Ռեժիսոր ՍԵՐԺ ԳԱԲՅԱՆԸ 6 տարի առաջ նկարեց իր առաջին տեսահոլովակը` Սիլվա Հակոբյանի “I like”-ը, ու սկսվեց ռեժիսորի նրա կարիերան: Սերժը նկարել է Սիլվա Հակոբյանի “Կանաչ-կարմիր”, Ռազմիկ Ամյանի “Շիրազի գովք”, “Եռագույն”, Դավիթ Թուջարյանի “Մարալ ես”, “Այրվող կամուրջներ”, ՀՏ Հայկոյի “Պարոն Մարգարյան”, Նորոյի “Ուզածիդ հասար”, Սոֆի Մխեյանի “Հաճա՛խ ժպտա” եւ մի շարք այլ տեսահոլովակներ:
-Ի՞նչ է պակասում այսօրվա հայ ռեժիսորին:
-Ոլորտի զարգացվածությունը, դա վերաբերում է ոչ միայն տեխնիկային, այլեւ նկարիչներին, անիմատորներին, մոնտաժնիկներին, դերասաններին: Այդ խնդիրներն էլ գալիս են երկրի ու շուկայի փոքր լինելուց: Պետք է նոր սերունդ, որ այս ոլորտը զարգանա, որ պահանջարկն էլ շատանա:
-Սիրո՞վ եք կատարում Ձեր աշխատանքը, թե՞ ստիպված:
-Մեծ սիրով, չեմ էլ պատկերացնում ինձ այլ բան անելուց: Ինձ ոչինչ չի կարող ստիպել ռեժիսուրայով չզբաղվել:
-Հոնորարները բարձր են, դրա՞ համար:
-Ո՛չ, այդ հոնորարներն էլ տատանվող, սեզոնային բնույթ են կրում, կան նաեւ այլ հանգամանքներ, որ ազդում են հոնորարի վրա: Իհարկե, ինչքան շատ, այնքան լավ, բայց համեմատած մեր հարեւան երկրների հետ՝ հայաստանյան ռեժիսորների հոնորարները կազմում են շատ չնչին տոկոս:
-Երբ դիմում են Ձեզ, ամենից շատ ինչպիսի՞ տեսահոլովակ են ուզում:
-Պատահում են երգիչներ, որ գալիս են կոնկրետ ցանկությամբ՝ ունենալ այսինչ ձեւի տեսահոլովակ, նրանց թվում է, եթե ունեցան, կդառնան ավելի պոպուլյար: Երգիչներն ավելի շատ կողմնակից են փոփի, այսինքն՝ նրան, ինչն ամենից շատ է մասսայականություն վայելում, որ Youtube-ում դիտումներ հավաքի:
-Իսկ Դուք՝ որպես ռեժիսոր, չե՞ք ասում` քո ուզածը որակով չէ, արի՛ այս տեսակ բան անենք:
-Եղել են այդպիսի դեպքեր, բայց գալիս է պահ, երբ նման քայլ անելիս դառնում ես, կոպիտ ասած, վատ համբավով ռեժիսոր:
-Այսինքն՝ ռեժիսորն իրավունք չունի՞ խորհուրդ տալ:
-Ռեժիսորը պետք է խորհուրդ տա, բայց երեւի մեր մենթալիտետից է, որ մեզ թվում է, թե մենք ենք ամենախելոքը: Մեզ թիմային աշխատանքն է պակասում: Երբ անցնենք թիմային աշխատանքի ու հասկանանք, որ միայնակ չենք կարող այդ ամեն ինչն իրականացնել ու հաշվի առնենք շատ մարդկանց կարծիքներ, ամեն ինչ կսկսվի ուղղվել:
–Վերջին տարիներին նկարահանված տեսահոլովակների որակի մասին ի՞նչ կասեք:
-Եթե վերցնենք վերջին 5 տարիների աշխատանքները, մենք հայկական ռեժիսորներով բարձրացել ենք մի 100 տոկոսով: Ինձ թվում է՝ դա ակնհայտ է:
–Ինչքա՞ն է արժեցել Ձեր նկարած ամենաթանկ տեսահոլովակը:
-Տեսահոլովակի բյուջեն կապ չունի իմ հոնորարի հետ, բայց իմ նկարած ամենաթանկ տեսահոլովակն արժեցել է 15 000 ԱՄՆ դոլար:
-Դա ո՞ր տեսահոլովակն է:
-Ռազմիկ Ամյանի “Եռագույնը”: Պետք չէ զարմանալ, քանի որ եթե նույնատիպ տեսահոլովակ նկարահանվեր, ասենք, Բուլղարիայում, շատ ավելի թանկ կարժենար:
-Միայն անկեղծ, որպես ռեժիսոր՝ չե՞ք կարծում, որ մեր տեսահոլովակները նման են դրսի արտիստների տեսահոլովակներին:
-Չէին էլ կարող նման չլինել: Եթե Հոլիվուդը կայացած երաժշտական ոլորտ ունի, որը կառավարում է համաշխարհային շուկան, բնական է, որ ազդեցությունն էլ մեծ կլինի: Ի դեպ, նմանատիպ խնդիր կա նաեւ երգահանների մոտ, երբ նրանց դիմում ու ասում են՝ մենք ուզում ենք Բեյոնսեի կամ Շակիրայի այսինչ երգի նման երգ ունենալ: Եթե դու դա չանես, փող չես աշխատի:
-Տեսահոլովակ նկարահանելիս է՞լ են ասում, օրինակ, Բեյոնսեի այսինչ տեսահոլովակից եմ ուզում:
-90 տոկոսով մեր հայկական շուկայում այդպես էլ արվում է:
-Լավ, այդ դեպքում ռեժիսորի դերը ո՞րն է, նա չպե՞տք է իր կողմից նոր բան ներկայացնի: Ավելի լա՞վ չէ նոր բան մտածել, քան ուրիշի նկարածը նորից վերարտադրել:
-Ճիշտը դա է, ու իմ ամբողջ պայքարն իմ կարիերայի ընթացքում դրա մեջ է: Ես աշխատել եմ միշտ անել այն, ինչ դեռ չեն արել: Ում հետ էլ աշխատում եմ, փորձում եմ մաքսիմում հեռացնել նմանակումներից: Ոչ միշտ է ստացվում, քանի որ չես կարող 100 տոկոսով այնպիսի մի բան հնարել, որ քեզնից առաջ ոչ ոք չի արել: Բայց ասեմ` հասարակության համար մեկ է, նա ուզում է շոու տեսնել ու տեսնում է:
-Միայն հայ արտիստների համա՞ր եք տեսահոլովակներ նկարահանում:
-Այս տարի ես արդեն չորրորդ գործն եմ արել, որ ընդհանրապես կապ չունի հայկական շուկայի հետ: Մեկը Կանադայից է, մյուսները՝ Բուլղարիայից, Սլովենիայից ու Անգլիայից:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ