձուն մեր երկրում ածեն»: Դիտարկմանը, թե ՀՀ Կառավարությունը միայն մտածում է բյուջե «լցնելու» մասին, նույնիսկ արտագաղթի գնով, ՀՀԿ-ականը այսպես պատասխանեց. «Եթե այդպես չլիներ, ես Կառավարությանը լուրջ չէի վերաբերվի»:

 

 

 

 
Երբ Գյումրու ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը գազանաբար սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, հազարավոր գյումրեցիներ այս տարվա հունվարի 15-ին հավաքվեցին փողոցում՝ պահանջելով ռուս զինվորական Վալերի Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին: Այդ ընթացքում գրանցվեցին անկարգության դեպքեր, քաղաքացիների մի խմբի կողմից քարեր նետվեցին ոստիկանների ուղղությամբ, եւ արձանագրվեցին վիրավորներ ինչպես քաղաքացիների, այնպես էլ ոստիկանների կողմից: Դեպքից հետո 10 մարդու նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանության եւ հասարակական կարգը խախտելու հատկանիշներով: Սակայն ամիսներ շարունակ քննչական գործողություններ, որպես այդպիսին, չեն իրականացվել, մեղադրյալներին անգամ քննչական մարմին հարցաքննության չեն հրավիրել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկայում 10 քաղաքացու նկատմամբ առաջադրված մեղադրանքների գործերը կկարճվեն:

 

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

Երեկ Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների ընդլայնմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանի կողմից ստորագրված այս փաստաթուղթը, թեեւ բանակցվում էր տարիներ շարունակ, այդուհանդերձ, ստորագրվեց հիմա, երբ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, եւ իր առեւտրային հարաբերություններում շատ ավելի կաշկանդված, քան նախկինում: Սակայն թերեւս հենց ԵՏՄ-ին անդամակցության եւ ռուսական ազդեցության է՛լ ավելի ամրապնդման արդյունքում էլ մինչ օրս Հայաստանի ընդամենը 6-րդ տնտեսական գործընկերը համարվող Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է թեկուզ փոքր, բայց ինչ-որ խթանիչ քայլ անել` Հայաստանում գոնե իր տնտեսական ազդեցությունը մեծացնելու նպատակով: Չմոռանանք, որ ամերիկյան կապիտալի ամենամեծ` 250 միլիոն դոլարի ներդրումը՝ Որոտանի ՀԷԿ-երի կասկադի գնման գործարքը, արդեն մեկ տարուց ավել է` հայկական կողմը առկախել է, բնականաբար` ոչ առանց ռուսական կողմի ցուցումի:
Եվ այս համատեքստում բավականին ուշագրավ է, որ Որոտանի գործարքը, ըստ էության, ձախողած Ջոն Հեֆերնին փոխարինած Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր դեսպան Ռիչարդ Միլսը իր առաջին իսկ հրապարակային ելույթներով շեշտը դրեց հենց հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների խթանման վրա:
Բնականաբար, ակնկալել, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո ամերիկյան կապիտալը՝ թեկուզ եւ հայազգի մեծահարուստներին պատկանող, կհոսի Հայաստան, միամտություն է: Դրան խանգարող գործոնների թվում առաջին տեղում հենց Հայաստանի իշխանական համակարգի` վերից վար կոռումպացվածությունն է եւ նախկինում ամերիկահայ բազմաթիվ մեծահարուստների «քցվելու» դառը փորձը: Այս համաձայնագրով, սակայն, որոշակի բազա է ստեղծվում` հարկ եղած դեպքում հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններն իրապես խորացնելու համար: Այսինքն` սա Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար նախ եւ առաջ կարեւոր փաստաթղուղթ է` Ռուսաստանին եւ ԵՏՄ մյուս անդամներին ցույց տալու համար այլընտրանքի առկայությունը:
Թե որքանով այն համոզիչ կդիտվի եւ ինչպես կանդրադառնա ԵՏՄ-ում որպես «կույրաղիք» ընկալվող Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերաբերմունքի վրա, պարզ կդառնա արդեն վաղը` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցելու համար, ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանը մեկնելու է անմիջապես Վաշինգտոնից:




Լրահոս