Ապրիլի 27-ից մայիսի 4-ը Ֆլանդրիայի խորհրդարան ցուցասրահում «Նուարդ» մշակութային միությունը կազմակերպել էր լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես Բելգիայից Armlur.am-ին տեղեկացրեց Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի համակարգող, «Նուարդ» հայկական միության անդամ Շահնուր Մինասյանը, ցուցահանդեսն ուղեկցվել է բացատրագրերով եւ սեղմագրերով:
«Նուարդ» մշակութային միությունը շնորհակալություն է հայտնել Ֆլանդրիայի նախագահ-նախարար Գերտ Բուրժուային եւ պառլամենտի ղեկավարությանը` ցուցահանդեսի մտահղացումն իրականացնելու եւ աջակցելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Բրյուսելում` Ֆլանդրիայի խորհրդարանում ընդունվել էր բանաձև, որով ճանաչվում և դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը: Իսկ ավելի վաղ Շահնուր Մինասյանը Armlur.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ իրենք պատրաստվում են խոշոր քայլ անել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում: Սակայն, այն ժամանակ վերջինս չբարձրաձայնեց այս մասին, քանի որ հնարավոր էր լինեին խոչընդոտներ թուրքական լոբբիի կողմից: