Մեզ համար մեր ազգային պահանջատիրությունը շրջագիծ, թվական և վայր չի ճանաչում. Արամ Ա կաթողիկոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ համար մեր ազգային պահանջատիրությունը շրջագիծ, թվական և վայր չի ճանաչում: Մեր նպատակն է Հայոց ցեղասպանության ճանաչումը և հատուցումը: Այս մասին մայիսի 10-ին հայտարարել է  Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ-ի Արևելյան թեմ  կատարած այցելության ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Վեհափառ Հայրապետն այցելել է Վաշինգտոնի Ս. Խաչ եկեղեցի, որտեղ ներկա է գտնվել պատարագին և իր հայրապետական պատգամն է փոխանցել: Նորին Սրբությանը դիմավորել են ազգային կենտրոնական վարչության անդամ Տրդատ Մանկիկյանը և Ազգային վարչության ու եկեղեցու հոգաբարձուների անդամները: Վեհափառին ընկերակցել են ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդները, ինչպես նաև թեմերի ներկայացուցիչներ:

Արևելյան թեմի առաջնորդ Տ. Օշական Արք. Չոլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ԱՄՆ ժամանելու համար: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ընդգծել է մեր ազգի հոգևոր, մշակութային և ազգային արմատների կարևորությունը՝ շեշտելով հայ եկեղեցու դերակատարությունը:

Անդրադառնալով ազգային պահանջատիրությանը՝ նա նշել  է. «Մեզ համար մեր ազգային պահանջատիրությունը շրջագիծ, թվական և վայր չի ճանաչում: Մեր նպատակն է Հայոց ցեղասպանության ճանաչումը և հատուցումը: Այնքան ժամանակ, քանի դեռ մեր այս նվիրական նպատակը չի իրականացվել, մենք պետք է շարունակենք մեր հավաքական ու ազգային պայքարը: Եթե մենք մեր եկեղեցին, մշակույթը և ազգային պահանջատիրությունը դուրս հանենք մեր ազգային կյանքից, կմնանք առանց արմատների: Այս արժեքների շնորհիվ մեր ժողովուրդը մնաց կանգուն մեր պատմության փոթորիկների դիմաց»:




Լրահոս