ԱԶԱՏ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԱԾ՝ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայրենի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը. կողմ քվեարկեց 68, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 17 պատգամավոր: Նշենք, որ սա այն օրինագիծն էր, որը ԱԺ պատգամավորներն անվանել էին «խոպանչիների» դեմ օրինագիծ, իսկ ընդդիմադիր պատգամավորներն էլ հայտարարել էին, որ այս օրինագծով ՀՀ իշխանությունները արտագաղթի տեմպերն են արագացնելու:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ, որը կողմ է քվեարկել ու կարծում է, որ օրինագծի հետ կապված թյուրըմբռնում է եղել, ինչի պատճառով էլ հանրությունն այն չընկալեց:
-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ կողմ քվեարկեցիք «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին: Ըստ ընդդիմադիր պատգամավորների` այն ՀՀ քաղաքացիների համար դառնալու է իսկական փորձանք:
-Դուք սխալվում եք, Ձեզ ներկայացվում է թյուր տեղեկատվություն: Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ տնտեսության համար շատ կարեւոր է բարենպաստ պայմաններ ստեղծելը, իսկ մեզ համար առաջնային խնդիրը նաեւ բյուջեի համար նոր ռեսուրսներ հայտնաբերելն է, որպեսզի մենք դրանով համալրենք բյուջեն: Տվյալ դեպքում Կառավարությունը այդ ճանապարհով է գնում եւ ունի մոտեցում, որ ԵՏՄ անդամ ցանկացած երկիր, բնականաբար, առաջնորդվում է ոչ միայն ընդհանուր, այլեւ իր սեփական շահերով: Հասկանալի է, որ մենք էլ պետք է առաջնորդվենք մեր շահերով: Փաստացի աշխատուժ արտահանողները, որոնք ձեւակերպված են, այստեղ, ոչ թե այլ երկրներում բարձր հարկեր կտան, այլ շատ ավելի արտոնյալ կարգավիճակում կհարկվեն մեր երկրում, իսկ մեր բյուջեն էլ համալրումներ կունենա: Եվ այն մեկնաբանությունները, թե սա վերաբերելու է, այսպես ասած, խոպանչիներին, թյուր են: Ով ուզում է, հայտնվում է այս դաշտում, ով չի ուզում, չի հայտնվում: Իմպերատիվ պահանջ այստեղ չկա: Այսինքն՝ որեւէ կառույց ուզում է, ասենք, 100 մարդ տանի այլ երկիր աշխատելու, այնտեղ շահութահարկն ավելի շատ է վճարելու, եկամտահարկն ավելին է վճարելու, եւ այդ դեպքում արդեն տվյալ կազմակերպությունը կմտածի` այնտեղ ձեւակերպի ձեռնարկությունը թե Հայաստանում: ՀՀ-ն անհամեմատ ավելի բարենպաստ պայման է ստեղծում, որպեսզի գործարարներն իրենց ձեռնարկությունը ձեւակերպեն այստեղ, այստեղ հարկ տան, եւ այդ գումարները գան Հայաստան: Այսինքն՝ այն հայտարարությունները, թե այս օրենքը արտագնա աշխատանքի մեկնողների դեմ է, եւ իրենց ինչ-որ բաներից ենք զրկում, իրականությանը չեն համապատասխանում: Ընդհակառակը, դա նույնիսկ օգուտ է այն մարդկանց համար, ովքեր կազմակերպած աշխատուժ են արտահանում: Ովքեր առանձին-առանձին գնում են, մեկը մի գործով է զբաղված, մյուսը՝ մի այլ գործով, նրանք որեւէ մի դաշտում չեն հայտնվում, խոսքը, կրկնում եմ, կազմակերպած աշխատուժի արտահանման մասին է:
-Բայց ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ այս օրինագծով ՀՀ իշխանությունները նպաստում են արտագաղթի աճին, իսկ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նշեց, թե այս կերպ իշխանությունները հայտարարում են, որ հոգնել են ժողովրդից: Մտավախություն չունե՞ք, որ, իրոք, այս օրինագիծը վերջնարդյունքում կնպաստի արտագաղթի աճին:
-Այսպես թե այնպես մարդիկ գնում են դուրս՝ աշխատելու: Տեսեք, ես գիտեմ բազմաթիվ կառույցներ, որոնցից մեկը, ասենք, ասֆալտի գործարան ունի, մյուսը` այլ, երրորդը շինաշխատանքների մրցույթ է շահել, տանում են, բազմաթիվ մարդիկ աշխատում են ու վերադառնում են: Այստեղ հա՛մ այդ տնտեսվարողն է օգտվում, հա՛մ մեր պետությունն է օգտվում, հա՛մ էլ քաղաքացին, որը գնում է այնտեղ աշխատելու: Մյուս կողմից՝ հնարավոր է, որ այդ կազմակերպությունները, որոնք այստեղ են գրանցված, այլազգիների եւս ընդունեն աշխատանքի, նրանք էլ կհարկվեն մեր երկրում: Խնդիրը պետք է ճիշտ ներկայացնել, որ յուրաքանչյուր ոք հասկանա: Թյուր կարծիք ձեւավորելով կամ հուզախառն բառեր արտաբերելով` իբր ժողովրդի մասին ենք մտածում, սակայն ապակողմնորոշել հանրությանը, կարծում եմ, անթույլատրելի է: Իշխանությունը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, տվյալ դեպքում ճիշտ մոտեցում է որդեգրել, նա բյուջեի համալրման խնդիրներ ունի, ինչպես ցանկացած երկիր, ցանկացած Կառավարություն, ինքը նայում է, թե լրացուցիչ ինչ ռեզերվներ կարող է ունենալ: Կառավարությունը այս մեծ շուկայի դաշտից օգտվում է եւ արտոնյալ որոշակի բազա է ստեղծում, իսկ դուք էլ ուզում եք աշխատուժ արտահանել, այդ դեպքում դուք եք որոշում` այստե՞ղ ձեւակերպվեք եւ շահեք, թե այլ երկրում ձեւակերպվեք ու ավելի բարձր հարկեր վճարեք: Կարծում եմ՝ մենք պետք է շահագրգռված լինենք, որ հնարավորինս շատ այդպիսի կազմակերպություններ գրանցվեն մեր երկրում, ու պատկերավոր ասած` ձուն ոչ թե դրսում, այլ մեր երկրում ածեն:
-Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները բյուջեն «լցնելու» խնդիր ունեն, ինչի համար էլ որոշել են նման օրինագիծ կյանքի կոչել, տեղյա՞կ եք, որ ՀՀ պետական բյուջեն «դատարկվել» է:
-Այն Կառավարությունը, որ բյուջեն լցնելու մասին չի մտածում, ինձ պետք չէ: Ինքը գիշեր ու ցերեկ պետք է մտածի, թե բյուջեն համալրելու համար լրացուցիչ ինչ ռեսուրսներ կարող են լինել: Հակառակ դեպքում, ես այդպիսի Կառավարությանը չեմ հասկանա: Իմ պատկերացմամբ այս հարցը քննադատման ենթակա չէ, ես համարում եմ, որ սա ճիշտ քայլ է: Բյուջեի համալրման պայմանները ստեղծում ես, աշխատուժն ավելի կազմակերպված է լինում, իսկ քո երկիրն էլ կարողանում է այդ ամենից դրական արդյունքներ գրանցել: Ուզում եք, մտեք այդ դաշտ, չեք ուզում, ոչ ոք չի կարող պարտադրել: Այստեղ ազատ հնարավորություն է տրված, դուք եք որոշում կայացնողը:

 

 

 

 
«ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ՏԵՍԵԼ, ԴԵՌ ԿՏԵՍՆԵՔ»

«Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության համակարգող անդամ Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների հետ զրույցում պատմել է Շուշիի ազատագրման որոշ մանրամասներ: Ազատամարտիկը նաեւ հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի լինելու այն կուսակցությունների պես, որոնք ժողովրդին փողոց են հրավիրում, սակայն պայքարի կեսից «փախնում են»:

«Կյանքը ցույց տվեց, որ ընդդիմություն կոչվածը կա՛մ մաս է կազմում իշխանությանը, կա՛մ ինչ-որ մի պահից հետ է կանգնում, եւ ժողովուրդն է տուժում: Մեր ընդդիմությունը մինչ այժմ ձեւավորվել է՝ իշխանությանը փնովելով, բայց մենք կողմ ենք հանգիստ ճանապարհին: Մենք այս պետության համար մեծ ներդրում ունեցող մարդիկ ենք, եւ ինչո՞ւ պետք է որոշ մարդիկ գան, նստեն ու վայելեն: Նրանց 99 տոկոսը նույնիսկ այդ ազատամարտում դերակատարություն չի ունեցել, մենք իրենց ծառան ու ստրուկը չենք, որ տանում են ժողովրդին դեպի ստրկության: Բայց մենք չենք թողնի, ժողովրդին չեն կարող հասցնել ստրկամտության»,-հայտարարեց ազատամարտիկը:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությանը՝ Ս. Միքայելյանն ասաց, որ իրենք իրենց քայլերն անելու են քաղաքակիրթ ճանապարհով. «Ի՞նչ եք առաջարկում՝ զենք վերցնենք, կռվե՞նք իշխանության դեմ: Դուրս գամ, գոռամ՝ Սերժ Սարգսյան, հեռացի՛ր, մի քանիսն էլ մեր հետ գան, իրենց բռնեն, կալանավորեն, մենք էլ գանք տո՞ւն: Նորմալ ընդդիմություն չեք տեսել, կգա այդ օրը, կտեսնեք: Ես այդ մարդը չեմ, որ ինչ-որ մեկի հետ գնամ համագործակցության, մենք չենք ձգտել մաս կազմել… հիմա ստիպում եք ասել՝ գնանք, կտրենք, փրթենք, ջարդենք, թաթար-մոնղոլ եք, պիտի փախչեք այս երկրից. արդյունքում ժողովուրդը փախավ, իրենք էլ լավ նստած են, հլը մուտիտ են անում, մարդա մեկի ասած»:
Սասուն Միքայելյանը պատմեց նաեւ Շուշիի ազատագրման գործողություններից, ազատամարտիկն ընդգծեց, որ Շուշիի ազատագրումն իր հպարտությունն է. «Չնայած հակառակորդի ուժեղ դիմադրությանը, մենք կարողացանք ազատագրել ռազմավարական կարեւորություն ունեցող Շուշիի բարձունքը, թեեւ Շուշիի ազատագրումն անհնարին էր թվում: Մարտական գործողությունների ընթացքում ես վիրավորվել էի ոտքից: Սկզբում մտածեցի, որ զրկվել եմ աջ ոտքիցս, բայց հետո արդեն, երբ զինակիցներս ուսերիցս բարձրացրեցին, հասկացա, որ, բարեբախտաբար, չեմ զրկվել: Սուրեն Սարգսյանը, Ռուբիկ Գալստյանը եւ մեր մյուս մարտական ընկերներն ամեն ինչ արեցին, որ ազատագրենք Շուշին, քանի որ բարձր դիրքերով քաղաքի ազատագրումը ռազմավարական մեծ նշանակություն ուներ»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՍԱՐՈՅԱՆԻ ՏՈՒՆԸ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ մայիսի 5-ին Ֆրեզնոյում հայտարարված աճուրդով գնվել է հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը: Մեզ հաջողվեց միայն պարզել, որ Սարոյանի տունը գնել է ամերիկահայ մի գործարար, սակայն անունը դեռ չի հրապարակվում: Նախատեսված է Սարոյանի տունը թանգարան դարձնել:

 

Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՐԵԼ ԾԱՂԿԵՊՍԱԿՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Է.Ֆ.Դ.» ընկերության հետ այս տարվա ապրիլի 15-ին պայմանագիր է կնքել, որով 410 հազար դրամով «Պասիֆլորա» շուրջօրյա ծաղկի սրահից ձեռք է բերել 10 հատ ծաղկեպսակ: Ստացվում է, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունը մեր՝ հարկատուների միջոցներով մեկ ծաղկեպսակը գնել է 41 հազար դրամով: Սա այն դեպքում, երբ այն շատ ծաղկի սրահներում ավելի մատչելի գնով է վաճառվում: Սակայն պայմանագրի բովանդակությունից պարզ չի դառնում, թե ծաղկեպսակները հատկապես ինչ նպատակով են ձեռք բերվել, որտեղ են տարվել կամ ուղարկվել: Համենայնդեպս, այդ օրերին համազգային սգո օր չի եղել, բարձրաստիճան պաշտոնյա էլ չի մահացել, որ ցավակցելու գնացած լինեին: Դժվար թե Ծիծեռնակաբերդ գնային ապրիլի առաջին կեսին եւ այն էլ միանգամից 10 ծաղկեպսակով:

 

ԴԵՍՊԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի (Սերվիսի Անդո) դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 345 մլն դրամ, 3 մլն 500 հազար դոլար եւ 380 հազար եվրո: Դեսպան Մանուկյանը նախորդ տարվա ընթացքում 3 մլն 500 հազար դոլար միայն վարկ է մարել: Սակայն նա նախորդ տարվա ընթացքում ստացել է ընդամենը 35 հազար 86 դոլար, աշխատավարձ: Պարզվում է, որ Մանուկյանը նաեւ փոխառություն՝ պարտքով տված գումար է ունեցել, որից ստացած տոկոսը կազմել է 118 հազար 480 դոլար:
Անդրանիկ Մանուկյանի կինն էլ պատկառելի ունեցվածքի տեր է. Անահիտ Մանուկյանն իր հաշվին նախորդ տարվա վերջի դրությամբ ուներ 12 մլն ՀՀ դրամ եւ 102 հազար ԱՄՆ դոլար:
Հավելենք, որ ներկայիս դեսպանը Հրազդանի ցեմենտի գործարանում աշխատել է որպես բանվոր, այնուհետեւ դարձել է Աժ պատգամավոր, պետեկամուտների նախարար, տրանսպորտի եւ կապի նախարար, Սերժ Սարգսյանի խորհրդական: Այդ ընթացքում Մանուկյանը հասցրել է Երեւանում կառուցել «Մետրոպոլ» հյուրանոցը, «Մետրոպոլ»-ի ետնամասում գտնվող բազմահարկ շենքը, որտեղ այժմ տեղակայված է «Վիվասել»-ը:
Թեեւ մյուս կողմից նշենք, որ տեղեկություններ կան՝ դեսպանը գրեթե իր միջոցներով է պահում Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:




Լրահոս