«ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ Է, ԲԱՅՑ ՎՃՌՈՐՈՇ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց Վարդան Դեւրիկյանին, ով 2009-ից մինչ վերջերս նույն ինստիտուտի փոխտնօրենն էր: «Ժողովուրդ»-ը նորանշանակ տնօրենի հետ զրուցել է նրա առաջիկա անելիքների, ինստիտուտի ձեռքբերումների եւ կարիքների շուրջ:

-Պարո՛ն Դեւրիկյան, ենթադրվում է, որ գրականության ինստիտուտը գրականագիտության զարգացման դպրոց պետք է լինի, իսկ գիտաշխատողները պետք է ունենան բոլոր հնարավոր պայմանները` գիտությամբ զբաղվելու համար: Այնինչ, այնպիսի տպավորություն է, որ այսօր նրանք, այսպես ասած, ձեռքի հետ են զբաղվում գրականագիտությամբ: Հնարավո՞ր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ վերջիններս զբաղվեն բացառապես գիտությամբ եւ դրա շնորհիվ նորմալ վաստակեն:
-Դուք չեք կարող գրականության ինստիտուտում ցույց տալ մի գիտաշխատողի, որը ձեռքի հետ է զբաղվում գրականագիտությամբ: Այստեղ խնդիրն այլ է: Սոցիալական խնդիրներից ելնելով` (եւ ոչ միայն) նրանք դասավանդում են, աշխատում են խմբագրություններում, բայց այդ աշխատանքի ընթացքում էլ գրականագիտական գործառույթ են կատարում: Ասեմ ավելին` խորհրդային տարիներին, երբ նյութական խնդիրներն ավելի քիչ էին, ակադեմիական իստիտուտների գիտաշխատողների զգալի մասը դասավանդում էր բուհերում:
-Խոսքը միայն դասավանդելուն չի վերաբերում: Փաստ է, որ գիտաշխատողները ցանկության դեպքում չեն կարողանում զբաղվել բացառապես գիտությամբ եւ հնարավորություն չունեն դրանով ապրել:
-Բայց նրանք հո կոշիկ չեն կարում կամ հո հացի փռում չեն աշխատում. բոլորն էլ գրականագիտության ասպարեզում են գործում: Իսկ եթե լինեին համապատասխան միջոցներ, այդ մարդիկ չէին դասավանդի, միայն կգրեին ու կկարդային: Բայց այս դեպքում մարդու խառնվածքի եւ կոչումի, առաքելության հարցն էլ կա: Իհարկե, բնական է նաեւ, որ նրանք որքան նյութականապես ապահովված լինեն, այնքան աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա:
-Ասում են` գրականության ինստիտուտում կան գիտնականներ, որոնք տարիներ շարունակ նույնիսկ մեկ հոդված չեն տպագրել. ի՞նչ կասեք:
-Նման բան չկա, ես կարող եմ ասել, որ գոնե մեր ինստիտուտը առաջիններից մեկն է իր տպագրած հոդվածների թվով. այլ հարց է, թե դրանք որքանով են մասնագիտական, հանրապետական, գրական մամուլում տպագրվում: Մեր ինստիտուտում այնպիսի գիտնական չկա, որ գոնե մեկուկես տարին մեկ հոդված կամ գիրք չտպագրի:
-Խոսվում է նաեւ այն մասին, որ գրականության ինստիտուտը ապահովված չէ անգամ անհրաժեշտ նվազագույն գույքով, համակարգիչների թիվն, օրինակ, խիստ սահմանափակ է:
-Այս դարում ամեն մարդ իր տանը անհատական համակարգիչ ունի, այդպիսի խնդիր չկա… Վերջիվերջո, գրականագիտությունը նաեւ գրադարանում արխիվներ նայելն է ու էլի նմանատիպ աշխատանքներ կատարելը. Ձեր հարցադրումը կեղծ է:
-Բայց ինչո՞ւ է կեղծ. Ձեր ինստիտուտում գիտնականներ են աշխատում, մի՞թե հաշված թվով համակարգիչները բավական են նրանց, գիտնականները համակարգիչ չպետք է ունենա՞ն:
-Եկեք ինստիտուտ եւ հաշվեք, թե այնտեղ քանի համակարգիչ կա… Եվ հետո գրական կապերն էլ հո համակարգչով չեն ստեղծվում: Ամեն վայրկյան համակարգիչ կա, որեւէ մեկը դրանից չի բողոքել…
-Լավ, Պարո՛ն Դեւրիկյան, գաղտնիք չէ, որ գիտության ապագան խոստումնալից է նաեւ երիտասարդների շնորհիվ, իսկ Հայաստանում նրանք մեծ մասամբ խուսափում են գիտությամբ զբաղվել ցածր աշխատավարձի պատճառով: Ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր ինստիտուտում լուծել այս խնդիրը:
-Այն, որ աշխատավարձերը ցածր են, դա իրողություն է, բայց կյանքի ցանկացած բնագավառում, սկսած` կենսաթոշակներից, այդ խնդիրը կա, եւ ամեն ինչ դրանով պայմանավորելը սխալ է: Մարդ նաեւ ինքը պետք է ջանք գործադրի, լավ աշխատի, որպեսզի լավ վարձատրվի: Աշխատավարձը կարեւոր գործոն է, բայց վճռորոշ չէ, իսկ այդ պատճառաբանությունները նվնվալու եւ փնթփնթալու ձեւերից մեկն են…
-Եվ վերջում` առաջին գործը, որ մտադիր եք ձեռնարկել ինստիտուտի համար, ո՞րն է:
-Քանի որ վեց տարի եղել եմ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, որեւէ նոր գործ չեմ ձեռնարկելու, պարզապես պետք է շարունակեմ մինչեւ հիմա արված աշխատանքները: Դրանցից երեք գլխավոր գործերն են` հայ գրականության ակադեմիական վեցհատորյակից հինգ հատորների վրա աշխատելը (մեկն արդեն պատրաստ է), հաջորդը` հայ դասականների երկերի բնագրերի հրատարակությունը եւ հայ դասական գրողների կյանքի եւ տարեգրության ժամանակագրությունների կազմումը: Իհարկե, սրանց զուգահեռ կան էլի ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն:

 

 

 

 
ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԻՆՉՊԵՍ ՀԱՐԿՆ Է` ՄԵԾԱՐԵՑԻ՞ՆՔ

Այս տարվա մայիսի 3-ին լրացավ հայ երգի վարպետ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 110-ամյակը: Օրերս տեղի ունեցավ հոբելյանական այս առիթին եւ Վանի հերոսամարտին նվիրված համերգ, որին մասնակցեցին տասից ավել ազգագրական խմբեր եւ անհատ կատարողներ:

Արվեստասեր հասարակության մի հատված, սակայն, դժգոհ մնաց վարպետին նվիրված միջոցառումներից եւ նրա հոբելյանի նշանավորումից: ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանն, օրինակ, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը հիասթափված է հոբելյանական միջացառումներից եւ կարծիք հայտնեց, որ ավանդական երգի պահպանության եւ գալիք սերունդներին փոխանցելու գործում մեծ վաստակ ունեցող վարպետի 100-ամյակն ավելի ջերմ ուշադրության էր արժանի: «Իսկ ի՞նչ «փառահեղ» գործերով է ծանրաբեռնված մեր նախարարությունը, արդյո՞ք միայն ճոռոմ փաստարկներով: Նրանք ոչինչ էլ չեն կարող պահպանել ու պրոպագանդել, էլի պետք է ժողովուրդը տարերայնորեն շարունակի զբաղվել դրանով: Բայց չէ՞ որ մշակույթի նախարարությունը նաեւ ոչ նյութական արժեքների պահպանողը պետք է լինի»,- ընդգծեց Ջ. Բառնասյանը:
Իսկ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մայիսի 11-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սպասվում է Հայրիկ Մուրադյանին նվիրված համերգ-ներկայացում, որին աջակցում է նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը:
Գ.Գինոսյանի համոզմամբ` այս հոբելյանը համաժողովրդական տոնի վերածելը ժողովրդի գործն է. «Կարծում եմ` սեւեռումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա թույլ չտվեց հոբելյանը նշել ինչպես հարկն է»,-նկատեց նա:
Գ. Գինոսյանը նաեւ ընդգծեց, որ Հայրիկ Մուրադյանին նվիրված միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն եւ չկազմակերպվեն հոբելյանից հոբելյան միայն. «Ամեն դեպքում, պետությունը պետք է ամենօրյա աշխատանք տանի` նման մեծությանը եւ նրա կատարած աշխատանքը նշանավորելու ուղղությամբ»,- հավելեց նա:
Նշենք նաեւ, որ առաջիկա ամիսներին Գյումրիում, Արմավիրում, Եղեգնաձորում, ինչպես նաեւ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ապրող հայ երիտասարդների համար կկազմակերպվեն հայ ավանդական երգի ու պարի դասեր. նախաձեռնողը «Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպությունն է:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Մայիսի 16-ին «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր 110 թանգարաններն անվճար բաց կլինեն մինչեւ ժամը 24:00-ն: Այս մասին ՀՀ Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը: Միաժամանակ, փոխնախարարը տեղեկացրել է, որ մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը, աշխատելու են երկրի բոլոր թանգարանները մինչեւ ժամը 18:00-ն: Սովորաբար երկուշաբթի օրերին Հայաստանում թանգարանները չեն գործում: Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվում է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից:

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ի ԲԵՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մրցույթի բեմի վերջնական տարբերակը: Այն հսկայական աչք է հիշեցնում, որն, ըստ կազմակերպիչների, կապող կամուրջ է լինելու արտիստների, նրանց պատվիրակությունների անդամների եւ հանդիսատեսի միջեւ: Բեմը բաղկացած է 14,3 մետր բարձրությամբ եւ 44 մետր լայնությամբ 1288 սյուներից:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Վիեննայի Wiener Stadhalle համալիրում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: Հայաստանը ներկայացնելու է Genealogy խումբը «Face the Shadow» երգով: Խմբի ձեւավորման նպատակն է՝ մեկ բեմում միավորել հայ ժողովրդի մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո:

 

ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՄԱՏՈՒՑԵԼ
Օրերս Maroon 5 խմբի կատարող Ադամ Լեւինը շտապելիս է եղել Ջիմի Քիմելի շոուին, երբ նկարահանման հրապարակի մոտ հավաքված անհայտ երկրպագուն նրան տհաճ անակնկալ է մատուցել: Երաժիշտը հանդիպել է երկրպագուներին եւ ստորագրություններ բաժանել նրանց: Այդ պահին անհայտ անձը շաքարի փոշու տուփը նետել է երգչի դեմքին (հավանաբար, նա ոգեշնչվել է խմբի Sugar երգից): Ոստիկանները ձերբակալել են նրան: TMZ-ի փոխանցմամբ՝ երկրպագուի այդ քայլն այնքան էլ դուր չի եկել Լեւինին, եւ վերջինս անմիջապես փոխել է հագուստը:




Լրահոս