ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՂՔԱՏ ԵՐԿԻՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պաշտոնյաների շուրթերից հաճախակի կարելի է լսել՝ «մենք աղքատ երկիր ենք», «մենք ոչինչ չունենք, ո՛չ գազ ունենք, ո՛չ նավթ եւ ո՛չ էլ ծով», «բյուջեի միջոցները շատ սուղ են» եւ նման կարգի այլ նվնվոցներ: Սակայն հենց նույն պաշտոնյաների կողմից բյուջետային միջոցները թալանելու արդյունքում կուտակած հարստությունն ապացուցում է, որ Հայաստանն առավել քան հարուստ է:

Հայաստանի տնտեսության պոտենցիալը հասկանալու համար նախ պետք է հաշվի առնենք այն պարզ փաստը, որ ներկայիս 2 միլիարդ 600 մլն դոլար բյուջեով եւ համընդհանուր կոռուպցիայի պայմաններում պետությունը կարողանում է առաջ գնալ՝ գոնե կանգնել տեղում: Հետեւաբար համընդհանուր կոռուպցիայի բացակայության պայմաններում միայն ներկայիս բյուջետային միջոցներով հնարավոր կլինի այնքան խնդիրներ լուծել, որոնց մասին մենք անգամ պատկերացում չունենք: Տարբեր գնահատականների համաձայն, բացառությամբ որպես աշխատավարձ վճարվող միջոցների, պետբյուջեի մնացած գումարները լավագույն դեպքում 50 տոկոս արդյունավետությամբ են ծախսվում: Այսինքն՝ պետբյուջեից ծախսված ամեն մի հազար դրամից միայն մոտ 500-ն է իր նպատակին ծառայում, իսկ մյուս կեսը դուրս է գրվում, բայց գնում է տարբեր պաշտոնյաների գրպանները: Այսինքն՝ Հայաստանում ձեւավորված կոռուպցիոն համակարգը քանդելու դեպքում ներկայիս բյուջեի համեստ միջոցների արդյունավետությունը կրկնակի կավելանա: Սա փաստ է, որ Հայաստանում բոլորն էլ գիտեն: Ի վերջո, պաշտոնյաների կողմից բյուջեի միջոցների հաշվին միլիարդներով հարստության կուտակումը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ:
Մյուս կողմից էլ բազմիցս հայտարարվել է, որ պաշտոնական բյուջեից բացի՝ Հայաստանում գոյություն ունի եւս մեկ՝ իշխանությունների ստվերային բյուջե: Ըստ գնահատականների՝ ստվերային բյուջեն, որպես կանոն, պաշտոնականի չափ է լինում: Այլ կերպ ասած՝ գործում է 50/50 տարբերակը: Ի դեպ, ստվերային բյուջեն չպիտի շփոթենք մանր-մունր գործարարների կողմից հարկեր թաքցնելու խնդրի հետ: Ստվերային բյուջեն օլիգարխներից եւ տարբեր տրամաչափի պաշտոնյաներից ու նրանց ընկերություններից հավաքվող ստվերային գումարներն են, որոնք ծախսվում են համակարգի պահպանմանը, ընտրությունների կազմակերպման վրա: Այսինքն՝ ներկա իշխանությունների փոփոխության արդյունքում Հայաստանի պետական բյուջեն կարող է առնվազն կրկնակի աճել: Բայց դրա արդյունքում Հայաստանում կյանքը ոչ թե կրկնակի անգամ կբարելավվի, այլ քառակի, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, ներկա միջոցների կեսն է միայն իր նպատակին ծառայում:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի անկախանալուց հետո Երեւանի մետրոպոլիտենի շինարարությունն այլեւս չի շարունակվել: Ներկայիս մետրոն ձգվում է 12 կիլոմետր, ունի 10 կայարան: Ըստ պաշտոնական տվյալների՝ Երեւանի մետրոյի կառուցման արժեքը կազմում է մեկուկես միլիարդ դոլար: Հիմա փորձենք հիշել, թե ՀՀ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած չինովնիկներն ինչ ունեցվածք ունեն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը նրա պաշտոնավարման տարիներին, ըստ տարբեր գնահատականների, հասցրել է կուտակել 6-ից 8 միլիարդ դոլարի կարողություն: Այսինքն՝ միայն մեկ ընտանիքի կողմից Հայաստանում «դիզած» ավարը կբավարարեր Երեւանի մետրոն առնվազն չորս անգամ մեծացնելու համար: Վեց միլիարդով կարելի է կառուցել 20 միլիոն քառակուսի մետր բնակարան, կամ այլ կերպ ասած՝ 250 հազար հատ երեքսենյականոց տուն: Վերը բերվածին ավելացրեք Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Երվանդ Զախարյանի, Տարոն Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Դավիթ Հարությունյանի, Կարեն Ճշմարիտյանի եւ այսպես շարունակ, ողջ իշխանական բուրգի կուտակած հարստությունը: Վերջին 14 տարիներին իշխանական բուրգի մեջ տարեկան բաշխվել է առնվազն երկու միլիարդ դոլար: Այսինքն՝ ներկա իշխանությունների պաշտոնավարման արդյունքում Հայաստանը կորցրել շուրջ 30 միլիարդ դոլար: Իսկ թե ինչեր կարելի էր անել այդ գումարով, նույնիսկ անհնար է թվարկել: Վերը բերվածից բացի՝ համընդհանուր կոռուպցիայի բացակայության դեպքում սփյուռքի մեր հայրենակիցները չէին խուսափի Հայաստանում ներդրումներ կատարելուց:
Այսքանից հետո նորի՞ց պիտի ասենք, որ Հայաստանն աղքատ երկիր է: Հայաստանը հարստության խնդիր չունի, Հայաստանի միակ խոչընդոտը բյուջետային միջոցները թալանող եւ վստահությունն իսպառ կորցրած իշխանություններն են, որոնց կյանքի միակ նպատակը հարստություն կուտակելն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ
Երեկ, ի վերջո, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձավ իր պատճառով առաջացած հայ-վրացական լարված հարաբերություններին: Լրագրողների հետ զրույցում ԱԺ տարեց նախագահը, խոսելով իր եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովի հանդիպմանն, ասաց. «Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ, ըստ երեւույթին, ինչ-որ մեկը նկարել է: Բացի դրանից՝ հիմա էդ նկարը որ նայում եմ, տեսնում եմ, որ ես նման հագուստ էլ չունեմ»: Այս պատասխանից երկու եզրահանգում կարելի է անել՝ կա՛մ Սահակյանն անմեղսունակ է եւ չի գիտակցում իր արարքի լրջությունը, կա՛մ ծերունական հիշողության կորուստ է սկսվել մոտը, որ անգամ ինքն իրեն չի հիշում, այս դեպքում անգամ իր կրած հագուստը: Մենք հակված ենք երկրորդ տարբերակին, բայց նույնիսկ այդ դեպքում, հավատացեք, շքեղություն է մեր երկրի համար Գրիգորիչին այդ պաշտոնում հանդուրժելը: Նա արդեն ծաղրում է ոչ միայն հայ հասարակությանը: Եւ իր «շուլուխներով» մշտապես հռճված Սահակյանը այս անգամ նույնիսկ այդ ճանապարհով չկարողացավ «պլստացնել» մեր համար այդքան կարեւոր նշանակություն ունեցող հարեւան երկրի հետ փչացրած հարաբերությունների թեման:

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԿԲԱՑՎԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Hayatt» հյուրանոցային համալիրի բացումը կկայանա մայիսի 29-ին: Միջոցառմանը ներկա կգտնվի նաեւ Սերժ Սարգսյանը, որն, ըստ լուրերի, մասնաբաժին ունի դրանից: Հիշեցնենք, որ այդ հյուրանոցի կառուցման համար 2009-ին բազմաթիվ հաստաբուն ծառեր հատվեցին: Այն կունենա 80 տարբեր կարգի համարներ, SPA-կենտրոն, ջրաբուժարան եւ այլն: Նշենք նաեւ, որ Մոսկվայի «Արարատ-Հայաթ» հյուրանոցը Սամվել Սարգսյանը ժառանգություն է ստացել վաղամեռիկ եղբայր Մուրադ Սարգսյանից: Նրանն է նաեւ Երեւանի «Հայաթ» հյուրանոցը:

 

ՆՍՏԱՑՈՒՅՑՈՎ
Երեկ ՀՀ Կառավարության շենքի առջեւ էին կրկին հավաքվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները եւ պահանջում էին իրենց աշխատավարձերը: Նրանք որոշեցին հաջորդ հինգշաբթի երկօրյան նստացույց անցկացնել Կառավարության շենքի դիմաց: Իսկ մինչ այդ՝ երեքշաբթի օրը՝ առավոտյան ժամը 9-ին, բոլոր նաիրիտցիները պետք է հավաքվեն Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում եւ սպասեն Սերժ Սարգսյանին: «Նաիրիտ» գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտարարեց, որ նստացույցը նախազգուշական է լինելու, որին հնարավոր է հաջորդի երկարատեւը: Ի դեպ, երեկ Կառավարության դիմաց նաիրիտցիներին էր մոտեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ հայտարարել, որ նաիրիտցիների կողմից ամիսներ առաջ ՄԻՊ ներկայացրած բողոքի դիմումը կարճվել է, քանի որ աշխատավարձերի վճարման պատասխանատուն Կառավարությունը չէ, այլ գործարանն է:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԺԵՍՏ` ԳՐԻԳՈՐԻՉԻՆ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ` մասնակցելու հաղթանակի եռատոնին: Պատվիրակությունը վերադառնալու է Հայաստան եւ մասնակցելու է նաեւ մայիսի 9-ին այստեղ տեղի ունեցող միջոցառումներին: Վարչապետը նշել է, որ ՀՀ նախագահը Հայաստանում չէ, ուստի մայիսի 9-ին նվիրված միջոցառումները համակարգելու է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԵՎ ՀՐԵՇՆԵՐ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով «խոպանչիների մասին» անվանումը ստացած օրինագծին, երեկ ասել է, որ ՀՀ-ում Կառավարությունը հիմնականում լավ բաներ անում է միայն օլիգարխների համար: «Ուրիշ տարբերակ հնարավոր չէ: Երբ ասում եք, որ Կառավարությունը պետք է ծրագրին հավանություն տա, դրանով չարաշահումներ չեն լինի, թույլ տվեք դրան չհավատալ: Անգամ, եթե մի րոպե պատկերացնենք, որ այս իշխանությունները կազմված են հրեշտակներից, Կառավարությունը կարող է գնալ չարաշահումների: Իսկ դուք օլիգարխ տնտեսության սերտաճման օրինականացման օրինագիծ եք բերել»,-ասել է Զուրաբյանը, որին հակադարձելով` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է. «Երկրի վրա հրեշտակներ չկան, այս դահլիճում՝ եւս: Մենք բոլորս մեղավոր ենք: Բայց թող քար նետի մեր վրա նա, ով մեղք չի գործել»:

 

ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Երեկ՝ երեկոյան, Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքը, որին, հազարավոր քաղաքացիների հետ, մասնակցել են Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ օրենսդիրներ: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ԱՄՆ երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան՝ փոխնախագահ Ջո Բայդենը:

 

ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ
Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի խորհրդի՝ մայիսի 3-ին կայացած նիստում ԵՔԳԱ փոխնախագահ Մխիթար Հայրապետյանն ու խորհրդի եւս 5 անդամներ հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու իրենց որոշման մասին:

 

ԻՆՉՊԵՍ ՆԵՐԵԼ
Ինչպես արդեն հայտնել է armlur.am-ը՝ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն դրա՝ ներում է շնորհվել 5 դատապարտյալի, մասամբ` 16-ի: Նշենք, որ Սերժ Սարգսյանն առաջին անգամ ներման հրամանագիր էր ստորագրել հենց իր` նախագահ դառնալու տարում` 2008-ին՝ ազատ արձակելով սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ պաշտպանության նախարարի խորհրդական դարձած Արմեն Սարգսյանին: Հիշեցնենք, որ նա դատապարտվել էր Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով: Հայաստանում Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջին անգամ ներում է շնորհվել նախորդ տարեվերջին, եւ պատժի կրումից ազատ է արձակվել 12 տարվա ազատազրկման դատապարտված ՔԿ վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը` ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խնամին:




Լրահոս