Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունեց “Դատախազության մասին” օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով սահմանելու վերաբերյալ ժամանակավոր բնույթ կրող նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս մեկ տարով՝ մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:
Առաջին ընթերցմամբ ընդունվեցին նաև 2013թ.-ի պետական բյուջեի կատարումն ապահովող ևս երկու օրենսդրական փաթեթներ: Դրանցով կանոնակարգվում են հանրային ծառայողների աշխատավարձերի դրույքաչափերը` պայմանավորված 2013 թ.-ից կիրառվելիք միասնական եկամտային հարկով:
ՀՀ օրենսդիր, գործադիր (հանրապետական) և դատական իշխանության մարմիններում աշխատողների պաշտոնային դրույքաչափերը կամ դրանց հաշվարկման գործակիցները, տոկոսները սահմանող ՀՀ դատական օրենսգրքում և մեկ տասնյակ օրենքներում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունների արդյունքում, մասնավորապես, աշխատողների պաշտոնային դրույքաչափերը կկարգավորվեն այնպես, որ եկամտային հարկով հարկվելուց հետո պահպանվի աշխատավարձի նախկին մակարդակը, որը տրվում էր մինչև ,Եկամտային հարկի մասինե օրենքն ուժի մեջ մտնելը: Այս նպատակով վերանայվել են որոշ ոլորտներում հանրային ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:
“Եկամտային հարկի մասին” և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարարական ծառայության ծառայողների` ծառայության հետ կապված եկամուտները 2013 թվականի հունվարի 1-ից ներառել եկամտահարկի համակարգում` ապահովելով հավասար հարկման դաշտ բոլորի համար: Գործող օրենսդրության համաձայն, վերոհիշյալ եկամուտները եկամտահարկով հարկման ենթակա չեն: